Print this page
Կիրակի, 19 Հունվար 2020 10:44
Rate this item
(1 Vote)

2020 թ.-ի  յունւարի 15-ի երեկոյեան «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում  տեղի ունեցաւ 44-րդ Համադպրոցական խաղերի բացման հանդիսութիւնը:

Թւով 13 դպրոցների աշակերտ-ուհիներ մասնակցում են սոյն խաղերին:

  Բացմանը ներկայ էին  Թ.Հ.Թ. Բարեխնամ Առաջնորդը,

 

 Թեմական և Կրթական խորհրդների,Ազգային մարմինների, Պատգամաւորական ժողովի ներկայացուցիչները, դպրոցների տեսուչներն ու փոխտեսուչները,Ծնողական խորհրդները, զանազան շրջանների Մարզական միութեան պատասխանատուները, օրւայ Կենտրոնական վարչութիւնը,Մարզական միութեան վարչութիւնն ու պատասխանատուները, միութիւնների վարչականներն ու ծնողները։

Պաշտօնական ծրագրի բացումը կատարեցին հաղորդավարներ Արտոյտ Զոհրաբեանը և Վանէ Մակարեանը, ովքեր  ծրագրի ընթացքին ոգեշունչ խօսքերով հաղորդեցին օրւայ պատգամը նաև ներկայացրին  ջահակրի և երդւեալների կենսագրական գծերը։Տէրունական աղօթքով ոտնկայս, մեկնարկեց դպրոցական խաղերը։

  Տեղի ունեցաւ  դրօշակների արարողութիւն Սկաուտական միութեան դրօշակագարդի և  թմբկահարների միջոցով։Երկու  հիմներգերով ծածանւեցին Իրանի ԻՀ և«Արարատ»-ի ու Համադպրոցական խաղերի դրօշները, այնուհետև Մարզական վարչութեան նախագահ ընկեր Հարմիկ Սարգսեանը արտայայտւեց օրւայ առիթով, ապա խուռներամ շարքերով ներկաների ծափողջիւնների ներքոյ դահլիճում  տողանցեցին աշակերտ-ուհիները իրենց պատասխանատուների և ծնողական խորհրդների ներկայացուցիչների գլխաւորութեամբ,որից յետոյ ջահագառդը՝ բաղկացած թէնիսի բաժնի  կրտսեր անդամներից ջահակիր՝ թենիսոր Արգին Թարինեանի գլխաւորութեամբ մուտք գործեց, սրբազան հայրը օրհնեց  ապա մեծ ոգևորութեամբ սրահի կենտրոնում  բոցավառւեց 44֊րդ Համադպրոցական խաղերի ջահը:

Ազգային կարգի իրաւարար,երկար տարիներ Արարատում բասկետբոլի  իրաւարար՝ ընկեր Արբի Գալստեանը կատարեց Իրաւարարի երդումը։

Մարզիկի երդումը կատարեց բասկետբոլիստ Էռւին Շահնազարեանը, այնուհետև հրաւիրւեց Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկեր Հարմիկ Զովելեանը օրւայ առիթով արտայայտւելու, նա ողջունեց ներկաներին ապա անդրադառնալով Համադպրոցական խաղերի նպատակին, խրախուսեց ծնողներին,որ դէպի   միութեանական կեանք ուղորդեն իրենց զաւակներին, որտեղ կստանան մարզամշակութային դաստիարակութիւն,նաև մաղթեց ընկերական ու առողջ մրցակցութիւն Արարատի հարազատ յարկի տակ։

  Պաշտօնական բաժնի աւարտին իր օրհնանքն և Հայրական խօսքը փոխանցեց Թեմի Բարեխնամ Առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:Այնուհետև

Աշակերտները տեղաւորւեցին  յատկացւած աթոռներին, դիտելու  իրենց ընկերների ցոյցերը։

  Գեղարւեստական և մարզական ցոյցերի բաժնում կատարւեց Երկու պար «Արարատ» պարախմբի միջոցով ղեկավարութեամբ՝ Անահիտ Մանուկեանի, երկու պար «Ակունք» պարախմբի միջոցով ղեկավարութեամբ՝ Կարինէ Մանուչերիի,

Կառատէի ցոյցը ներկայացրեց Հ.Մ.Մ.«Րաֆֆի» հ.֊ի խումբը՝ բաղկացած աշակերտ֊ուհիներից ղեկավարութեամբ մարզիչ Լևիկ Նազարեանի և օգնական Անի Նազարեանի։

Պարան ցատկելու ցոյցը ներկայացրեց «Մարիամ» հաստատութիւնը։

 Տեղի ունեցաւ ֆուտբոլի ցոյց «Արարատ»-ի Կրտսեր խմբի միջոցով, մարզիչներ՝ Արմէն Թահմասեան և Լևիկ Մատթէոսեան։

Բասկետբոլի ցոյցը ներկայացրին «Արարատ»-ի մինի խումբը,  գլխաւոր մարզիչ՝ Առաշ Ղաֆարի, մարզիչ՝ Արթին Հաթամզադէ, պատ. Վարագայ Սիմոնեան։ Հեծանւավազքի ցոյցը ներկայացրեց Նարեկ Ալլահեարեանը:

 Ծրագրի սկզբից մինչև աւարտը Ալէնը և իր նւագախումբը երգով ու երաժշտութեամբ համագործակցում էին  և ելոյթներ ունենում:

Նշելի է՝ նախասրահում յանձնախումբը քաղցրաւենիքով բարի գալուստ էր մաղթում  հիւրերին  և  որ սրահը զարդարւած էր մարզաճիւղերի սիմւոլներով ու  դպրոցների անուններով։

Հաղորդավարները փակման պահին  շնորհակալութիւն յայտնեցին Գեղարւեստական խմբերին, Մարզական ցոյցերի  մասնակիցներին և բոլոր այն  անձանց,  որոնք ցուցաբերեցին անվերապահ օժանդակութիւն։

Աւարտին տեղի ունեցաւ գեղեցիկ հրավառութիւն և  ներկաները դահլիճը թողեցին բարձր տրամադրութեամբ:

Շուրջ 430 աշակերտ֊ուհիներ սկսեալ  յառաջիկայ շաբաթւանից  կը մրցեն միմեանց հետ։

Աշակերտներին մաղթում ենք արդար, ազնիւ և ընկերական մրցումներ։

Յանձնախմբին, պատասխանատուներին, դպրոցների կազմերին և Ծնողական խորհրդներին ցանկանում ենք  ոյժ ու կորով մրցումների ընթացքին լաւագոյն և յիշարժան պահեր յաւերժացնելու գործում։

 

44-րդ Համադպրոցական խաղերի բացման յանձնախմբի անձնակազմի  ընկերներն են՝

Պատասխանատու՝ Գառնի Խեչումեան

Նայիրի Զովելեան

Անի Բաբախանեան

Ագնես Շահբանդարի

Մարզական միութեան կապ՝

Անետ Միրբէգեան

 

 

Կենտրոնական Վարչութեան խօսք   Ընթերցւած 44-րդ Համադպրոցական խաղերի բացման հանդիսութեանը 15 յունւարի 2020թ.

 

Թեհրանի Հայոց Թեմի Բարեխնամ Առաջնորդ` Գերաշնորհ Տ. Սեպուհ Ս. Արքեպիսկոպոս Սարգսեան և ազգային մարմինների ներկայացուցիչներ, սիրելի հիւրեր, մարզիկներ, աշակերտներ, ծնողներ

44-րդ Համադպրոցական խաղերի բացումն ենք կատարում այսօր, խաղեր, որը միտք բանի նախ համախմբելն է աշակերտութեան միութեան յարկի տակ՝ մարզելու, մրցելու, ընկերանալու, շփւելու և բարեկամանալու միմեանց հետ:

Նպատակն է ուղորդել աշակերտութեան դէպի միութիւն: Միութիւն, որի գերնպատակն է կրթել մարդու տեսակ, որը կը կարողանայ ծառայել ազգին ու հայրենիքին:

Մեծ է նպատակն ու ցանկութիւնը:

Մեծ է ու ժամատար և դժւար:

Այո դժւար է կեանքի այս պայմաններում, որ մարդը ներւած է մեծ մրցակցութեան մէջ:

Մեծ է մրցակցութիւնը նամանաւանդ աշակերտութեան համար: Ամէն մի աշակերտ նախ զինւում է կրթութեամբ, դաստիարակւելով որպէս մարդ, քաղաքացի և գիտակից անհատ:

Հայկական դպրոցները իրենց մթնոլորտով ու դասացուցակով ու արտադասարանային աշխատանքներով մեծ դեր ունեն այս ուղղութեամբ, այս շարանում և որպէս անբուժելի լրացուցիչ մեծ դեր է պահւած միութիւններին:

Մենք մեր լաւագոյնն ենք փորձում այս ուղղութեամբ մեր մատաղ սերնդին ներգրաւելով մարզական, արւեստի ու սկաուտական խմբերում:

Մեծ է դերը մեր սիրելի ծնողների, որպէսզի խրախուսեն և ուղորդեն իրենց զաւակներին դէպի միութիւններ:

Մեծ է դերը նաև Կրթական խորհրդի, ուսուցիչների և Ծնողական խորհուրդների, տեսուչների, փոխ տեսուչների, որպէսզի առիթը տան միութիւններին մօտից շփւելով աշակերտութեան՝ իրենց ձիրքերը ներհանելու և ուղղութիւն տալու գործում:

Համադպրոցական խաղերը այն առիթն է, որ պիտի աւելին օգտագործւի նաև մեր միութիւններին համալրելու մեր մարզաձևերը և խմբերը:

Այն ինչ ականատես էք եղել և լինելու, արդիւնքն է տարիների փորձառութեան և նոր մտքերի մեր միութենականների և մեր կողքին կանգնած անհատների աշխատանքի, որը շատ հեռու է կատարեալից:

Ձեռք ձեռքի, կողք կողքի, ամուր քայլերով և յամառ կամքով դեռ շատ ճանապարհ ունենք կտրելու՝ հասնելու կատարեալին ...

 

Հ.Մ.«Արարատ»Կ.

Լուսանկարներ