Հրատարակութիւն

PDF
Կիրակի, 13 Հուլիս 2014 13:30
Rate this item
(0 votes)

           Հարցազրոյց՝ Հայաստանի Գեղագիտական ազգային կենտրոնի (ԳԱԿ) արւեստագէտ Սոնիա Բանոյեանի հետ

          Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Արւեստից միութեան «Արւեստի դպրոց»-ի նախաձեռնութեամբ թւականիս յունիսի 14-27-ը հիւրընկալւեց Հայաստանի Գեղագիտական ազգային կենտրոնի (ԳԱԿ) արւեստագէտ Սոնիա Բանոյեանը՝ դասաւանդելու «Բատիկ»-ի (կտորի վրայ նկարչութեան ձեւ) դասարաններում 7-ից վեր երեխաների եւ մեծահասակների համար: Նրան ընկերակցում էր «Արւեստի դպրոց»-ի նկարչութեան դասատու Արմինէ Վարդանեանը, որի ներդրումն այս աշխատանքում թէ՛ կազմակերպչական, եւ թէ՛ ղեկավարման առումով ակնյայտ է:
Սոնիա Բանոյեանը աւարտել է Փ. Թերլեմեզեանի անւան արւեստի ուսումնարանը: 1996 թ. Բուդապեշտում Սոնիան մասնակցել է «Տեքստիլային տեխնոլոգիաներ եւ վերականգնում» միջազգային դասընթացների: Նրա աշխատանքները ցուցադրւել են Ժամանակակից արւեստի թանգարանում Երեւանում, ՀՀ մշակոյթի նախարարութեան, Ռուսաստանի մշակոյթի նախարարութեան արւեստի եւ Նկարիչների միութեան հիմնադրամներում եւ ինչու չէ նրա անհատական աշխատանքները ցուցադրւել են նաեւ բազմաթիւ երկրներում:
Հանրութեան հետ կապի գրասենեակը նրա հետ հարցազրոյց ունենալու նպատակով՝ յունիսի 29-ին հրաւիրել էր Սոնիա Բանոյեանին եւ Արմինէ Վարդանեանին:

 

Հ.- Նախեւառաջ ուզում եմ Թեհրանի Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան անունից Ձեզ բարի գալուստ մաղթել: Յուսով եմ, որ այս ընթացքում ծանօթացել էք իրանահայ համայնքի աշխատանքներին եւ լաւ ժամանակ էք անցկացրել Թեհրանում: Խնդրեմ ներկայացրէք Ձեզ:
Պ.- Դժւար է ներկայացնեմ ինքս ինձ: Բաւականին երկար տարիներ է, որ աշխատում եմ Ազգային գեղագիտական կենտրոնում: Ես անհատ նկարիչ եմ, որ միշտ ներկայանում եմ տարբեր ցուցահանդէսների եւ զուգահեռ մանկավարժութեան հետ՝ աշխատում եմ երեխաների հետ, նաեւ երեխաների աշխատանքով մասնակցում եմ ցուցահանդէսների:


Հ.- Ի՞նչ պատմութիւն է ունեցել «Բատիկ» ոճը՝ Հայաստանում:
Պ.- Այս վերջին 20 տարւայ ընթացքում աւելի շատ ուշադրութիւն դարձւեց «Բատիկ»-ին, բայց ես շատ չեմ ողջունում, որովհետեւ սխալ ընկալելով այս հեշտութիւնը, յանգում է ոչ թէ նկարչութիւնից, այլ մի տեսակ թոյլ շուկայ է առաջացնում:


Հ.- Դասընթացները ի՞նչ զարգացում կարող են ունենալ այստեղի երեխաների համար եւ ընդհանուր ի՞նչ ներդրում կարող են ունենալ հայկական նկարչութեան մէջ:
Պ.- Բնականաբար, սա պահանջում է արւեստագէտի հսկողութիւն: «Բատիկ»-ը այն արւեստն է, որ եթէ չի հսկւում մասնագէտի կողմից, շատ հասարակ բնոյթ է ստանում, իսկ եթէ հսկողութեամբ կատարւի աշխատանքը, բոլոր արւեստների նման կարող է ունենալ գրաւիչ նիւթ, եթէ ռչ աւելին, լաւ ստացւելու կողքին ու լաւ սովորելու դէպքում կարող է նաեւ բուժիչ լինել, լիցքաւորել եւ պոզիտիւ էներգիա փոխանցել:


Հ.- Ի՞նչ մակարդակում է գտնւում «Բատիկ» ոճը՝ Հայաստանում:
Պ.- «Բատիկ»-ը ծագումով տաք երկրներից եկած արւեստ է, որտեղ այդ երկրները այսօր կարծես թէ մնացել են սահմանափակ եւ հին աւանդական կոմպոզիցիոնով, իսկ Եւրոպան, այս արւեստը վերցնելով ոչ միայն որպէս արւեստ կարող է ներկայացնել ի տարբերութիւն տաք երկրների, այլեւ կարողանում է աճեցնել իր տեխնիկական հնարաւորութիւններով՝ ու նորովի մեթոդներ ուսումնասիրելով հեշտացնում ու մատչելի է դարձնում այս արւեստը: «Բատիկ»-ը ունի բազմաթիւ շերտեր ու շատ նուրբ է, եւ կարող է որպէս իւրովի արեւեստ ներկայանալ:


Հ.- Ինչպէ՞ս էք գնահատում այստեղի երեխաների կարողականութիւնը:
Պ.- Ինձ շատ դուր եկաւ իրենց նկարչական կարողութիւնը: Իրենք պէտք է առաջին անգամ փորձելով՝ հասկանան, որ լաւ է ստացւում իրենց աշխատանքը, որպէսզի չհիասթափւեն: «Բատիկ»-ը փոքր երեխաներին չեն սովորեցնում, այլ ծանօթացնում են, որպէսզի հետագայում բացայայտւի նրանց տաղանդն ու ժամանակի ընթացքում ստեղծեն իրենց ոճը:
Մենք այս ընթացքում աշխատեցինք երեխաների հետ, ինձ շատ կարեւոր էր, թէ նրանք ինչ կոմպոզիցիա կը կատարեն: Մենք առաջադրանք ներկայացրինք երեխաներին ու իրենք շատ հետաքրքիր գծով հասունացրին եւ գունաւորեցին: Ես իսկապէս կարող եմ ասել՝ հիացած եմ իրենց ներքին տաղանդի ու շնորհքի հնարաւորութեամբ, ինչը տեսնելու ենք առաջիկայ ցուցահանդէսի ընթացքում:


Հ.- Ինչպէս որ ասւեց Ձեր խօսքերում, կայանալու է «Բատիկ»-ի ցուցահանդէս, ինչպէ՞ս էք գնահատում այս ցուցահանդէսը:
Պ.- Սա ինձ համար իսկապէս յայտնութիւն է, որովհետեւ մենք այս կարճ ժամանակում այսպիսի յաջող արդիւնք ենք ունեցել: Այս ցուցահանդէսի նկարչութիւնների թեման այնպիսի առաջադրանք է, որ աւելի սովորեցնող է, երեխաների ստեղծագործական հնարաւորնութիւնները բացող առաջադրանք է: Իրենք շատ լաւ կատարեցին այս առաջադրանքը ու ես կրկին ասում են հիացած եմ ու դուք կը տեսնեք ցուցահանդէսում ու կը տպաւորւէք (Ցուցահանդէսը կայացել է յուլիսի 1-ին):


Հ.- Ի՞նչ առաջարկներ ունէք «Արւեստի դպրոց»-ի աշխատանքների է՛լ աւելի զարգացման ուղղութեամբ:
Պ.- Դուք շատ մեծ տարածքներ ունէք եւ կարող էք կազմակերպել բաժիններ, դրա կողքին նաեւ ստեղծել ֆոնդ: Օրինակ՝ մեզ մօտ լաւ աշխատանքը չի տրւում երեխային, լաւ աշխատանքը պահւում է որպէս ֆոնդ, որ որեւէ միջոցառում կամ ցուցահանդէս լինելու դէպքում՝ ֆոնդը ծառայի, որպէս արխիւային պատմութիւն: Այդ դէպքում լաւագոյնները կարող ենք ներկայացնել: Դա կարող է նաեւ լաւ տպաւորութիւն թողնել երեխայի մօտ եւ նա ընկալելով, որ եթէ իր աշխատանքը պահւում է արխիւում, ուրեմն՝ լաւ աշխատանք է կատարել:


Հ.- Ձեր տպաւորութիւնը իրանահայ համայնքի, մասնաւորապէս թեհրանահայ համայնքի ու «Արարատ» կազմակերպութեան մասին ի՞նչ է:
Պ.- Այնքան ազգանւէր աշխատանք է տարւում ողջ կոլեկտիւի կողմից եւ նոր չի, որ պիտի ասեմ ու տպաւորւած եմ, որ այսքան ներքին հայրենասիրութիւն կայ: Կան, իհարկէ, քննադատութիւններ, բայց դա կողքից նայողի համար է կարծես թէ, դուք տեղաւորւում էք ձեր խնդիրների ու հնարաւորութիւնների մէջ: Ես կը ցանկանայի, որ աւելի շատ մրցութիւնների մասնակցէին այս երեխաներն ու համեմատականները շատ լինէին: Իրենք պիտի ստեղծեն իրանահայ արւեստը, ոչ թէ սահմանափակւեն միայն զուտ հայկական արւեստով: Ողջունում ու գնահատում եմ Ձեր աշխատանքը եւ խոնարհւում եմ, որ կարողանում էք այսքան նւիրեալ աշխատանք տանել:

Հ. Մ. «Արարատ» Կ.