Հրատարակութիւն

PDF
Շաբաթ, 27 Հունիս 2015 08:37
Rate this item
(0 votes)

     Հինգշաբթի, յունիսի 18-ի երեկոյեան, Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրում, մեր պայմանաւորւած ժամին ներկայացայ՝ իրանահայ փորձառու մարզիկ՝ Էդմոնդ Բզիկի հետ հարցազրոյցի նստելու: Երբ ֆուտբոլի դաշտ ներս մտայ՝ հանդիպեցի նաեւ 3 այլ փորձառու ֆուտբոլիստների, որոնք Թեհրանի ֆուտբոլի հաւաքականի խմբի հետ պարապմունքների էին եւ թիմի հետ աշխատանք էին տանում:

     Դա առիթ եղաւ զրոյցի նստելու Հայաստանի 6-րդ Համահայկական խաղերին մասնակցող Թեհրանի ֆուտբոլի թիմի մարզիչներ՝ Մասիս Յակոբեանի (աւագ մարզիչ), Էդմոնդ Բզիկի (մարզիչ), Վազգէն Սաֆարեանի (դարպասապահների մարզիչ) եւ Ֆրէդ Մալեքեանի (մարզչի օգնական) հետ:
Հ.Մ.Ա.Կ.-ի ֆուտբոլի խմբի մարզիչ եւ Թեհրանի ֆուտբոլի հաւաքականի աւագ մարզիչ՝ Մասիս Յակոբեանը նշեց, որ մինչ այդ երկու շրջան եղել է Հայաստանի Համահայկական խաղերում՝ Թեհրանի ֆուտբոլի թիմի մարզիչը, որտեղ յաջողութեան են հասել՝ գրաւելով առաջին տեղը: Նա ֆուտբոլն սկսել է «Հրազդան» մարզադաշտում, ապա զինծառայութեան ընթացքում՝ «Օղաբ» խմբում շարունակել է ֆուտբոլը, որտեղից էլ հրաւիրւել է խաղալու բանակի հաւաքականի խմբում: Իսկ ծառայութիւնից յետոյ շուրջ մէկ տարի խաղացել է «Բահման»-ի կազմում:
2005 թւականի Գերմանիայի աշխարհի առաջնութեան խաղերին, եղել է Իրանի ֆուտբոլի հաւաքականի կազմում: 1990 թւականից Հ.Մ.Ա.Կ.-ի ֆուտբոլի խմբում արժանացել է բազմաթիւ յաջողութիւնների: Նրա լաւագոյն յուշերից մէկը 1993 թ. եղել է «Արարատ»-«Պերսեպոլիս» խաղը, որտեղ իր միակ գոլով ուրախութիւն պատճառեց հայ համայնքին եւ յաղթել մրցակցին:
     «Արարատ» ֆուտբոլի, ինչպէս նաեւ Թեհրանի հաւաքականի ֆուտբոլի մարզիչ՝ Էդմոնդ Բզիկը զրոյցի ընթացքում նշեց. «Արդէն 2 տարի է, որ նշանակւել է որպէս «Արարատ» ֆուտբոլի թիմի մարզիչ եւ Մասիս Յակոբեանի հետ միասնաբար աշխատանք ենք տանում այս գծով»:
Էդմոնդը ֆուտբոլը սկսել է 12 տարեկանից՝ «Սիփան» միութիւնում: Նա Հ. Մ. «Սիփան» միութեան մասին խօսելով, այն համարեց, որպէս իր ֆուտբոլի առաջին դպրոցը: Նա մի քանի տարի յետոյ փոխադրւել է «Արարատ» եւ խաղացել՝ «Արարատ»-ի պատանեկանի, երիտասարդականի եւ «Օմիդ» թիմերում միաժամանակ:
     Ապա հրաւիրւել է Իրանի ազգային հաւաքականի կազմ եւ մասնակցել՝ տարբեր մրցութիւնների արժանանալով լաւագոյն ռմբարկուի տիտղոսի:

     Բացառիկ երեւոյթ է, երբ որեւէ խաղացող ընդունակ է մասնակցելու միատեղ պատանեկանի, երիտասարդականի եւ «Օմիդ» խմբերում: Այդ ընթացքում յաճախ էր պատահում, որ ամէն օր մասնակցէի մրցութիւնների»:
     Էդմոնդը ապա ընտրւել է «Պերսեպոլիս» ֆուտբոլի խմբում եւ 5 տարւայ ընթացքում գրանցել՝ 40 գոլ: Դրանից յետոյ նա փոխադրւեց Սպահանի «Սեփահան» թիմ: Իր այս ճիշտ ընտրութիւնով մեծ յաջողութիւններ ձեռք բերեց եւ իր 86 գոլերով կրկին անգամ ճանաչւեց որպէս լաւագոյն ռմբարկուի: Հաւաքականի կազմում Էդմոնդը դաշտ է դուրս եկել շուրջ 10 պաշտօնական հանդիպումներում: Շատ երկրներ է ճամբորդել, սակայն միշտ է երազել տեսնելու Անգլիան: Դա իրականացաւ՝ 2006 թւականին Աշխարհի առաջնութեան նախապատրաստական խաղերին, երբ Անգլիայի ֆուտբոլի թիմի դիմաց ընկերական մի խաղում, դաշտ մտաւ թիմի ֆիքս կազմում:
     Նա իր խօսքը շարունակելով նշեց. «Երբեք չեմ ուզել դառնալ մարզիչ, բայց մի քանի տարի առաջ որպէս «Պերսեպոլիս»-ի մարզչի օգնական՝ աշխատել եմ Գոլմոհամմադիի կողքին եւ փորձառութիւն ձեռք բերելու համար դարձայ «Պերսեպոլիս»-ի «Օմիդ» խմբի մարզիչ: Բայց վերջում նախընտրեցի աշխատանք տանել «Արարատ» կազմակերպութիւնում»:
     Էդմոնդ Բզիկի հետաքրքիր տեղեկութիւններից յետոյ զրոյցը շարունակեցի Թեհրանի ֆուտբոլի հաւաքականի խմբի մարզչի օգնական՝ Ֆրէդ Մալեքեանի հետ:
     Նա երկար տարիներ հեռու է մնացել մարզանքից եւ Էդմոնդ Բզիկի օգնութեամբ նորից վերադարձել է ֆուտբոլի աշխարհ: Ֆուտբոլը սկսել է Հ. Մ. Մ. «Րաֆֆի» մարզադաշտից եւ 14 տարեկանից փոխադրւել՝ «Արարատ» պատանեկան թիմ եւ շարունակել է խաղալ երիտասարդականի, ապա՝ երէցների խմբում:

     Երրորդ կարգի լիգայի խաղերին «Արարատ»-ի կազմում երեք շրջան յաջողել է առաջին տեղը գրաւել:
     Նա շարունակելով խօսքը, նշեց. «Ընտրւեցի երիտասարդականի, ապա «Օմիդ» հաւաքականների կազմում, որով մասնակցել եմ Օլիմպիական խաղերի ընտրական մրցութիւններին: Շարունակել եմ «Էսթեղլալ» թիմում խաղալ, բայց 25 տարեկանում ոտքի վնասւածքի պատճառով հեռացայ մեծ ֆուտբոլից»:
Նա յուզւած շարունակեց. «Շատ շուտ թողեցի մարզանքը: Կը սիրէի շարունակել ֆուտբոլը, քանի որ վստահաբար ինձ մեծ յաջողութիւններ էր սպասւում:
     Երկար տարիներ ոչ մի աշխատանք չեմ տարել մինչեւ Էդմոնդ Բզիկի առաջարկով մասնակցեցի մարզիչների վերապատրաստման դասընթացների»: Նա ներկայում աշխատանք է տանում «Արարատ»-ի ֆուտբոլի թիմի կողքին:
     Վերջում զրոյցը շարունակեցի խմբի դարպասապահների մարզիչ՝ Վազգէն Սաֆարեանի հետ:
     Նա պատմեց թէ՝ «12 տարեկանից սկսել եմ ֆուտբոլը «Հրազդան» ֆուտբոլային դաշտում: Փոխանցւել եմ «Արարատ» եւ երեք տարի շարունակ խաղացել եմ այդ թիմում: Ընտրւել եմ «Օմիդ» հաւաքականի կազմում եւ մասնակցել եմ «Թախթէ Ջամշիդ» անւան Իրանի գաւաթի մրցութիւններին»:
     Նա յաւելեց. «1974 թ.-ին Իրանի ազգային հաւաքական խմբի հետ ճամբորդել եմ Չինաստան, Բահրէյն, Պակիստան եւ Սինգապուր»:
1976 թ. միացել է «Պերսեպոլիս» խմբին եւ 3 տարի յետոյ նորից վերադարձել՝ «Արարատ», որտեղ էլ մինչեւ ֆուտբոլի կարիերայի աւարտը, խաղացել է «Արարատ»-ի դարպասը անվտանգ պահելով: Վազգէն Սաֆարեանը 37 տարեկանում հեռացել է արհեստավարժ մարզանքից: Երկար տարիներից յետոյ սկսել է իր աշխատանքը որպէս դարպասապահների մարզիչ՝ «Արարատ» մարզաւանում:
    Յատկանշական է, որ զրոյցի ընթացքում պարզ դարձաւ, որ Հայաստանի Համահայկական խաղեր մեկնող Թեհրանի ֆուտբոլի թիմի ընտրութեան համար իրանահայ մամուլի, ինչպէս նաեւ հնարաւոր բոլոր միջոցներով տրւել է յայտարարութիւն:
     «Արդիւնքում բոլոր դիմորդների միջից ընտրութեան գնացինք եւ կազմւեց թիմի պատկեր, որը հիմնականում շատ նման է հէնց «Արարատ»-ի ֆուտբոլի թիմի պատկերին»,- նշեցին մարզիչները:
     Նշելի է, որ Հայաստանի Համահայկական խաղերը մեկնարկւելու են օգոստոսի 2-ին եւ շարունակւելու են մինչեւ օգոստոսի 13-ը:

 

Հարցազրոյցը վարեց
Ա. ՄԻՐԲԷԳԵԱՆԸ