Հրատարակութիւն

PDF
Չորեքշաբթի, 16 Սեպտեմբեր 2015 09:47

«Արարատ»-ի Թաւրիզի մասնաճիւղի մարզիկները օրհնութիւն ստանալով, մեկնեցին Թեհրան

Rate this item
(0 votes)

     Ատրպատական, ազգայինառաջնորդարան - Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի մարզիկները երեքշաբթի, սեպտեմբերի 8-ի երեկոյեան ժամը 9-ին, հանդիպում ունեցան Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի հետ, Իրանահայ 47-րդ Համահայկական խաղերին մասնակցելու նախօրեակին:

 

     Մասնաճիւղի նախագահ Հենրիկ Աբրահամեանի խօսքից յետոյ, Սրբազան Հայրը խօսեց խաղերի ընտանեկան բնոյթի մասին, եւ ապա կարեւորութեամբ անդրադարձաւ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի ծիրում կազմակերպւած 47-րդ Համահայկական խաղերի իւրայատուկ նշանակութեանը:

     Յայտնենք, որ «Արարատ»-ի Կենտրոնական վարչութիւնից հրաւէր ստացած լինելով, բացման հանդիսութեան ներկայ գտնւելու, Սրբազան Հայրը իր պատգամը յղել էր արդէն, որտեղ յատկապէս անդրադարձ էր կատարել Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի տարւայ ձօնւած սոյն 47-րդ Համահայկական խաղերին: Սրբազան Հայրը իր պատգամում գրել էր. «Այս տարի յատկապէս, սոյն մարզախաղերի կայացումը, նւիրւած Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին, մասնաւոր իմաստ ու նշանակութիւն է ստանում: Եթէ անողոք ցեղասպանին թունալից եաթաղանը անխնայ չհարւածէր, վստահաբար այսօր աշխարհում աւելի պիտի լինէր աշխարհահռչակ հայ մարզիկների քանակը: Սակայն, ազգովի հարւածւեցինք, բայց՝ չյուսալքւեցինք ու դարձեալ դուրս եկանք մոխիրների տակից: Փաստը, մեր այսօրն է, ու վաղւայ փայլուն ապագան: Մեր մարզիկների աննահանջ երթը, ու մարտական ոգով պայքարը այս մարզախաղերի ընթացքում գօտեպնդելու են մեզ բոլորիս, երբ նրանց մօտ տեսնենք մեր ազգային երազներին ու ձգտումներին անյապաղ հասնելու խորը ցանկութիւնը»:

     Հանդիպման աւարտին, Սրբազան Հայրը «Տէր ուղղեա՛» ճանապարհորդական մաղթանքով եւ «Պահպանիչ» աղօթքով օրհնեց մարզիկ-մարզուհիներին, որոնք Թեհրանում կը մասնակցեն տարբեր մարզախաղերի:

 

Last modified on Չորեքշաբթի, 16 Սեպտեմբեր 2015 09:48