Հրատարակութիւն

PDF

Ասուլիս Արարատի ֆուտբոլի Կրտսեր խմբի գլխաւոր մարզիչ` պրն. Նորիս Բաղերի հետ

Rate this item
(0 votes)

Չորեքշաբթի յունիսի 21, 2017 թւականի երեկոյեան Հանրութեան հետ կապի հիւրն էր Արարատի ֆուտբոլի Կրտսեր խմբի գլխաւոր մարզիչ` պրն. Նորիս Բաղերին, որի հետ մեր ֆուտբոլի կեանքի մասին ասուլիս ունեցանք:

 

-Խնդրեմ ներկայացրէք Ձեզ և ձեր գործունէութիւնը այս ասպարէզում:

Նորիս Բաղերին եմ 36 տարեկան: Շուրջ 25 տարի է, որ Արարատի ֆուտբոլով եմ զբաղւած թէ որպէս խաղացող և թէ վերջին 8 տարում որպէս մարզիչ: Այս 8 տարւայ մէջ ստացել եմ Ասիայի Քոնֆեդերացիայից 3 վկայագրեր` D, C և B մակարդակներում, վերջին վկայագիրը շատ արժէքաւոր եմ համարում դա ստացել եմ 2014 թւականին և դասարանի լաւագոյններից եմ ճանաչւել ու թոյլտւութիւն եմ ստացել անմիջապէս ստանալու A վկայագիրը, սակայն Իրանում դասարանների կայացման ժամկէտը սահմանափակ է, ուստի սպասում եմ դասարանի կայացմանը:

Ես պատանի տարիքից Արարատում եմ խաղացել և ցանկանում եմ աշխատանքս շարունակել Արարատում:

Ժամանակին, երկրի երիտասարդական ազգային հաւաքականին հրաւիրւեցի, սակայն մարմնական վնասւածքի պատճառով չմասնակցեցի:

-Ո՞վ է եղել ձեր առաջին մարզիչը:

Իմ առաջին մարզիչը եղել է պրն. Ռաֆիկ Աղաջանեանը, ես պարծենում եմ որ ներկայիս իմ մարզչի կողքին եմ աշխատում, նա Արարատի Պատանեկան խմբի գլխաւոր մարզիչն է և ես իր օգնականը, բացի այդ ինչպէս նշեցի ես Կրտսերների գլխաւոր մարզիչն եմ ու իմ օգնականը պրն. Լևիկ Մաթուսեանն է:

-Բացատրէք այս խմբերի մասին:

Պէտք է նշեմ որ վերջին  8 տարիներում այս 2 խմբերը՝ Կրտսեր և Պատանեկան ունեցել են հետևեալ ձեռքբերումները՝ 2 ախոյեանական ու 1 փոխ ախոյեանական մրցանակներ, առաջինը 2011-ին Պատանեկան խումբը ախոյեան ճանաչւեց և անցեալ տարի՝ 2016-ին Կրտսերների խումբը առաջին հանդիսացաւ, և նոյն տարում Պատանեկան խումբը փոխ ախոյեան ճանաչւեց բոլորը հիւսիս արևելեան շրջանում:

-Ո՞ր թւականին է կազմւել Արարատ «ֆուտբոլի դպրոց»-ը:

Արդէն 7-ից 8 տարի է ինչ խմբերը դպրոցի սիստեմով են աշխատում և վերջին 3 տարիներում որ ես կրտսերների գլխաւոր մարզիչն եմ, փորձել ենք աւելի շատ կենտրոնանալ դպրոց հասկացութեան վրայ, կենտրոնացել ենք աւելի փոքր տարիքի երեխաների վրայ և առանց որևէ նկատառումի ենք արձանագրում: Կրտսերների միջից ընտրում ենք աւելի որակեալ խաղացողներ, մրցումներում մասնակցելու համար: Խումբը ներկայիս 60 հոգի է որից 25-ը մրցումներին մասնակցելու մակարդակի են հասել, Ամռան մէջ իհարկէ թիւը հասնում է 80-ի, այս տարի ֆուտբոլի դպրոցը ընդունում է 6 տարեկանից աշակերտներ և բաժանումները լինելու է 6-ից 8, 8-ից 10 և 10-ից 12 տարիքային բաժանումով: Ընտրւած 25 հոգու փորձերի ժամերը նոյնը չէ:

Խմբերի թւային պատկերը հետևեալն է՝

Պատանեկան խումբը 26 հոգով է փորձում և բոլորն էլ կրտսեր խմբից են բարձրացել:

Մեր երիտասարդական խումբը 16 հոգի են, Օմիդ խումբը կազմւած է Երիտասարդական խմբից բարձրացած տղաներից և Թիւ 1 խումբը ունի 25 խաղացող:

Այս տարի ուրախ ենք որ բոլոր խմբերի դարպասապահները մարզւում են յատուկ մարզչի միջոցով:

-Ձեր ապագայ ծրագրերից ասէք:

Մեր Կրտսերների ու Պատանիների խմբերի մրցումները յառաջիկայ ամսում սկսւելու է «Հիւսիս արեւելեան բաժնի Ա կարգի լիգի մրցումներ» անունով սկսեալ յուլիսի 2 ից:

-Յաճախ ընկերական խաղեր էք կազմակերպում և դրանով տղաները մեծ փորձառութիւն են կուտակում:

Այո, շատ յաճախ ենք կազմակերպում թէ Կրտսերների և թէ Պատանիների համար և երեխաները այդ ընկերական խաղերին շատ լուրջ են վերաբերւում լինում են ընկերական խաղեր որտեղ դիմացի խմբի խաղացողների տարիքները համապատասխան չեն լինում  սակայն մենք առանց դժգոհելու խաղում ենք քանի որ շատ պէտք են նման խաղերը մեր տղաների համար:

-Ձեր խմբերի փորձերը շաբաթը քանի օր է՞:

3 օր կրտսերների և 3 օր Պատանիների համար փորձ է նախատեսւած,զոյգ օրերը 4 ից 7 իսկ կենտ օրերը ժամը 3 ից 6:30: Կենտ օրերը երկու պահ է փորձ կատարւում, առաջին պահը ընդհանուր փորձ է և երկրորդը կրտսերների մրցմանը մասնակիցներն են փորձում:

-Հետաքրքիր է թէ փոքրերի խմբից ի՞նչ թիւ է պակսում տարւայ մէջ ,աւելի շուտ փոքրերից ի՞նչ տոկոսն են մնում խմբի մէջ:

Այն օրւանից որ ես մարզիչ եմ նշանակւել երկու պահ ենք կատարում փորձերը որպէսզի կրտսերները թէ տարիքի և թէ որակի բերումով իրենց համահաւասարների հետ փորձ կատարեն և դա իսկապէս թւի պակսելու առաջը  առել է և մենք ինչպէս որ մեծ թւով էինք սկսել, պահել ենք այդ թիւը և հանգիստ մտքով վերին խմբերին կարողանում ենք մարդուժ տրամադրել, գարնանը մենք կրտսեր դիմողներ շատ ենք ունենում այնպէս որ դեռ մի մասին պահել ենք ռեզերւների մէջ:

-Ինչքան որ մենք նկատել և խօսել ենք մարզիկների հետ նկատելի է որ երեխաները շատ  մեծ սիրով են մասնակցում և որևէ ճնշում ոչ ֆիզիկապէս և ոչ հոգեպէս իրենց վրայ չի բարդւում կարելի է  բացադրէք թէ ինչպէս էք դա կատարում:

Այո մենք երկու շաբաթը մէկ փորձի սկզբում երկար զրոյց ենք վարում դաստիարակչական բնոյթ կրող նիւթերով՝  մարդկային,ընկերային  և կարգապահական թեմաներով ,մենք գիտենք որ երբ հոգեպէս կրթում ենք ու զարգացնում ենք մեր անհատին աւելի կը արդիւնաւորւի նաև նրա տեկնիկ որակը նա աւելի սէրով կը լսի մեր յորդորները և նկատողութիւնները:

-Խմբերի մէջ ի մասնաւորի Կրտսերների,  արդեօք ֆիզիկապէս դժւարութիւն ունեցող երեխաներ ունէ՞ք

Այո ունեցել ենք և ունենք և որևէ սահմանափակում այդ հարցում նկատի չենք ունենում, ցանկացած հայորդի թէ՛ մտային և թէ՛ ֆիզիքական որևէ կարողութեամբ կարող է մասնակից լինել մեր Կրտսերների խմբերին:

-Պրն. Նորիս դուք թէպետ բաւականաչափ կարգապահական խստութիւններ ունէք սակայն նկատելի է որ երեխաները ձեզ շատ են սիրում:

Այո, ես բարկանում եմ և նաև շատ խիստ եմ ու միաժամանակ տղաներին հասկանալով եմ վարում աշխատանքը:

-Այս տարիքում հնարաւոր է՞ մեր մարզիկների ուտելիքը հսկել:

Մենք ուսուցանում ենք ընդհանրապէս ճիշտ սնւելու ձևը բայց այս տարիքում դեռ չի լինում հստակ ֆորմուլ ներկայացնել:

-Նկատելի է որ երկար ժամանակ է ինչ ծնողների հետ ժողովի կարգով հանդիպում չէք կազմակերպել արդեօ՞ք դրա պահանջը չկայ:

Ճիշտ է, լաւ է որ ծնողները մի շարք մանրամասնութիւններից տեղեակ լինեն ընդհանուր հանդիպման միջոցով, հնարաւոր է որ դա շուտով կը կազմակերպի յանձնախումբը, ճիշտ է որ մենք այդ միջոցով կապ չենք հաստատում բայց բոլոր ծնողների հետ մի առ մի հարկ եղած պարագային կապի մէջ ենք և միշտ լսող ականջ ունենք, ծնողները մեզ միշտ կարող են գտնել մեր հեռախօսներով կամ մարզաւանում:

-Արդեօք բանակումներ տարել էք:

7 տարւայ մէջ երկու անգամ բանակում ունեցել ենք մէկ անգամ Իսպահան և միւսը Հայկաշէն և այս տարւայ համար էլ մի օրեայ արշաւներ և բանակումներ ենք ծրագրել մարզաւանում որը արդեն շուտով կսկսի:

-Ի՞նչ դժւարութիւններ կայ այս ասպարէզում

Առաջին և մեծ դժւարութիւնը մեր կրտսեր ֆուտբոլիստների ճամբորդութիւններն են ամռան սեզոնում և դա մեր մրցումների համար մեծ դժւարութիւն է առաջացնում ,միւս դժւարութիւնը  այն է որ 3 ից 4 ամիս երբ մարգագետնի հիմքն է պատրաստւում մենք պարտաւորւած պէտք է փորձերը կատարենք արհեստական գետնում և երբ բնական մարգագետինը պատրաստւում է  խաղալու համար, միայն ծառայում է 3 ամիս ու դրանից յետոյ դարձեալ հիմքը խնդիրներ է գտնում ու ընդհանրապէս մարգագետինների ներքևի բաժինը, այսինքը՝ հիմքը հիմնովին նորոգելու կամ պատրաստելու համար մեծ ծախսեր է պահանջւում:

-Խմբերը  արդեօ՞ք մնայուն բժիշկ  կամ մարմնամարզող կամ ֆիզեօթէրափիստ ունեն:

Ոչ, այդ մասնագէտներին  չունենք մեր կողքին դա մեծածախս ծրագիր է իհարկէ 2 տարի է որ ֆիզեօթէրափիի մի հստակ տեղ ենք ներկայացնում երեխաներին, հարկ եղած պարագային, սակայն մնայուն բժիշկ խմբերի մօտ չունենք,մարզիչներս մեր լրիւ ջանքը թափում ենք որ մարզումները ճիշտ ձևով կատարւեն որպէսզի վնասներ չառաջանայ բայց դա գիտէք որ նման մարզաձևում անխուսափելի է:

-Մարզիչների օգնական և յանձնախմբի հանդիպումները ինչպէս է արդեօ՞ք կանոնաւոր են կատարւում:

Այո երկու ամիսը մէկ, մենք մարզիչ և օգնականներս և յանձնախումբը՝ ընկերներ Դարւին Աւագեանը,Մայիս Մինասեանը,Սերժիկ Մկրտչեանը,Վահէ Յովհաննիսեանը և Կենտրոնական Վարչութեան կապ, ընկեր Արբի Սարգսեանը պաշտօնական հանդիպում ենք ունենում որտեղ քննարկւում են անցեալի ծրագրերը և խօսւում է ապագայի ծրագրաւորումների շուրջ:

-Աւելացնելիքներ կա՞ն:

Ես կսիրեմ որ մեր բոլորիս նայւածքը աւելի մասնագիտացւած լինի այս ասպարէզում, յանձնախումբը գոնէ 5 տարւայ համար մնայուն լինի որպէսզի կարողանայ երկարատև ծրագիր մշակել, աշխարհում ոչ մի տեղ մարզանքի ասպարէզում կարճատև ծրագրեր չեն մշակւում ու չեն գործադրւում և մենք էլ պէտք է այդպէս դասաւորենք մեր ծրագրաւորումը :

-Ի՞նչ կուզեք աւելացնէք:

Շնորհակալ եմ յանձնախմբից և ի մասնաւորի շնորհակալ եմ Կենտրոնական Վարչութիւնից, որ շատ դիւրին է կազմակերպել նիւթականի հարցերը ու շատ ճիշտ է ծախսւում և պէտք է վկայեմ որ շատ լաւ է ծախսւում, մեր Թիւ 1 խումբի համար, որ Ասիավիժն են խաղում և իրենց ծախսերը Կենտրոնական Վարչութիւնը հոգում է պէտք է վկայել որ ոչ մի տեղ և ոչ մի խմբերում այդպէս չի ծախսւում, շնորհակալ եմ նախկին յանձնախմբերին նախկին մարզիչներին որոնք իսկապէս ոչ մի ջանք չեն խնայել ու նեղութիւն են քաշել և մեզ են յանձնել այս կազմակերպւած դրւածքը և յուսամ մենք էլ նոյնպէս կը յանձնենք մեր ապագայ սերունդներին մեր թիմերը:

Շնորհակալ եմ Հանրութեան հետ կապին որ այս առիթը տւեց ինձ ու նաև շնորհակալ եմ որ համարեայ ամէն օր մեզ հետ կապ հաստատելով և լուրերի և լուսանկարների և մրցումների ու ինչու չէ ընկերական մրցումների լուրերը փորձում է ժամանակին ստանալ ու դրսեւորել պաշտօնական կայքէջներով :

Հ.Հ.կապ

Մենք էլ ենք շնորհակալ ձեզանից որ ձեր ժամը տրամադրել էք մեզ, շնորհակալ ենք բոլոր մարզիչներին ,օգնականներին և յանձնախմբին որոնք ոչ մի ջանք չեն խնայում նպատակասլաց ծրագրաւորմամբ «Արարատ»-ի  ֆուտբոլը հասցնելու իր արժանի տեղին:

Թղթակցութիւնը վարեց Հանրութեան հետ կապը

Հ.Մ.«Արարատ»կ.

 

Լուսանկարներ