Հրատարակութիւն

PDF
Կիրակի, 26 Հունիս 2022 18:18
Rate this item
(0 votes)

Սոյն թւականի ուրբաթ, յունիսի 24-ի առաւօտեան Արարատ մարզաւանի "Շահբազեան" սրահում Մարզական միութեան նախաձեռնած՝ Իրանի 53-րդ Համահայկական խաղերի գործադիր յանձնախումբը հանդիպում ունեցաւ Թեհրանից և շրջանից ներկայ միութիւնների ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը ներկայ էին՝ Սիփան, Սարդարապատ, Նայիրի, Րաֆֆի, ՀԲԸՄ միութիւնների եւ Ուրմիայի մասնաճիւղի ներկայացուցիչները:

Բացակայ էին՝ ՀՀԸՄ, Չհարմահալ միութիւնները և միւս շրջանները։

Հանդիպման ընթացքին նախ Հ.Մ.Ա.Կ.ի Մարզական միութեան նախագահ՝ ընկ. Արբի Սարգսեանը բարիգալստեան խօսքով հանդէս եկաւ և իր խօսքերում շեշտեց, որ երկամեայ համաճարակի թեթևացումից յետոյ այս շրջանի վարչութիւնը մեծ ջանք է ի գործ դնում աշխատանքների ու մարզաձևերի վերականգնման ուղղութեամբ, այդու ցանկալի է միութիւնները ևս մարզաձևերի վերակամգնման անհրաժեշտութեամբ զբաղւեն ու այդպէս հնարաւոր կը լինի նախկին շրջանից աւելի զօրեղ և մեծ թւով մարզիկների մասնակցութեամբ գործադրել խաղերը, այնուհետև ներկայացրեց ընկ. Նորիկ Մինասեանին, որպէս 53-րդ Համահայկական խաղերի յանձնախմբի նախագահ,
ընկ. Նորիկ Մինասեանը ևս իր հերթին շնորհակալութիւն յայտնեց հրաւէրը ընդառաջելու համար ապա ներկայացրեց յանձնախմբի անդամներին և բացատրութիւններ տւեց այս տարւայ խաղերի,
բացման հանդիսութեան, գրասենեակային աշխատանքների ու արձանագրութեան ժամկէտների, հանրային կապի, մարզական մրցութիւնների, բանակումի և այլ աշխատանքների վերաբերեալ:

Խաղերի պատասխանատու՝ ընկեր Էդւին Աւանէսեանը ևս մի շարք բացատրութիւններ տւեց և պարզաբանումներ կատարեց մրցումների վերաբերեալ։

Յանձնախումբը նկատի ունենալով ներկաների հարցերն, առաջարկներն ու խնդիրները ցանկացաւ, որ առաջիկայ հանդիպումներին միութիւնների մասնակցութիւնն լիակազմ լինի, որպէսզի միասնաբար արծարծւած հարցերին վերահասութիւն տրւի։

Միասնական անդրանիկ հանդիպումն աւարտւեց և սկիզբը դրւեց՝ մեծ ու համայնքում շատ սպասւած ու սիրւած աշխատանքի։