Հրատարակութիւն

PDF
Կիրակի, 05 Հունիս 2016 14:40
Rate this item
(0 votes)

Յունիսի 1-ին «Օլիմպաւան»-ում տեղի է ունեցել «Համահայկական Խաղերի Համաշխարհային Կոմիտէ» հասարակական կազմակերպութեան Գործադիր կոմիտէի նիստ

 

 

 

 

Յունիսի 1-ին «Օլիմպաւան»-ում տեղի է ունեցել «Համահայկական Խաղերի Համաշխարհային Կոմիտէ» հասարակական կազմակերպութեան Գործադիր կոմիտէի նիստ` ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարեանի գլխաւորութեամբ: Օրակարգի հաստատումից յետոյ  քւէարկութեամբ Գործկոմի նոր անդամ է նշանակւել Էդւարդ Բաբախանեանը, ով փոխարինելու է այս պաշտօնում Ալֆրեդ Հաւանին: Նիստի մեկնարկին քննարկւել է «Համահայկական Խաղերի Համաշխարհային Կոմիտէ» հասարակական կազմակերպութեան կանոնադրութեան փոփոխութիւնների և լրացումների նոր խմբագրութեամբ տարբերակը ու դրա հետ կապւած նիստի մասնակիցների որոշ բանաւոր առաջարկները:

 

Նիստի ընթացքում ՀԽՀԿ նախագահ՝ Իշխան Զաքարեանն առաջարկել է Համահայկական 7-րդ Ամառային խաղերն անցկացնել Արցախում: Առաջարկը մեծ ոգևորութեամբ է ընդունւել բոլոր ներկաների կողմից: «Սա պատմական որոշում կլինի` մեր գաղափարների իրագործման անկիւնաքարը: Այս որոշումն իրապէս կարտացոլի մեր նպատակը` «Հայաստան-Արցախ-Սփիւռք» եռամիասնութիւնը»,- նշել է պրն.Զաքարեանը:

 

Համահայկական 7-րդ Ամառային խաղերն Արցախում անցկացնելու կարևորութեան և անհրաժեշտութեան մասին ելոյթներ են ունեցել Գործկոմի փոխնախագահներ՝  Ալբերտ Բոյաջեանը (Լոս Անջելես, ԱՄՆ), Ստեփան Տէր պետրոսեանը (Բէյրութ, Լիբանան),  Ռոլանդ Շարոյեանը (Երևան), Գործկոմի անդամներ Միսաք Նաճարեանը (Բէյրութ, Լիբանան), Պողոս Քիշեանը (Մոնրէալ, Կանադա), Սեպուհ Պաղտոյեանը (Վիեննա, Աւստրիա), Ֆրիջ Շարոյեանը (Հալեպ, Սիրիա), Հարութիւն Թահմազեանը (Նիկոսիա, Կիպրոս), Էդւարդ Բաբախանեանը (Թեհրան, Իրան), Պերճ Հալաճեանը (Ալեքսանդրիա, Եգիպտոս), Աւետիս Թոքաթլեանը (Բուենոս Այրես, Արգենտինա), Հարութիւն Հարութիւնեանը (Երևան), ՀԽՀԿ պատւաւոր անդամներ Ալֆրեդ Հաւանը (Թեհրան, Իրան), Վանիկ Պետրոսեանը (Թեհրան, Իրան), Հրաչ Տէր-Սարգսեանը (Մոնրէալ, Կանադա):

 

Գործադիր կոմիտէի անդամները քննարկել են նաև Արցախում անցկացւելիք խաղերի կազմակերպչական աշխատանքների հետ կապւած խնդիրները, դրանց լուծման տարբերակները:

 

Համահայկական 7-րդ Ամառային խաղերն Արցախում անցկացնելու հարցը դրւել է քւէարկութեան և անցել միաձայն:

 

Ամփոփելով հարցի քննարկումը պրն. Զաքարեանը շնորհակալութիւն է յայտնել բոլորին և նշել. «Կասկած անգամ չունէի, որ հարցն արժանանալու է Ձեր հաւանութեանը: Սա չափազանց պատւաբեր, յամարձակ և պատմական որոշում է մեր ազգի համար: Դժւարութիւններ և խնդիրներ կլինեն, սակայն  իւրաքանչիւր հարց ունի իր լուծումը»:

 

ՀԽՀԿ գործկոմը որոշում է ընդունել նաև ՀԽՀԿ Գլխաւոր Ասամբելան անցկացնել Արցախում`2017թ. սեպտեմբերի 3-ին:

 

ՀԽՀԿ գործկոմի նիստում քննարկւել է նաև Համահայկական 2-րդ Ձմեռային խաղերի անցկացման հարցը: Արդիւնքում որոշում է կայացւել Համահայկական 2-րդ Ձմեռային խաղերն անցկացնել 2018թ. փետրւարին` Ծաղկաձորում:

 

Նիստի աւարտին ՀԽՀԿ Գործադիր կոմիտէն հանդէս է եկել յայտարարութեամբ. ««Համահայկական Խաղերի Համաշխարհային Կոմիտէ» հասարակական կազմակերպութեան Գործադիր կոմիտէն և Համահայկական խաղերի մասնակիցներն իրենց զօրակցութիւնն են յայտնում Արցախի Հանրապետութեանն ու Արցախի ազատ քաղաքացիներին և դատապարտում ապրիլի 1-ի լոյս 2-ի գիշերը ադրբեջանական կողմի` նախապէս մշակւած սցենարով սանձազերծած աննախադէպ սադրանքն Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով: Միայն Արցախի Պաշտպանութեան բանակի արհեստավարժ գործողութիւնների շնորհիւ հնարաւոր եղաւ իրավիճակը վերցնել հսկողութեան տակ և լռեցնել թշնամուն:

 

Մեր զօրակցութիւնը գործնական հարթութիւն տեղափոխելու նպատակով էլ որոշում ենք կայացնում Համահայկական 7-րդ ամառային խաղերն Արցախում անցկացնելու մասին: Սա բխում է «Հայաստան-Արցախ-Սփիւռք» եռամիասնութեան ամրապնդմանն ուղղւած մեր հիմնական նպատակից:

 Յուսով ենք` այս որոշումը կը նպաստի հազարաւոր կիլոմետրերի վրայ գտնւող մեր հայրենակիցների և արցախահայութեան միջև ամուր և հարազատական կապերի հաստատմանն ու ամրապնդմանը, ինչպէս նաև կստեղծի նոր հնարաւորութիւններ Արցախի տնտեսութեան զարգացման համար»: