Հրատարակութիւն

PDF
Չորեքշաբթի, 14 Օգոստոս 2013 10:51
Rate this item
(1 Vote)

 

Մարզական Միութիւն

    Մարզական Միութիւնը կազմւել է  Հ.Մ.Ա.Կ.-ի հիմնադրումից մէկ տարի յետոյ։  

    Փաստացի տւեալների համաձայն 1944 թւականին, երբ Կազմակերպութիւնը դեռ կոչւում էր Հայ Պատանեկան Մշակութային Միութիւն, ունեցել է միայն Երաժշտական, Գրական, Թատերական բաժանմունքներ, իսկ 1945 թւականին երբ միութիւնը օժտւել է կենտրոնատեղիով աւելացել է նաեւ Մարզական բաժանմունքը։

    Նոյն թւականներին, Մարզական բաժանմունքը ունեցել է բասկետբոլի, վոլէյբոլի, բռնցքամարտի, ծանրաբարձութեան եւ ֆուտբոլի հատւածներ, որոնք իրենց փորձերը կատարում էին ժամանակի՝ «Մեհր» դպրոցի խաղադաշտում։

    Մարզական բաժանմունքը իր գործունէութեան հէնց առաջին տարին, պետութեան կողմից ճանաչւեց որպէս «Արարատ Մարզական Ակումբ», որը Իրանի Մարմնակրթական Կազմակերպութեան կողմից բազմիցս գնահատւել է իր կանոնաւորութեան եւ կարգապահութեան համար:

    Նոյն ժամանակներում, Իրանի Մարմնակրթական Կազմակերպութեան կողմից կազմակերպւած բռնցքամարտի մրցութիւններին մասնակցելով Սերոժ Սաֆարեանն, Սեւակ Սագինեանը եւ Դորիկ Մինասեանը երկրորդ են հանդիսացել եւ խումբը հաւաքաբար գրաւել է այդ շրջանի մրցոյթների երրորդ տեղը, որը պատւական հանգամանք էր նորակազմ միութեան համար։

    Իրանի Մարմնակրթական Կազմակերպութեան ձեռնարկած ախոյեանական մրցումներին միութեան ծանրաբարձութեան խմբի անդամներ՝ Լեւոն Քուրքչեանը եւ Դաւիթ Վարդանեանը գրաւել են մրցութիւնների առաջին տեղը, առաջինը՝ միջին իսկ երկրորդը՝ ծանր քաշում։

    Նոյն թւականներին «Արարատ»ի ֆուտբոլի խումբը մասնակցել է երկրի միջակումբային 12 մրցութիւնների եւ գրաւել 5-րդ տեղը։ Նկատելով այսպիսի անսպասելի յաջողութիւններ սկսնակ խմբի կողմից պատճառ դարձաւ որ երկրի մարզական շրջանակները աւելի ուշադրութիւն դարձնեն «Արարատ»ին։

    Հետագային միութիւնը մասնակցել է Մարմնակրթական Կազմակերպութեան եւ տարբեր ֆեդերացիաների կազմակերպած մարզահանդէսներին ու միջակումբային մրցութիւններին: Ինչպէս նաեւ վերջին շրջաններում՝ մասնակցել է Հայաստանի Հանրապետութեան Համաշխարհային Համահայկական Խաղերին եւ Հ.Մ.Ը.Մ.-ի միջ մասնաճիւղային մրցումներին:

    Միութիւնը տարբեր ժամանակահատւածներում աշխոյժ է եղել ֆուտբոլ, վոլէյբոլ, բասկետբոլ, փինգ - փոնգ, ժիմնաստիկ, թեթեւ ատլետ, թենիս, ծանրաբարձրութիւն, լող, ճատրակ, հաքի, թէքվանդօ, ըմբշամարտ, սուսերամարտ եւ լեռնագնացութեան մարզաձևերում՝ տղայոց եւ օրիորդաց բաժիններում:

    1961 թւականից յետոյ Արարատ Կազմակերպութեան մարզական միութիւնը ունեցել է ֆուտբոլի մնայուն խմբեր, որի տնօրինումը հետագային նիւթական դժւարութիւնների պատճառով, յանձնւել է Կենտրոնական Վարչութեանը: Խումբը ժամանակին եղել է Թեհրանի լաւագոյն խմբերից մէկը: Խմբի ակնբախ կարգ ու կանոնը պատճառ է եղել, որ  սիրելի դառնայ թէ՛ հանդիսատեսների եւ թէ՛  մարմնակրթական կազմակերպութեան մօտ եւ ժամանակին ի շարս մեծ յաջողութիւնների, շահել է  նաեւ վարքի գաւաթ:

    Մարզական միութեան նախաձեռնութեամբ, մարզանքն իրանահայութեան մէջ խրախուսելու նպատակով,  1964 թւականից ի վեր, ամէն տարի  (ի բացառութեամբ երեք տարի դադարների, որոնք պարտադրաբար տեղի չունեցեն Իրանի Իսլամական յեղափոխութեան եւ պարտադրւած պատերազմի առթիւ)  կանոնաւոր կերպով կազմակերպւել են Իրանի Համահայկական մազական  խաղերը, որին մասնակցել են խմբեր՝ Իրանի հայաշատ կենտրոններից եւ Թեհրանի տարբեր միութիւններից, ինչպէս նաեւ Հայաստանից, Արցախից, Վրաստանից եւ Սփիւռքի տարբեր շրջաններից Հայ մարզիկներ:

    Իրանի Իսլամական յեղափոխութիւնից յետոյ Համահայկական խաղերին մասնակցել են նաեւ խմբեր՝ Լիբանանից, Սիրիայից, Հայաստանից, Արցախից,  Զաւախքից, Ֆրանսիայից,  Իրաքից եւ այլն: Իսկ խաղերի բացման հանդիսութիւններն իրենց ներկայութեամբ պատւել են Իրանական կամ Համահայկական առումով երեւելի դէմքեր, ինչպիսիք են Իրանի Իսլամական Հանրապետութեան ժամանակի նախագահ՝ պրն. Խաթամին եւ տարբեր շրջանների հանրապետութեան նախագահի օգնական եւ Մարմնակրթութեան Կազմակերպութեան նախագահներ, խորհրդարանի պատգամաւորներ եւ այլն:

    Մինչեւ 1974 թւականը մրցումները կազմակերպւում էին կազմակերպութեան կենտրոնատեղիում (Նոբահար) կամ երբեմն էլ պետական մարզադաշտերում ու մարզասրահներում: Մարզաւանի կառուցումն աւարտելուց յետոյ (1974 թւական), այդ բոլորը տեղի են ունենում սեփական մարզադաշտի մէջ՝ մարզաւանում:

    Իսկ 1972 թւականից յետոյ  (բացի 1979) Միութիւնը իւրաքանչիւր մարտ ամսի դպրոցական արձակուրդների ընթացքում (նորուզ), կազմակերպում է Թեհրանի Հայոց Դպրոցներ յաճախող Հայ աշակերտների մրցութիւններ՝«Համադպրոցական մրցոյթներ» ի անւան ներքոյ։ Վերջին տարիներին  խաղերին մասնակցում են նաեւ   Թեհրանի  ոչ հայկական դպրոցներ յաճախող հայ աշակերտներից կազմւած խմբերը:

    Հայ Մշակութային «Արարատ» կազմակերպութեան Մարզական Միութիւնը Իրանահայ մարզանքին թափ տալու հետ միատեղ նաեւ իր յարկի տակ մարզւած Հայ մարզիկներով զարկ է տւել նաեւ երկրի մարզանքի զարգացմանը։

    1973 թւականին, Կազմակերպութեան Մարզական Միութեան բռնցքամարտի անդամներ՝ Մասիս Համբարձումեան, Արամայիս Պօղոսեանը, Գասպար Սինաբեանը եւ Արմիկ Ասատրեանը ընտրւում են Իրանի բռնքկամարտի ազգային հաւաքականի անդամ։

    1975 թւականին, Կազմակերպութեան օրիորդաց բասկետբոլի մարզիկուհիներ՝ Մարօ եւ Դիանա Յովհաննիսեանները, Էւլին Աւագեանը, Մառի Ազիզեանը եւ Հիլդա Մելքոնեանը,  եւ հետագային Օդէթ Աղաջանեանը հրաւիրւում են Իրաի օրիորդաց բասկետբոլի ազգային հաւաքական խմբի մէջ։ Իսկ տղայոց բասկետբոլից՝ Թոնի Աբգարը, Սիմոն Բահրամչեանը եւ Էդւարդ Թովմասեանը հրաւիրւել են Իրանի բասկետբոլի նոյնպէս Իրանի Հաւաքականի անւան տակ մասնակցել են Ասիայի ախոյեանական մրցումներին։

    1981 թւականից Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի, Ուրմիայի եւ Գեարդաբադի մասնաճիւղերի համագործակցութեամբ,  հիմքն է դրւել «Հ.Մ.Ա.Կ.-ի Միամասնաճիւղային խաղեր»-ի, որը ամէն ամառ տեղի է ունենում մասնաճիւղերում, մեծ հետաքրքրութիւն առաջացնելով տեղի համայնքներում:

    Միութեան ներքին կեանքը աշխուժացնելու համար 1981 թւից, հիմք է դրել նաեւ գաւաթ մարզախաղերին, որին մասնակցում են Թեհրանի միութիւնները, ամբողջ ձմեռւայ սէզոնի ընթացքում:

    Միութիւնը կազմակերպել է նաեւ հայ «նահատակ զինւորներ»-ի անունով մարզախաղեր։ Նահատակներ՝  որոնք զոհ են գնացել 1981 թւականի աշնանը Իրաքի կողմից Իրանին պարտադրւած պատերազմի ընթացքում,՝ յանուն  Իրանեան հայրենիքի  հողային ամբողջականութեան եւ անկախութեան։

    Մարզական Միութիւնը Մասնակցութիւն է բերել Թեհրանահայ, Հ. Մ. «Սիփան», «Նայիրի» եւ միւս  միութիւնների կողմից կազմակերպւած նոյնպէս էլ Նոր  Զուղայի «Արարատ» միութեան «Գարնանային խաղեր», մարզամրցումներին:

    Մարզական Միութիւնը վերոյիշեալ աշխատանքներից բացի ունի նաեւ գործօն ու  աշխոյժ դերակատարութիւն  Հայաստանի Համահայկական Մարզախաղերին կապւող նախապատրաստական աշխատանքներում եւ ունի մեծ դերակատարութիւն։  

    Հայ Մշակութային «Արարատ» կազմակերպութեան ֆուտբոլի խումբը  երկարատեւ ու փայլուն անցեալ ունենալով, եւ Իրանի ֆուտբոլի հաւաքականին փայլուն դէմքեր շնորհելով հանդերձ, վերջին տարիներում նիւթական ծանր կացութեան պատճառով չկարողացաւ շարունակել իր գոյութիւնը, ներկայիս հիմնակառուցային աշխատանքներ է տարւում ֆուտբոլը վերակենդանացնելու համար եւ արդէն իսկ բաւարար յառաջխաղացք է ունեցել։ Յոյս ունենալով որ պետական օժանդակութիւններով կը կարողանանք վերակերտել մեր անցեալի փառքը այս մարզաձևում ևս: 

 

 

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐ
    Հ.Մ.Ա.Կ.-ի մարզական միութիւնը, 1964 թւականից ի վեր, Մարզական Միութիւնը նախաձեռնել է Համահայկական մրցոյթներ կազմակերպման, որը իր կարեւոր նպաստն է բերել հայապահպանման, իրանահայ գաղութի տարբեր շրջանների միջեւ՝ սերտ ու մտերմիկ յարաբերութիւններ ու համագործակցութիւնների իրագործման  հեռանկարով։

 

ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ

    Հայ մշակութային «Արարատ» Կազմակերպութիւնն իր հիմնադրման թւականից նպատակադրել էր Հայեցի եւ ազգային դաստիարակութեան կողքին, մարզել նաեւ համայնքի Հայ պատանիների ու երիտասարդների մարմինն ու ոգին։ Համահայկական մարզական տարեկան փառատօնի յաջող փորձն ունենալով իր աշխատանքային վիճակացոյցի մէջ,  1973 թւականից ի  վեր, նախաձեռնեց Համադպրոցական մարզական խաղերի կազմակերպմանը, որոնք տեղի են ունենում ամէն տարի  գարնանային արձակուրդների ընթացքում։
    Այդ խաղերը բացառաբար չեն կայացել երեք տարի, զուգադիպելով Իսլ. Յեղափոխութեան եւ պարտադրւած պատերազմի զգայուն ժամանակաշրջաններին։ Առաջինը կայացել է 1973 թւականին, կազմակերպութեան 21-րդ նստաշրջանի ժամանակ, որին մասնակցել են 20 դպրոցի աշակերտ-ուհիներ։

 

ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐՆ ԵՆ

        Բասկետբոլ

        Վոլէյբոլ

        Պինգ-Պոնգ

        Թեթեւ Ատլետ

        Տեկվանդօ

        Թենիս

        Բռնցքամարտ

        Լող

        Ճատրակ

        Ֆուտբոլ