Հրատարակութիւն

PDF
Կիրակի, 08 Հունիս 2014 19:33
Rate this item
(0 votes)

   Կիրակի, թւականիս մայիսի 12-ին, առիթ ունեցանք հարցազրոյց ունենալ Մարզական միութեան տղայոց բասկետբոլի խմբի գլխաւոր մարզիչ պրն. Ղանբարիի հետ: Յիշեալը բացատրեց, որ «Արարատ»-ի տղայոց բասկետբոլի խումբը այս տարի ամիսներ շարունակաբար մասնակցեց Թեհրանի բասկետբոլի առաջին կարգի ակումբային մրցութիւններին՝ 16 տարբեր թիմերի հետ, որը բաժանւած էր երկու խմբերի: Իւրաքանչիւր խմբին մասնակցում էին ութ թիմեր:

   «Արարատ»-ի տղայոց խումբը առաջին խմբի մէջ էր ներառւում: Նախնական մրցոյթներում «Արարատ»-ի տղայոց խումբը կարողացաւ գրաւել երրորդ տեղը եւ անցաւ առաջին փլէյ աֆ փուլին: Այս փուլը յաղթահարելու համար՝ թիմը պիտի ունենար առնւազն երկու յաղթանակ: «Արարատ»-ը երեք անգամ խաղացել է «Գազ» խմբի հետ, առաջին ու երրորդ խաղերը յաղթել է իսկ երկրորդը պարտւել է:

   Կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում «Արարատ»-ը մրցեց «Շիմի դոռ Սալաֆ»-ի հետ: Ըստ մարզչի՝ այս թիմը պատրաստւած ու ուժեղ թիմ է, որը խաղում է Իրանի առաջին լիգայում: Նաեւ այն, որ այս ընթացքում որոշ խնդիրների պատճառով՝ չենք յաջողել կանոնաւոր պարբերական փորձեր ունենալ ու նաեւ մի քանի մարզիկների վնասւածքների պատճառով՝ չենք կարողացել ամբողջական կազմով հանդէս գալ:

   Ցաւօք՝ «Արարատ»-ը պարտւեց ու այսպիսով՝ չկարողացաւ անցնել եզրափակիչ փուլ ու չընդգրկւեց չորս թիմերի կազմում:


   Մարզիչը իր խօսքերում մատնանշեց, որ՝ «Արարատ»-ը բաւական դժւար խմբում էր յայտնւել: Բացի այդ՝ թիմը որոշ խնդիրներ ունի՝ տղաների կարճահասակ լինելու պատճառով: Կարելի է «Արարատ»-ի թիմի անդամներին բաժանել երկու բաժնի՝ առաջին խմբում ունենք երիտասարդ մարզիկներ, որոնք չունեն բաւարար փորձառութիւն, իսկ երկրորդ խմբում՝ աւելի բարձր տարիքով մարզիկներ, որոնց պատրաստակամութիւնն է նւազում:

   Դա լուրջ խնդիր է, որ պիտի քննարկել «Արարատ»-ի բասկետբոլի կազմի հետ եւ ելքեր գտնել: Հարկաւոր է սկսել նոր փորձեր, որպէսզի «Արարատ»-ը հասնի իր բարձունքին: Անշուշտ, թիմի մարզիկները ոչ մի ջանք չեն խնայել լաւագոյն խաղեր ներկայացնելու առումով: Յուսանք՝ կանոնաւոր փորձերի շնորհիւ՝ առաջիկայ մրցոյթներին տեսնենք թիմի նւաճումը՝ բարձրագոյն լիգաներ: