Գյումրիում այսօր բացվել է հասարակական-քաղաքական գործիչ, Հայաստանում և Օսմանյան կայսրությունում սկաուտական շարժման հիմնադիր Վահան Չերազի արձանը: Այն Գյումրիում տեղադրելու նախաձեռնությամբ հանդես է եկել Հոմենըթմենը (Հայ մարմնակրթական ընդհանուր միություն), իսկ առիթը եղել է Հայաստանում սկաուտական շարժման հիմնադրման 100-ամյակը:
Վահան Չերազը քաղաքական գործիչ լինելուց բացի հայտնի մարզիկ էր, նա առաջինն էր, որ Թուրքիայում հիմնեց ֆուտբոլային խմբեր և կազմակերպեց խաղեր: Չերազը Նիկոլ Աղբալյանի հրավերով Կոստանդնուպոլսից 1920 թվականին եկել և հաստատվել է Ալեքսանդրապոլում, զբաղվել Արևմտյան Հայաստանից գաղթած, Ամերկոմի որբանոցներում ապրող հայ երեխաների դաստիարակությամբ ու խնամքով: Այն տանը, որտեղ ապրել է Չերազը, հիմա տեղակայված է Մերկուրովի անվան նկարչական դպրոցը:
Արձանի բացմանը ներկա են եղել Վահան Չերազի դուստրը՝ Բյուրակն Չերազ-Անդրասյանը, թոռը՝ Ավետիք Իշխանյանը, աշխարհի 26 երկրներից ժամանած 1200 սկաուտներ, ովքեր մասնակցում են նաև Հայաստանում անցկացվող 11-րդ սկաուտական բանակումին: Սկաուտները Գյումրիի Վարդանանց հրապարակում անցկացրել են շքերթ, որտեղ առանձին խմբերով ներկայացրել են իրենց երկրներն ու դրոշները: