Հրատարակութիւն

PDF
Երկուշաբթի, 10 Նոյեմբեր 2014 12:40

70-ամեայ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան պատմութեան հետքերով

Rate this item
(0 votes)

35-րդ նստաշրջան

1999 թ. յունւարի - 2000 թ. դեկտեմբերի


* 18-րդ Պատգ. ժողովի որոշումներից յատկանշական է՝
Նկատի ունենալով Կազմակերպութեան գործունէութեան զանազան բնագաւառներում գոյութիւն ունեցող նիւթական դժւարութիւնները եւ երկրում տիրող տնտեսական ծանր պայմանները եւ ապագայի համար ոչ նպաստաւոր հեռանկարը եւ ի հետեւանք դրան նաեւ մեր ժողովրդի ներդրումների եւ կարողականութեան նւազումը, կազմակերպութիւնը այլեւս հնարաւորութիւն չունի մինչ այժմ կիրառւած ձեւերով եւ իր միջոցներով հոգալ ներկայի գոյութիւն ունեցող ֆուտբոլի թիւ 1 արհեստավարժ խմբի օրըստօրէ աճ արձանագրող ծախսերը, որը արդէն իսկ Կազմակերպութեանը կանգնեցնում է նիւթական հսկայ յանձնառութեան դիմաց: Ուստի պետական շրջանակներից, այլ կազմակերպութիւններից կամ հաստատութիւններից յիշեալ խմբի համար նախատեսւած գումարը (1378 թւին 550,000,000 ռ., եւ 1379-ին 700,000,000 ռ.) չհայթայթւելու պարագայում, Պատգամաւորական ժողովը հաստատում է, որ Կազմակերպութիւնը իր կամքից եւ ցանկութիւնից անկախ, պարտաւոր է ֆուտբոլի (1378 թ.) նոր տարեշրջանից դադարեցնել վերոյիշեալ խմբի աշխատանքները, յանձնարարելով նորընտիր Կենտրոնական վարչութեանը մշակել բացատրականներ ներքին եւ արտաքին ճակատներում սահմանափակելու համար այն դժւարութիւնները եւ հակադրութիւնները, որոնք կարող են առաջանալ սոյն որոշման հետեւանքով:
- Հայաստան ներգաղթած միութենական ընկերները համարւում են Կազմակերպութեան անդամ եւ պահւում է նրանց անդամակցութեան ցենզը:

141110d01a

* Թ. Հ. Թ.-ի բարեխնամ առաջնորդ Տ. Արտակ արք. Մանուկեանի վախճանման գոյժը լսելով, Կենտրոնական վարչութեան որոշումով ի յարգանս հանգուցեալ առաջնորդի, 1999 թ.-ի հոկտ. 13-ից 20-ը դադարեցւեց Կազմակերպութեան բոլոր աշխատանքները:
* 2000 թւականին իր աշխատանքն սկսեց Հ.Մ.Ա.Կ.-ի կայքէջը:
* Դաստիարակչական խորհրդի միջոցով պատրաստւեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եւ Տրդատ թագաւորի կեանքից մի վիդէօ երիզ մանուկների համար:

141110d01b

* Վերադասաւորւեց արխիւային բաժինը, որտեղ գնահատելի աշխատանք էր կատարել Շահէն Պետրոսեանը:
* Արւեստից միութեան վարչութիւնը կեանքի է կոչել Միաւորի վարիչ մարմինը, որը կիսաարհեստավարժ հիմունքներով իր գործունէութիւնը ծաւալել է հինգ ասպարէզներում աշխատող դասարաններով՝ երգչախմբեր, պար, թատրոն, նկարչութիւն եւ կաւագործութիւն:
Երաժշտական դպրոց հիմնելու մտադրութեամբ Հայաստանից Թեհրան է հրաւիրւել Ժիրայր Ալթունեանը, որի աշխատանքի արդիւնքում՝ «Արարատ» երգչախմբի համերգը տեղի ունեցաւ 1999 թւականի փետրւարին, «Կոմիտաս» սրահում, սակայն երաժշտական դպրոց հիմնելու միտքը չիրականացաւ:
2000 թւականին տեղի է ունեցել «Արարատ» պարարւեստի դպրոցի տարեկան ելոյթը՝ Հայաստանից հրաւիրւած պարուսոյց՝ Ժոռա Դիլանեանի ղեկավարութեամբ: «Շանթ» ու «Շանթիկ» թատերախմբերը Ռ. Մ. Պետրոսեանի ղեկավարութեամբ բեմադրել են «Նախշուն զոքանչներ»-ը, տեղի են ունեցել «Արփա» եւ «Ծիծեռնակ» երգչախմբերի ելոյթները՝ Ռազմիկ Օհանեանի եւ «Սասունիկ» երգչախմբի ելոյթը՝ Արփինէ Յարութիւնեանի ղեկավարութեամբ:

141110d01c

* Արւեստից միութեան հրաւէրով, Հայաստանի բազմաթիւ խմբեր եւ արւեստագէտներ ելոյթ են ունեցել «Արարատ»-ի յարկի տակ, որոնցից յիշատակելի են անւանի դաշնակահար՝ Արմէն Բաբախանեանի դաշնամուրի, ասմունքող՝ Սւետլանա Խանումեանի ասմունքի երեկոն, «Վանայ լիճ» փոփ խմբի ելոյթը, Ռուսաստանի երգեհոնահարների միջազգային մրցոյթի դիպլոմանտ՝ Մարիանա Աբրահամեան Սպարէի երգեհոնի եւ դաշնամուրի մենակատարումը, Հայաստանի շնորհաշատ պատանի տաղանդաւորների ելոյթները՝ «Նիաւարան» համալիրում եւ «Կոմիտաս» սրահում, Հայաստանի 181 հոգուց կազմւած ֆիլհարմոնիկ նւագախումբ-երգչախմբի ելոյթը ղեկավարութեամբ՝ Լորիս Ճգնաւորեանի, մարզաւանում (խումբը Թեհրան էր հրաւիրւել Իրանի երաժշտական կենտրոնի հրաւէրով) եւ երգչուհի Նունէ Եսայեանի համերգը՝ մարզաւանում:

141110d01d

* Արւեստից միութեան ներքին ուժերով կազմակերպւած ծրագրերից են՝ իրանահայ արւեստագէտներ՝ Խաչիկ եւ Զարմիկ Բաբայեանների ջութակի եւ դաշնամուրի ելոյթը, «Թակարդ» բեմադրութիւնը բեմադրութեամբ Գաբրիէլ Թիքիդճեանի, 24 իրանահայ նկարիչների ցուցահանդէսը, «Լուռ վկաներ» ծրագիրը նւիրւած Մեծ Եղեռնի 85-ամեակին, Արամայիս Աղամալեանի մահւան 15-ամեակին նւիրւած ձեռնարկ, որտեղ բեմադրւել է «Հին Աստւածներ»-ը բեմադրութեամբ՝ Կիտուշ Արզուեանի:
* Ամռան ընթացքում կազմակերպւել են դասընթացներ՝ 6-ից 16-տարեկան երեխանների համար Հայաստանից հրաւիրւած մասնագէտ ուսուցիչների միջոցով երեք ասպարէզում՝ թատրոն, տիկնիկային արւեստ եւ ժուռնալիզմ:

141110d01e

* 2000 թւականին Մարզական միութեան հրաւէրով, Հայաստանից Թեհրան է ժամանել շախմատի վաստակաւոր վարպետ պրն. Մելիքսէթ Խազեանը, որը կազմակերպել է դասընթացներ նոյն ասպարէզում:
* 1999 թւականին տեղի ունեցաւ Առաջին Համաշխարհային Համահայկական խաղերը՝ Հայաստանում, որին իր մասնակցութիւնն ունեցաւ Թեհրանը. պէտք է նշել, որ խմբի մեծ մասը կազմում էին Հ.Մ.Ա.Կ.-ի մարզիկ-մարզուհիները, որոնք փայլուն յաջողութիւններ արձանագրեցին:

141110d01ea

* 2000 թւականին, Էդւարդ Մանգասարեանը մասնակցելով Հայաստանի թեթեւ ատլետի առաջնութեան մրցութիւններին՝ գրաւեց առաջին տեղը:
* Դարավերջի 1999 թւականը յոբելեանական նշանակութիւն ունեցաւ կազմակերպութեան համար՝ նախ Հ.Մ.Ա.Կ.-ի հիմնադրման 55-րդ տարեդարձի եւ ապա «Արարատ» մարզաւանի կառուցման աւարտի եւ շահագործման 25-ամեակի առումներով: Տօնակատարութիւնը տեղի ունեցաւ մի մեծ դաշտահանդէսով՝ մարզաւանում: Տօնը նշւեց նաեւ Լոս Անջելէսի «Արարատական»-ների միջոցով եւ ձեռնարկից գոյացած 10000 դոլարը յանձնւեց Հ.Մ.Ա.Կ.-ին, որպէս հիմնադրամ՝ մշակութային նոր կենտրոնի կառուցման սկզբնական ծախսերը հոգալու համար: