Հրատարակութիւն

PDF
Երեքշաբթի, 04 Մարտ 2014 18:05

Իրանահայ համայնքի մշակութային ամենախոշոր կենտրոններից մեկը նշում է իր հիմնադրման 70 ամյակը

Rate this item
(0 votes)

 

 

 

Իրանահայ համայնքի մշակութային ամենախոշոր կենտրոններից մեկը նշում է իր հիմնադրման 70 ամյակը

Իրանահայ համայնքի մարզական, մշակութային և կրթական կյանքի ամենախոշոր կենտրոններից մեկը 2014թ. նշում է իր հիմնադրման 70 ամյակը: Նրանք, ովքեր տեղյակ են Հայ Մշակութային Արարատ Կազմակերպության (ՀՄԱԿ) գործունեությունից, վստահաբար կարող են փաստել, որ մեծ է նրա ներդրումը հայապահպանության, ազգային դաստիարակության, հայ արվեստի ու այլ բնագավառների մեջ ակտիվ մասնակցության և դրա շնորհիվ սերունդներ կրթելու և դաստիարակելու ասպարեզում: Նրանցից շատերը այսօր ոչ միայն Իրանում, այլև Հայաստանում, հայկական սփյուռքի գաղթօջախներում` ԱՄՆ, Կանադա, շարունակում են մասնակցել տեղի համայնքի կազմավորման, մշակութային և կրթադաստիարակչական ասպարեզներում` օգտագործելով իրենց ավագ ուսուցիչներց փոխանցված փորձն ու հմտությունները: ՀՄԱԿ-ի կարևորագույն խնդիրներից մեկն էլ հայ երտասարդների մեջ սեր և հետաքրքրություն ներարկելն է ազգային ավանդույթների հանդեպ:

Մարտի 2-ին Երևանում Հայաստանում բնակվող մի խումբ արարատականների նախաձեռնությամբ նշվեց Բարեկենդանի տոնը, որով մեկնարկեց « Արարատ-70» խորագրով միջոցառումների հայաստանյան շարքը: Այն մեկ սրահում համատեղել էր կազմակերպության հին ու նոր սերնդի ներկայացուցիչներին` այս անգամ հայրենիքի սահմաններից մեջ: Կազմակերպիչ հանձնախմբի կազմում են Շուշանիկ Պետրոյանը, Լիլի Քոչարյանը, Նանիկ Մելքումյանը, Ժուանիտա Մուրադյանը, Անի Մանուկյանը, Ավիկ Մուրադյանը, Սերոժ Քեշիշյանը, Կամելիա Կարախանյանը և Արմինե Մանուկյանը: Նախքան խնջույքի գեղարվեստական մասը սկսելը` ողջույնի խոսքով հանդես եկան Ալֆրեդ Հավանը, Կամելիա Ղարախանյանը և Արմինե Մանուկյանը:

« Շատ ուրախ ենք բոլորիդ այսօր տեսնելու համար և շնորհակալ ենք, որ միացել եք մեզ` նշելու Թեհրանում հիմնադրված Հայ Մշակութային Արարատ Կազմակերպության հիմնադրման 70-ամյակի առիթով կազմակերպված այս ուրախ տոնը՝ Բարեկենդանը: Այն առիթ է ոչ միայն ներկայացնելու ՀՄԱԿ-ի գործունեությունը Հայաստանում, այլև վերակենդանացնելու այս ուրախ տոնակատարությունն ու նրա խորհուրդը հայրենիքում, որտեղ այն ինչ-որ չափով մոռացության է մատնված»:- նշեց Ա. Մանուկյանը, ապա անդրադարձավ « Արարատ-70» -ի ապագա միջոցառումներին՝ մանրամասն ներկայացնելով նրանց նպատակն ու ուղղվածությունը` հավելելով - « հույս ունենք, որ պատշաճ կերպով նշելով տարեդարձը մեր սիրելի կազմակերպության, որտեղ սովորել ենք հասարակական, հավաքական կյանք և տոգորվել հայրենասիրությամբ, ընկերությամբ, նախատեսված միջոցառումների շարքով մեր համեստ ներդրումը կունենանք հայրենաշինության և Հայաստանի ծաղկմանն ուղղված մեծ աշխատանքին »:

Բարեկենդանը հայ ժողովրդի հնագույն տոներից է և բնորոշվում է որպես հայկական ամենաուրախ, ամենաբարի, խրախճանքի, զվարճանքի ու ազատության տոն: Այն սովորաբար նշվում է Սուրբ Սարգսի տոնից մինչև Մեծ Պահքն ընկած ժամանակաշրջանը, իսկ Բուն Բարեկենդանը Մեծ Պահքին նախորդող կիրակին է: Եվ ինչպես ըստ ավանդույթի, խնջույքն ուղեկցվեց ավանդական երգ ու պարով, ժողովրդական խաղիկներով, տարբեր մրցումներով, կատակ-պարերգերով, վիճակահանությամբ և թատերախաղերով: Այս տոնը սովորաբար առանձնանում է առատ ուտելիքներով և ուրախ տրամադրությամբ, ուստի սեղանը ծանրաբեռնված էր համեղ ուտեստներով, որոնց մեջ իր յուրահատուկ տեղն էր զբաղեցրել ավանդական ղափաման, ապա, խնջույքի ավարտին` խաշած ձուն, որն ուտելով, ըստ ավանդույթի, փակում էին բերանը, որպեսզի Մեծ Պահքից հետո, նրանով էլ բացեն: Ներկաները կրում էին տարբեր տարազներ`որի շնորհիվ տոնը վերածվեց յուրօրինակ տարազահանդեսի` գեղջկական կերպարներից մինչև տանուտեր, հոգևորական, զիվոր, բարձրաշխարհիկ տիկնայք և այլն: Մրցույթներից մեկի արդյունքում ընտրվեցին լավագույն տարազներ հագած մասնակիցներ, ովքեր ստացան հատուկ նվերներ՝ Բարեկենդանի խորհրդանիշ համարվող յուղ ու բրնձի տոպրակներ: Ազգագրական երգով և պարերի շարանով միացավ նաև «Մասունք» համույթը, որոնց ներկայությունն ավելի ջերմացրեց մթնոլորտը: Կազմակերպիչները հյուրերին տրամադրում էին բուկլետներ, որոնց նպատակն էր ծանոթացնել ներկաներին ոչ միայն Բարեկենդանի տոնի խորհրդին, այլև ՀՄԱԿ-ի գործունեությանը, տարվա ընթացքում նախատեսված 70-ամյակին նվիրված միջոցառումներին. սրահում առանձին ներկայացված էին նաև կազմակերպության հրատարակությունները: Հյուրերի մեջ էին նաև Համահայկական ձմեռային խաղերի մասնակից ՀՄԱԿ-ի մարզիկները և Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի Հայաստանի ներկայացուցիչ լեռնադահուկորդ Սերեբրակյանը, որոնց ներկաները ջերմ ծափահարություններով ողջունեցին:

Մարտի 15-ին «Արարատ-70»-ի հանձնախմբի նախաձեռնությամբ կիրականացվի ծառատունկ «Զվարթնոց» պատմամշակութային թանգարան-արգելոցի տարածքում, որի շնորհիվ հայ մշակույթի հնագույն ու ամենաինքնատիպ արժեքներից մեկի՝ Զվարթնոցի տաճարի անբերակարգ ու անխնամ վիճակում գտնվող մոտ 2 հազար քառ. մետր տարածքով հողամասում կտնկվեն պտղատու և մշտադալար ծառեր: Միջոցառումների շրջանակներում նախատեսված են նաև այցելություն մտավորական, գրող և ՀՄԱԿ-ի հիմնադիրներից Հակոբ Կարապենցի անվան դպրոց, հուլիսի 4-ին Հայաստանում ապրող միութենականները կնշեն միության հիմնադրման օրը, իսկ սեպտեմբերին տեղի կունենա ավտոարշավ, որի ճանապարհը Թեհրանի ՀՄԱԿ-ից կսկսվի, ապա Սյունիքով մինչև Արցախ՝ Շուշի: Ավտոարշավի մասնակիցները ճանապարհին կանգ կառնեն մի շարք գյուղերում՝ նվիրելով գրենական պիտույքներ և մարզական իրեր, կայցելեն մշակութային տեսարժան վայրեր:

Բարի երթ և հաջողություն մաղթենք այս կարևոր նախաձեռնությանը, որը մեկ անգամ ևս փաստում է, որ հեռավոր ափերում հիմնադրված և ազգային ինքնությունը պահպանելու գաղափարախոսությամբ ստեղծված այս հրաշալի միությունը շարունակում է իր հայրենանվեր գործը մինչ օրս՝ այն ծառայեցնելով ոչ միայն իրանահայ համայնքի, այլև հայրենիքի համար:

 

 

slaq.am -ից 

 

Last modified on Չորեքշաբթի, 05 Մարտ 2014 09:52