Հրատարակութիւն

PDF
Կիրակի, 02 Սեպտեմբեր 2018 18:16
Rate this item
(0 votes)

Համահայկական խաղերի ջահակիր Մարգար Աղաջանեան

Ջահի օրհնութեան եւ բոցավառման արարողութիւնը կատարւեց «Արարատ» մարզաւանի Ս. Խաչ

մատուռում, ձեռամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, օգոստ. 27-ին:

 

Օրհնելուց յետոյ ջահը յանձնւեց 50-րդ շրջանի խաղերի ջահակիր, Իրանի ֆուտբոլի հաւաքականի մարզիչ Մարգար Աղաջանեանին:

 

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Սրանից 50 տարի առաջ Հ. Մ.«Արարատ» կազմակերպութեան նախաձեռնութեամբ Թեհրանում հիմքը դրւեց Համահայկական մարզական խաղերի, որը իւրովի խանդավառութիւն է ստեղծում իրանահայ կեանքում, ի մասնաւորի մարզական կեանքում:

 

Այս տարի օգոստոսի 29-ին «Արարատ» մարզաւանում բացումն է կատարւելու 50-րդ Համահայկական խաղերի: Խաղերի բացման հանդիսութիւնից առաջ, երէկ՝ երկուշաբթի, օգոստ. 27-ի երեկոյեան բոցավառւեց խաղերը խորհրդանշող ջահը:

 

Ջահի օրհնութեան եւ բոցավառման արարողութիւնը կատարւեց «Արարատ» մարզաւանի Ս. Խաչ մատուռում, ձեռամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ ջահը յանձնւեց 50-րդ շրջանի խաղերի ջահակիր, Իրանի ֆուտբոլի հաւաքականի մարզիչ Մարգար Աղաջանեանին: Ջահի օրհնութեան արարողութիւնը իրականացաւ ներկայութեամբ առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանի, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետի եւ անդամների, Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան եւ 50-րդ Համահայկական խաղերի կազմակերպիչ յանձնախմբի անդամների: Ջահի օրհնութեան կրօնական արարողութեան ընթացքում թեմակալ առաջնորդը ընդգծեց, որ բարի է լոյսը, որովհետեւ կեանքի առաջնորդն է եւ մարդու միտքը պայծառացնում է:

 

Թեմակալ առաջնորդը Հ.Մ.Ա.Կ.-ի նախաձեռնութեամբ կազմակերպւող Համահայկական խաղերի 50-րդ շրջանի մասնակից մարզիկներին խրախուսեց, որ մարզական ոգով եւ խաղերի օրէնքները յարգելով մրցակցեն:

 

Նշենք, որ ջահը մինչեւ խաղերի բացման օր՝ օգոստ. 29-ի երեկոյեան, բոցավառւած մնալու է Ս. Խաչ մատուռում, բացման հանդիսութեան օրը այն փոխադրւելու է մարզադաշտ եւ մինչեւ փակման հանդիսաւոր արարողութիւնը ջահը մնալու է անմար: