Այսօր լրանում է Հայ մշակութային Արարատ Կազմակերպութեան 75 և Թաւրիզի մասնաճիւղի 65 ամեակները:
Մի մեծ ընտանիք, որի աշխատանքների սկզբնաղբիւրը և նպատակները ելնում են մեր ազգի մտահոգութիւններից, սերունդների հայեցի դաստիարակութիւնից և ի մի հաւաքելուց:
Ամէն ինչ սկսւեց՝ մի շարք երիտասարդների ներքին կրակի միջոցով առաջացած մղիչ ուժի գոյութիւնից, որոնք հաւաքւելով ստեղծեցին հիմքը այս հաւաքականութեան, որը այսօր դարձել է 75-ամեայ մեր Արարատը, և տարածւել է Իրանի տարբեր քաղաքներում ևս:
Արարատականութիւնը չի սահմանափաւում միայն անդամակցութիւնով: Ով անցել է այս հնոցով կամայ թէ ակամայ մնում է Արարատական և այդ ճամբով ծառայում է ազգին ներդնելով հիմնականում իր բարոյական պարտականութիւնները, իր ընտանիքի, համայնքի և ազգութեան ի սպաս:
Արարատականները իրենց ներդրումն են ունեցել և ունենում ամենուր, որտեղ կարիքը կայ իրենց, կարիքը կայ կազմակերպելու, երբ կարիքը կայ հոգատարութեան երբ կարիքը կայ օժանդակութեան:
Արարատի մեծ ընտանիքը այսօր պատիւն ունի հիւրընկալելու ձեզ իր մեծից փոքր անդամներով իր 4 միութիւններով, Երէցով և իր մասնաճիւղերով, իր հիմնադիր անդամներով, կրտսերներով վարչութիւններով իր աւագ սերունդով մի սերունդ, որ լուռ ու մունջ իր ներդրումն է ունեցել և ունի Արարատում, համայնքում, Հայաստանում և նրա թարմ և ընդօրինակելի օրինակն է մեր բոլորի կողմից սիրւած ու յարգւած ընկեր Էլբիս Գասպարեան Արզումանեան, այսպէս ասած Էլբիս մօքուրը ով օրեր առաջ Արամ Կաթողիկոսի կողմից պարգևատրւել է Ասպէտ-ի շքանշանով:
Դա մեր ընտանիքի պարտականութիւնն է
Արարատի ընտանիքի
Արարատի մեծ ընտանիքի, որի անդամների սրտերում հիմնադրումից վառ է պահւել ներքին մղիչ կրակը, որը փոխանցւել է սերնդեսերունդ:
Եկէք միասին արժէք փոխանցենք գալիք սերունդներին:
Այս ճամբին, սիրելի հիւրեր, կարիքն ունենք նաև ձեզ: Ձեր փոքրիկներին ուղորդելով Սկաուտական Մարզական և Արւեստից միութիւններին երէք չորրորդ դար միասին ենք եղել: Այսուհետ էլ նոյնն ենք անելու լաւ ու վատ, դժւար և ուրախ օրերին, քանի որ սա մեր ընտանիքն է Այստեղ մեր տանն ենք, գուցէ երկրորդ տունը: