Print this page
Երկուշաբթի, 25 Ապրիլ 2022 15:17
Rate this item
(0 votes)

 

Երէցների միութեան «Գրական շրջանակ»-ի սոյն տարեշրջանի 6-րդ հանդիպումը տեղի ունեցաւ ապրիլի 9-ին հեռավար ձեւաչափով՝  նւիրւած Մայրերի տօնին։ Ներկայ էին 10 ընկերներ։

Ընթերցւեց ժամանակակից գրող Անուշ Սարգսեանի կենսագրականը եւ նրա ինքնակենսագրական վէպից «Մայրս» հատւածը։

Ընթերցւեցին հետեւեալ  բանաստեղծութիւնները.

Իրանահայ բանաստեղծ Կոլիա Տէր Յովհաննիսեանից «Մայրերի տօնն է, մա'յր».

Պարսկերէից թարգմանւած «Մօր սէրը».

Յ.Շիրազից «Մայրս»։

Ընկեր Յարութ Նազարեանը գիթառի հնչիւններով  կատարեց իր իսկ յօրինած երգը Եղիշե Չարենցի «Գազէլ մօրս համար» բանաստեղծութեան  խօսքերով։

  Ներկայացւեց Ազնաւուրի «La mama» յայտնի երգի հայերէն տարբերակի տեսաֆիլմը Պերճ Թուրաբեանի կատարմամբ։

 Այլ նիւթերի շարքին ընթերցւեց Պ.Սեւակի «Բարեւ» բանաստեղծութիւնը։

ԳԱԶԷԼ ՄՕՐՍ ՀԱՄԱՐ

                       Ե. Չարենց

 

Յիշում եմ դէմքը քո ծեր,  մայր իմ անուշ ու անգին,

Լոյս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին։

 

Ահա նստած ես տան դէմ ու կանաչած թթենին

Դէմքիդ ստւեր է գցել, մայր իմ անուշ ու անգին։

 

Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես յիշում այն,

Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին։

 

Եւ յիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց_

Ո՞ւր է արդեօք հեռացել,  մայր իմ անուշ ու անգին։

 

Ո՞ւր է արդեօք հիմա նա, ո՞ղջ է արդեօք թէ մեռած,

Եւ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին։

 

Եւ երբ յոգնած է եղել, եւ երբ խաբւել է սիրուց_

Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին։

 

Մտորում ես դու տխուր եւ օրրում է թթենին

Տխրութիւնը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին։

 

Եւ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մէկ֊մէկ

Քո ձեռքերի վրայ ծեր, մայր իմ անուշ ու անգին...

1920