Ռուբիկ Մ. Պետրոսեանը ամենայն բծախնդրութեամբ ու կարգապահութեամբ առանց նիւթական ակնկալիքի ղեկավարել է թատերախմբերը եւ բեմադրել 50-ից աւելի ներկայացումներ:
Հ.Մ.Ա.Կ.-ի Հանրութեան հետ կապի գրասենեակի կողմից հարցազրոյց ենք վարել պրն. Ռուբիկ Մ. Պետրոսեանի հետ, քանզի շուտով հանդիսատեսի դատին կը յանձնւի նրա նոր ներկայացումները:
- Խնդրեմ հակիրճ խօսէք «Շանթ» եւ «Շանթիկ» թատերախմբերի անցած ուղու մասին:
- Ես սկզբից աշխատել եմ որպէս բեմայարդար, ձեւաւորող, որը իմ մասնագիտութիւնս է: Իսկ գալով թատերական կեանքին՝ բախտ եմ ունեցել աշակերտելու համայնքիս հանրայայտ բեմադրիչ հանգուցեալ Արամայիս Աղամալեանին եւ հիմքը դրել թատերական ասպարէզիս:
Ինչպէս նշեցիք 1989 թւականից Հ.Մ.Ա.Կ.-ի կողմից ինձ յանձնարարւեց թատերական բաժանմունքի պատասխանատւութիւնը եւ նոյն թւականին բեմադրւել է առաջին գործս «Փոքրիկ երաժիշտ» խորագրով:
Ապա մտածեցի հիմքը դնել մանկա-պատանեկան «Շանթ» եւ «Շանթիկ» թատերախմբերի:
- Հանդիսատեսի համար «Շանթ» եւ «Շանթիկ» խմբերը մէկ խումբ է, արդեօք դա այդպէս է:
- Թէեւ «Շանթիկ»-ները մեր փոքր տարիքի, իսկ «Շանթ»-երը արդէն երիտասարդ դերասաններն են, սակայն մեր յաջողութիւնը նրանում է, որ երբեք հանդիսատեսը չի առանձնացրել այդ երկուսին, «Շանթ»-ը եւ «Շանթիկ»-ը համարելով մի ամբողջութիւն:
- Կարելի է խօսենք խմբերի ներկայ աշխատանքների, տարիքային բաժանումների եւ շաբաթական փորձերի մասին:
- «Շանթիկ»-ների տարիքային սահմանումն է 4-ից 12 տարեկանները, ունեցել ենք նաեւ 3 տարեկան շնորհաշատ փոքրիկներ: «Շանթ»-երի տարիքային սահմանումն է 12-ից վեր:
«Շանթիկ»-ների հետ փորձերը անց են կացւում հինգշաբթի, իսկ «Շանթ»-երի հետ երկուշաբթի օրերը:
Ցաւօք պիտի նշեմ, որ «Շանթիկ»-ները կազմալուծման սեմին են, աշակերտների թւի նւազման պատճառով:
- Ներկայացումների նախապատրաստական աշխատանքներին, այս տարիների ընթացքում ովքեր են Ձեզ օժանդակել:
- Թէ ժամանակին, եւ թէ ներկայում, մեծ թւով անհատներ սիրայօժար օժանդակել են «Շանթ» եւ «Շանթիկ»-ին, որոնց թւում պէտք է նշեմ՝ Կիտուշ Արզուեանին, Էլօ Նազլումեանին, Ալիս Շահվերդեանին, Անահիտ Գրիգորեանին, Լուիզա Աւետիսեանին, Լորետա Աւետիսեանին, Լուսինէ Յովհանիսեանին, խմբերի ծնողական խորհրդներին եւ ... որոնց միշտ երախտապարտ կը լինեմ:
- 2010 թւականին խումբը Հայաստանում ձեռքբերումներ է ունեցել, խնդրեմ պատմել այդ ձեռքբերումների մասին:
- «Նռան հատիկ» փառատօնին մասնակցեցինք «Շանթ» խմբի հետ, ներկայացնելով «Շունն ու Կատուն», «Կիկոսի մահը» եւ «Չարի վերջը» պիեսները, թէեւ ունեցել ենք դժւարութիւններ, սակայն մեր ներկայացումները շատ լաւ են գնահատւել:
- Ձեր բեմադրութիւնները ընդհանրապէս ինչ թեմաներ են շօշափում եւ ինչ էք ներկայացնելու առաջիկայ բեմադրութեան ընթացքում:
- Նշեմ, որ մեր ներկայացումների մեծ մասը ներշնչւած են, Յովհաննէս Թումանեանի գործերից, քանզի Թումանեանի խօսքը պարզ լինելով հանդերձ շատ խորաթափանց է:
Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նւիրւած վերջին բեմադրութիւնից յետոյ, որը շատ բարդ եւ միաժամանակ պատասխանատու գործ էր, ահա մտադիր ենք «Շանթ» ու «Շանթիկ»-ի 27-ամեակի առիթով հանդիսատեսին ներկայացնել 4 բեմադրութիւններ հետեւեալ խորագրերով՝ «Վարկ ամուսնութեան համար», որը անդրադառնում է մեր համայնքային հարցերին, «Պաշտօնս է խռմփալ», իսկ մնացեալ երկուսի մասին թող դատի հանդիսատեսը:
- Վերջում կը ցանկանաք որեւէ բան աւելացնել:
- Թէեւ մշակոյթը պարունակում է արւեստի տարբեր ոլորտներ, սակայն թատերական արւեստը իմ կարծիքով բոլորի միատեղումն է, բայց դժբախտաբար այսօր մեր երիտասարդները շատ էլ չեն զբաղւում թատերական արւեստով: Յուսանք ոչ միայն չեն կազմալուծւելու մեր թատերական խմբերը, այլ՝ օրէցօր կը շատանան, ներգրաււելով մեր երիտասարդներին:
Շնորհակալութիւն՝ հարցազրոյցի համար:
Հ.Մ.Ա.Կ.-ի Հանրութեան հետ
կապի գրասենեակ