Հրատարակութիւն

PDF
Չորեքշաբթի, 12 Օգոստոս 2015 09:44
Rate this item
(0 votes)

ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԷՍ

  

     2015 թ. օգոստոսի 10-ին Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան ամսական հանդիպմանը նախաձեռնւեց միութեան վաստակաշատ ընկեր Յարութ Նազարեանի «Ոսկեղջիւրի տիրակալները» գրքի թարգմանութեան շնորհանդէս:

 

 

     Միջոցառմանը ներկայ էին Սրբազան Հայրը, խորհրդարանի նախկին պատգամաւոր Վարդան Վարդանեանը, բանաստեղծներ Վարանդը եւ Ալմինը, Ազգային մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչները, Կենտրոնական վարչութեան ընկերները, բարեկամներն ու միութենականները:

 

     Բացման խօսքով հանդէս եկաւ միութեան նախագահ՝ Հարմիկ Զովելեանը որը նաեւ ներկայացրեց թարգմանչի կենսագրութիւնը:

 

     Այնուհետեւ Էդւարդ Յարութիւնեանը ընդարձակ կերպով ներկայացրեց գրքի ներածականը:

 

     Ապա արտայայտւեց Յարութ Նազարեանը եւ ներկաների հարցերին պատասխանեց:

 

     Միութեան նախագահը առիթ տւեց ներկաներին արտայայտւելու, ուր հերթաբար թարգմանութեան առիթով արտայայտւեցին՝ Ալմինը, Վարանդը, Անդրանիկ Ս., Վարդան Վ.:

 

     Ամբիոնի մօտ հրաւիրւեց Սրբազան Հայրը իր խօսքը արտայայտելու:

 

     Շնորհանդէսը աւարտւեց համեստ ընդունելութեամբ: (Մանրամասնութիւնները շուտով)

 

Օրւայ առիթով գրքի ներածութիւնը արտայայտեց միութենական ընկեր՝ Էդւարդ Հարութիւնեանը

ՈՍԿԵՂՋԻՒՐԻ  ՏԻՐԱԿԱԼՆԵՐԸ

Յուլիսի սկզբին ընթերցողի սեղանին դրւեց  հոյակապ մի գրքի` «Ոսկեղջիւրի տիրակալները» պատմական հատորի հայերէն թարգմանութիւնը, որը կատարել է ՀՄԱԿ-ի վաստակաւոր անդամ՝ ընկեր  Յարութ Նազարեանը:

Գրքի անգլերէն բնագիրը առաջին անգամ հրատարակւել է 1973 թւականին,   եւ   ճիշտ    30  տարի առաջ՝ 1985-ին թարգմանւել է   պարսկերէնի, որ իր ժամանակին լաւ ընդառաջում է գտել՝ ընթերցողների լայն շրջանակի՝ յատկապէս իրանահայութեան կողմից:

Սակայն այդ գիրքը դուրս էր մնացել հայ թարգմանիչների տեսադաշտից, որի բացը ահա լրացրել է ընկեր Յարութը: Գիրքը թարգմանւել է բնագրից,  խմբագրել է  Սամւէլ Խաչատրեանը եւ լոյս է տեսել «Ալիք» հրատարակչութեան կողմից՝ 500-ից աւելի էջերով՝  Հայաստանեան ուղղագրութեամբ:

Թարգմանիչը Հայաստանեան ուղղագրութեան կիրառումը բացատրում է նրանով, որ ցանկացել է գիրքը հասու լինի նաեւ ու յատկապէս Հայաստանի ընթերցողներին:                                                                                             Գրքի հրատարակութեան մեկենասներն են Անի եւ Արմինէ Մանուկեանները՝ ի յիշատակ իրենց մեծ մայրիկի, Եղեռնի վերապրող՝ Շատախցի լուսահոգի Ադրինէ Մանուկեանի:

«Ոսկեղջիւրի տիրակալները» գրքի հեղինակ, անգլիացի լրագրող ու վիպագիր Նոէլ Բարբըրը (1909- 1988), «Դէյլի մէյլ» օրաթերթի արտաքին  թղթակից է եղել, սակայն  նրա լրագրողական կարիյերան ընդհատւել է աւտովթարի հետեւանքով, որից յետոյ նա սկսել է վէպեր գրել: Անցած դարի  70-ական  թւականներին իր հրատարակած վէպերով, նա դասւել է Անգլիայի բեստսելեր վիպագրերի շարքում, նոյնպէս մեծ հռչակ է վայելել ԱՄՆ-ում: Նա գրել է 22 պատմական ու քաղաքական գիրք եւ 6 վէպ:

Թարգմանիչը ընդարձակ նախաբանում անդրադարձել է Օսմանեան կայսրութեան հիմնադրմանն  ու զարգացմանը, որի ահաւոր ճնշումների ներքոյ նօսրացել ու դադարկւել են հայաբնակ գիւղերն ու բնակավայրերը, ժողովուրդը  տեղաշարժւել է դէպի աւելի ապահով շրջաններ կամ գաղթել՝ այլ երկրներ:

Օսմանեան կայսրութիւնը սկիզբ է առնում հիւսիսային անատոլիայում՝ Օսման անունով տիրակալի կողմից՝ 14-րդ դարի սեմին՝ 1299 թւին: Նրա յաջորդները ընդարձակում են նւաճած տարածքները՝ տիրանալով ամբողջ Փոքր Ասիային եւ Հարաւ արեւելեան Եւրոպային: 1453-ին Սուլթան Մուհամէդ II-ը գրաւում է  Կ. Պոլիսը,  որով  վերջ է դրւում Բիւզանդական կայսրութեանը, իսկ Սուլթանը շահում է «Նւաճող» տիտղոսը:

16-րդ դարի կէսերում, Օսմանեան տոհմի 10-րդ արքայ՝ Սուլթան Սուլէյմանը (1520-1566), տիրանալով Միջերկրականի արեւելեան երկրներին եւ լուրջ սպառնալիք դառնալով կենտրոնական Եւրոպայի երկրների համար,  իր հզօրութեան գագաթնակէտին է հասնում ու կանգնում Վիեննայի դարպասների առջեւ: Սակայն հէնց այդ սուլթանի ժամանակաշրջանից է սկսւում  նաեւ կայսրութեան իրական անկումը:

17 տարի անընդմէջ յաղթարշաւներ ունենալուց յետոյ, Վիեննայի դարպասները փակւած են մնում հզօր սուլթանի առջեւ եւ  Օսմանեան զօրքը կրում է  առաջին պարտութիւնը, որով կասեցւում է  շարունակւող նւաճողական արշաւը:

Սակայն Սուլթան Սուլէյմանի կրած պարտութիւնը չհանդիսացաւ  Օսմանեան  կայսրութեան անկման իրական պատճառը, այլ՝ ներքին նեխածութիւնը, պաշտօնների առուծախը, հեշտասիրութիւնը, փառամոլութիւնը, ահաւոր դաժանութիւնն ու անարդարութիւնը եւ քաղաքական դաշտից դուրս գտնւող, սակայն ոչ պակաս ազդեցութեան տէր՝  հարեմների բնակիչների դաւերն ու սադրանքները, որ բացեցին կայսրութեան անկման ճամբան:

17-րդ դարում կայսրութիւնը դեռ հզօր էր համարւաում, իսկ 19-դարում արդէն ստանում է  «Եւրոպայի հիւանդ մարդը» տիտղոսը եւ քայքայւում  է  20-րդ դարի առաջին քառորդում:

Գիրքը ընդգրկում է 16-20-րդ դարերի ժամանակաշրջանը՝ Սուլթան Սուլէյմանից մինչեւ Աթաթուրք, եւ կազմւած  է երեք մասից.

   1- Անկման շրջան՝ 16-19-րդ դարեր.

   2- Եւրոպայի հիւանդը՝ 19-20 դարեր.

   3- Նորայայտ տիրակալներ՝  20-րդ դարի առաջին քառորդ:

Պատմական իրադարձութիւնների բացատրման ու վերլուծման կողքին, գրքում ներկայացւում են նաեւ փառամոլ եւ բարոյազուրկ սուլթանների կեանքը, ներքին ու արտաքին  յարաբերութիւնները, երկրի կառավարման յաճախ անսովոր եղանակները, ահաւոր չափերի հասնող նեխածութիւնը, պատերազմները, անարդարութիւններն ու ճնշումները՝ յատկապէս քրիստոնեայ հպատակների հանդէպ, ներարքունի կենցաղն ու վարք ու բարքը ու շատ ու շատ այլ դրւագներ, որոնք պատմական  այս աշխատասիրութիւնը դարձնում են դիւրընթեռնելի ու հետաքրքրական:

Գրքի վերջին բաժինը՝ «Նորայայտ տիրակալներ»-ը, վերաբերում է Երիտթուրքերի իշխանութեանը եւ վարած քաղաքականութեանը, որ սկսւում է 1908 թւին՝ Սահմանադրութեան ընդունման պահանջով եւ մեծ յոյս ներշնչում բռնապետութեան դաժան պայմաններում տառապող հպատակների՝ այդ թւում նաեւ չարքաշ ու բազմաչարչար հայերի սրտերում, որ որպէս քրիստոնեաներ կրկնակի անարդարութեան ճիրաններում էին գտնւում:

«Այդ օրը (24յուլիսի 1908 թ.) տենդագին ուրախութիւն էր տիրում Կ. Պոլսում, - գրում է հեղինակը: - Յոյներ, բուլղարներ, քրդեր ու հայեր եղբայրաբար գրկախառնւում էին, թուրք ոստիկանները բարձրաձայն ճառում էին, թէ այսուհետ հրեաների, քրիստոնեաների եւ մուսուլմանների միջեւ ոչ մի տարբերութիւն չկայ եւ բոլորը աշխատելու են Օսմանեան ազգերի փառաւորման համար»:

Սակայն շուտով բացայայտւում է ազատութիւն ու եղբայրութիւն շեփորող նորայայտ տիրակալների իրական դէմքը: Տեղի է ունենում Ադանայի զարհուրելի կոտորածը՝ 1909 թւին, եւ հետզհետէ ջարդերի ալիքը ահագնանալով,  վերածւում է 1915-ի համատարած փոթորկին, որը ամայեցնում է ազգիս դարաւոր բնօրրանը,  ոչնչացնում՝ հայ ժողովրդի ընտրանուն  ու նրա 1.5  միլիոն անմեղ զաւակներին եւ աշխարհով մէկ սփռում հայի բեկորները:

Գրքի վերջին մասում հանգամանօրէն ներկայացւում են  Երիտթուրքերի տխրահռչակ ղեկավարների՝ Էնւէրի, Թալէաթի եւ Ջեմալի իրական դէմքը, նրանց վարած ձախորդ քաղաքաանութիւնը եւ անփառունակ աւարտը: Հեղինակը անդրադառնում է Գալիպոլիի պատերազմին՝ 1915 թւին՝ Արեւմուտքում, ապա ակնարկում է մի «բոլորովին տարբեր պատերազմ»-ի մասին, որ սկսւել էր նոյն թւականին Արեւելքում: «Դա միակողմանի կռիւ էր՝ Էնւէրի սադրանքներով եւ նրա վայրագ ղեկավարութեամբ, - գրում է հեղինակը:- Նա իր վայրագութեամբ ոչնչով չէր զիջում դաժան սուլթաններին, որոնց ճանկից ինքն էր ազատել Թուրքիան: Էնւէրը նախաձեռնել էր մի նոր, մեծ ու կարեւոր նախագիծ, իր մտքում ունենալով միայն մի նպատակ, այն է իսպառ բնաջնջել հայերին» :

Դարձեալ մէջբերում կատարենք գրքի հեղինակից.

ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուը Էնւէրի հետ զրոյցի ընթացքում փորձում է քաղաքավարութեամբ Էնւէրին ուղղակի չմեղադրել՝ հայերի տեղահանութիւնների ու ջարդերի հարցով, ուստի ասում է՝ «Դուք եւ Թալէաթը դժւար թէ ստանձնէիք նման պատասխանատւութիւն: Անկասկած ձեր ստորադաս մարմինները ձեր նախատեսած սահմաններից շատ աւելի առաջ են անցել»: Էնւէրը պատասխանում է՝ «Դուք մեծապէս սխալւում էք, ես ոչ մի ցանկութիւն չունեմ մեր ստորադաս պաշտօնեաներին մեղաւոր համարել. ես անձամբ պատասխանատւութիւնը ամբողջութեամբ ընդունում եմ՝ այն ամէն ինչի համար, որ արդէն տեղի է ունեցել: Կառավարութիւնն ինքն է կարգադրել հայերի տեղահանութիւնը»:

Իսկ Թալէաթը գերմանական օրաթերթ՝ «Բեռլիներ-Թագէբլաթ»-ի լրագրողի ուշադրութեանն է յանձնում իր տարօրինակ փիլիսոփայութիւնը. «Մեզ քննադատում են, - ասում է նա, - որ մենք ոչ մի տարբերութիւն չենք դնում անմեղ հայերի եւ մեղաւորների միջեւ: Բայց, բոլորովին հնարաւոր չէ տարբերել, հաշւի առնելով այն փաստը, որ նրանք, ովքեր անմեղ են այսօր, հնարաւոր է մեղաւոր դառնան վաղը»:

Գրքի յաջորդ երկու գլուխները՝ «Ըմբոստը» եւ «Դիկտատորը» յատկացւել է Մուսթաֆա Քեմալին՝ մի մարդ, ով փայլում է Գալիպոլիի պատերազմում, ապա ըմբոստանում է Երիտթուրքերի իշխանաւորների դէմ, տիրանում իշխանութեանը եւ կերտում  նոր Թուրքիան, ստանում է «Աթաթուրք»՝ Թուրքիայի հայր տիտղոսը,  սակայն շուտով երեւան են գալիս նրա մենատիրութեան ձգտումները: Հեղինակը Քեմալի զիւորական կարողութիւններին կից, անդրադառնում է նաեւ նրա անբարոյ նկարագրին, յոռի սովորութիւններին, մեծամտութեանը եւ բացասական այլ կողմերին:

Հեղինակը  լայնօրէն անդրադառնում է յոյն-թուրքական  պատերազմներին՝ 1920-1922-ին: Քեմալը անձամբ է ստանձնում պատերազմների հրամանատարութիւնը, որ աւարտւում է Զմիւռնիայի (Իզմիրի) գրաւումով, որին յաջորդում է զարհուրելի ջարդն ու թալանը եւ քաղաքի հրկիզումը: Քաղաքի յոյներն ու հայերը այդ ահաւոր մսաղացի զոհերն էին, որոնց թիւը միչեւ հարիւր հազար են ասել:

«Ոսկեղջիւրի տիրակալները» գրքում ներկայացւած է հայոց պատմութեան վերջին շրջանին վերաբերող նշանաւոր իրադարձութիւնները՝ Սան-Ստեֆանոյի դաշնագիրը,  Բեռլինի վեհաժողովը, հայերի ջարդերը Սուլթան Աբդուլ համիդ II-ի օրօք՝ 1894-1896-ին, Բանկ Օթոմանի գրաւումը, Սուլթանի դէմ մահափորձը, Սեւրի դաշնագիրը:

Աբդուլ Համիդ II-ի ձեռնարկած կոտորածների մասին հեղինակը գրում է. «Հայերի զանգւածային կոտորածները ... ցեղասպանութեան դաւադիր փորձեր էին, որոնք կատարւեցին երեք տարի շարունակ, բարբարոսական տարբեր եղանակներով»: Իսկ  Մեծ Եղեռնին անդրադառնալով, նա օգտագործւում է ցեղասպանութիւն (գենոցիդ) եզրոյթը, նկարագրում է Աբդուլ Համիդ II-ի, Երիտթուրքերի եւ Աթաթուրքի կազմակերպած կտորածների զարհուրելի տեսարանները, փաստերով ապացուցում, որ Եղեռնը իրագործւել է կանխորոշւած  կերպով:

Նոէլ Բարբըրը յայտնում է այն տեսակէտը, որ թուրքերի հալածանքները կատարւել են անզէն ու անպաշտշան, աշխատասէր ու հնազանդ մի ժողովրդի դէմ, որն ապրելով հանդերձ իր հայրենական հողերի վրայ, տւեալ ժամանակներում, նոյնիսկ ինքնավարութեան պահանջ անգամ չէր ներկայացնում, այլ ակնկալում էր միայն յարգանք իր եւ իր ընտանիքի հանդէպ: Հեղինակը անդրադառնում է նաեւ մեծ պետութիւնների վարած քաղաքականութեանը, որ կայսրութեան տարածքում գտնւող փոքրամասնութիւնների ու մանաւանդ հայութեան իրաւունքները պաշտպանելու եւ այսպէս ասած՝«բարենորոգման» ծրագիր իրագործելու նպատակով, սուլթանին ճնշման տակ էին դնում եւ նրանից քաղաքական ու տնտեսական արտօնութիւններ կորզում: Իսկ հայութեանը յուզող հարցերը մնում էին անփոփոխ:

«Ոսկեղջիւրի տիրակալները» գրքի թարգմանիչ՝ ընկեր Յարութ Նազարեանը Թարգմանչի խօսքում անդրադառնալով Եւրոպական պետութիւնների այս նենգ քաղաքականութեանը, հիասթափութեամբ գրում է.

«Եւրոպայի քաղաքականութիւնը չի փոխւել դարեր շարունակ եւ այսօր էլ շարունակւում է նոյն նպատակասլացութեամբ. որոշ երկրների ժողովուրդներ մինչ օրս էլ սիրով հաւատք են ընծայում եւ համակրում են «մարդու իրւունքների պաշտպան» եւ «դեմոկրատիայի հովանաւորող» արեւմտեան երկրներին եւ բարեպաշտ հաւատացեալի պէս լաւատեսօրէն ձգտում են՝ նրանց թելադրանքով ու մեթոդներով կերտել իրենց լուսաւոր ապագան»:

Թարգմանիչը ապա ակնարկելով ներկայ թուրք իշխանաւորների «Նոր Օսմանականութեան» ձգտումներին, գրում է.

«Մեր ժողովրդի մեծամասնութիւնը զարմանալիօրէն ամենայն լաւատեսութեամբ ընդառաջ է գնում նրանց բարի դրացիական յարաբերութիւններ հաստատելու ստապատիր առաջարկութեանը եւ գրկաբաց առաջ նետւում՝ օր առաջ ընդունելու եւ հաստատելու  հայ-թուրքական յարաբերութիւնները կարգաւորող համաձայնագրերը»:

 «Ոսկեղջիւրի տիրակալները» գրքի հայերէն թարգմանութեան մասին, հայ իրականութեան մէջ  դեռ շատ պիտի խօսւի: Այսօր այսքանով բաւարարւելով, սրտագին ողջունում ենք գրքի թարգմանիչ՝ Յարութիւն Նազարեանին՝ իր ձեռնարկած մեծածաւալ  աշխատանքի, բծախնդիր մօտեցման եւ շքեղ հայերէնով կատարած թարգմանութեան առթիւ եւ նորանոր յաջողութիւններ ենք մաղթում իրեն:

Վարձքդ կատար, սիրելի ընկեր Յարութ:

 

Հ.Մ.Ա.Կ.-ի նախագահի օրւայ առիթով արտայայտւած խօսքը:

 

Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տէր Սեպուհ Սրբազան Արքեպիսկոպոս Սարգսեան, Քոյր միութեան յարգելի անդամներ, յարգելի հիւրեր ,  և սիրելի երէց ընկերներ՝

 

 Յարութիւն Եղնազարեանը ծնւել է 1946 թւականին Խուզեստանի՝ Հաւթգէլ քաղաքում:

 

Նախնական կրթութիւնը ստացել է տեղի պետական դպրոցում և Հայերէնը սովորել է մասնաւոր դասընթացներով: Փոխադրւելով Թեհրան աւարտել է Քուշեշ Դաւթեան դպրոցը: Զինւորական ծառայութիւնից յետոյ մեկնել  է Անգլիա և աւարտել է էլեկտրականութեան և մեխանիկայի ճարտարագիական ճիւղը Լոնդոնի Thames համալսարանում:

 

1979 թւին Իրան վերադառնալով պաշտօնավարել է «Իրանիթ» ընկերութիւնում նախ որպէս արտադրութեան և հետազօտութիւնների կենտրոնի ընդհանուր վարիչ իսկ հետագայում ընդհանուր տնօրէնի տեղակալ վերոյիշեալ բնագաւառներում:

 

Յարութ Նազարեանը յաջողել է իրականացնել քանի գիւտեր որոնցից երեքը արձանագրւել են Իրանի գիտական ճարտարարւեստի ուսումնասիրութիւնների հիմնարկութեան մօտ: Գիւտերի առընչութեամբ 1989 թւականին շահել է خوارزمی մրցանակ ուր անդրադարձ է գտել պարսկերէն բարձր տպաքանակ ունեցող և ինչուչէ նաև «Ալիք» օրաթերթում ծաւալուն նիւթերով (Ալիք 18 մարտ 1987 և 21 փետրւար 1996): Վերոյիշեալ նորարարութիւններին կապւող սարքաւորումները բարձրակարգ ցուցահանդէսներին մասնակցելով օգտագործւել են երկրի տարբեր քաղաքների գործարաններում:

 

Ընկեր Յարութը անդամակցել է Հ.Մ.«Արարատ» Կազմակերպութեան դեռ 1957 թւից սակայն որոշ դժւարութիւնների և ճամբորդութեան պատճառով երկար դադարից յետոյ վերսկսել է իր անդամակցութիւնը 1980 թւականից:

 

Նրա անունը մեզ ծանօթ է նաև իր մշակութային գործունէութեամբ: 1981 և 82 թւականներին կազմակերպել է «Գուսանական երեկոներ» որոնք մինչ հիմա յիշւում են երաժշտասէր ժողովրդի կողմից:

 

1990 թւականին ղեկավարել է Հ.Յ.Դ.-ի 100 ամեակին նւիրւած յեղափոխական երգերի միջոցառումը: Ղարաբաղեան ազատագրման շարժումից ոգէշնչւած գրել է «Զարթօնք Ղարաբաղի» բանաստեղծութիւնը և պատկան երաժշտութիւնը, որը մայեստրո Հանրի Մանգասարեանի մշակումով մասնակցեց «Սայաթ Նովա» 2000-ի փառատօնին և բարձր գնահատանքի արժանացաւ:

 

Երաժշտական ստեղծագործութիւններ է ունեցել  նաև Եղիշէ Չարենցի «Մայր իմ անուշ ու անգին» բանաստեղծութեան վրայ և «Քաջ Նազար» թատերգութեան համար որոնք ներկայացւել են «Արարատ«-ի «Կոմիտաս» սրահի բեմից և ջերմութեամբ ընդունւել հանդիսատեսի կողմից:

 

Մասնակցութիւն է ունեցել նաև թատերական ասպարէզում, դէր ստանձնելով « մեր ժողովուրդը ինքը» , « մեծ լռութիւն» , « ոտքի դատարանն է գալիս» , « Մամփրէ արքան» , « քաջ Նազար» և այլ բեմադրութիւններում:

 

Անցնելով երէցների միութիւն, մէկ շրջան անդամակցել է Հ.Մ.Ա.Կ.-ի կենտրոնական վարչութեան իսկ 3 շրջան նախագահել է երէցների միութեան վարչութեան կազմին:

 

Ներկայիս 2-րդ անգամը լինելով անդամակցում է ԹեհրանիՀայոց Թեմի Պատգամաւորական ժողովին:

 

1980 թւականին ամուսնացել է երէցների վարչութեան անդամուհիԱրմինէ Գրիգորեանի հետ, ունի երեք զաւակներ որոնք բոլորն էլ անդամակցում են Արարարտ կազմակերպութեան:

 

Գալով սոյն գրքի թարգմանութեան դրթապատճառին ու ցանկութեանը, հեղինակը նկատելով գրքում ներառւած պատմական, քաղաքական և ամենից կարևոր հայ ժողովրդի 19-րդ և 20-րդ դարերի տառապալից պատմութեան էջերի վաւերագրական տւեալներն ու նախապէս մշակւած ծրագրով կատարւած «Ցեղասպանութեան» փաստերը , որոշել է գրքի էական ու նշանակալից տեղեկութիւնները հայ ազգի և ի մասնաւորի Հայաստանի ժողովրդի սեփականութիւնը դարձնել, և ահա թէ ինչն է խթան հանդիսացել որ գիրքը հրատարակւել է Հայաստանեան ուղագրութիւնով:

 

Խօսքի վերջում կուզեմ անդրադառնալ գրքին կապւող Յարութ Նազարեանի այն հետաքրքիր տեսակետին որ ասում է՝ Հաւատալով որ անցեալը ժողովրդի ապագան է լուսաւորում, «Նոէլ Բարբր»-ի այս աշխատութիւնը միանշանակ կարող է փարոս հանդիսանալ անորոշութեան մատնւած այն հայ անհատի համար որ քաղաքական կեղծ ու խաբուսիկ տեղեկութիւնների տարափի տակ անկարող է ազգային գաղափարաբանութեան հեռանկարով իր կեանքի ուղին ճշտել ու հայրենասիրական հաւատքով դէպի նպատակադրւած ապագան սլանալ: