Print this page
Երեքշաբթի, 08 Հոկտեմբեր 2013 19:09
Rate this item
(3 votes)

 

    Սեպտեմբերի 27-ին Դպրոցական տարեմուտի առիթով Արարատ կազմակերպութեան Արւեստից միութեան կողմից կազմակերպւած Մանկական Դաշտահանդէսին Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան  Արւեստի «դպրոց»-ի լրագրութեան դասընթացի մասնակիցները հարցազրոյցներ են անցկացրել դաշտահանդէսին ներկայ աշակերտների հետ:

 

    Հարցերը երկուսն էին՝ «ի՞նչն ես հաւանում դպրոցում եւ ցանկանում ես, որ այն նոյն կերպ շարունակւի» եւ «ի՞նչը կփոխէիր քո դպրոցում, եթէ նման հնարաւորութիւն ունենայիր»:

    Հարցազրոյցներն անցկացւել են 27 հոգու հետ՝ 5-ից 13 տարեկան: Հարցազրոյցը վարողները 9-ից 13 տարեկան են:

    Արդիւնքները

    27-ից 7–ը դպրոցը սիրում է հէնց այնպէս, ինչպէս, որ կայ: 11-ը նշել է դասերը, կամ առանձին դասեր: Ընդամենը 4 հոգի սիրում է դպրոցը, քանի որ այնտեղ հանդիպում է իր ընկեր-ընկերուհիներին: Ուսուցիչների պատճառով դպրոց գնալ սիրում է 5 հոգի: 4 հոգի էլ ամէնից շատը սիրում են դասամիջոցը, խաղերը, ֆուտբոլը:

    Դպրոցում դասերը չեն սիրում 6 աշակերտ: Դպրոցի շէնքն ու հնարաւորութիւնները՝ բակի ասֆալթը, ֆուտբոլի գոլը, պատերի գոյնը, զովամուղը, կփոխէր 5 հոգի: Որոշ ուսուցիչներից դժգոհ է 1 հոգի: 2 հոգի նախընտրում է ազատ հագուստ կրել: 2 հոգի էլ կփոխէր ամէն ինչ:

    Նոյն հարցերը տրւել են նաեւ 7 մեծահասակների:

    Նրանց մեծ մասը սիրով եւ կարօտով է յիշել դպրոցը, նշել են որոշ սիրելի դասեր՝ հայոց պատմութիւն, թւաբանութիւն, մարզանք, հայոց լեզու,... Մէկ հոգի ափսոսել է, որ իրենց ժամանակ համակարգիչ (քոմփիւթեր) չի եղել:

    Այս հարցազրոյցները լրագրութեան դասընթացի մասնակիցների՝ մարդկանց հարցեր տալու եւ պատասխանները ստանալուց յետոյ դրանք գրառելու առաջին փորձն էր:

    Շնորհակալութիւն Արիելային, Նունէին, Ռենիին, Նանորին, չորս Արփաներին, երկու Արամէներին, Էմինին, Արգինին, Ալինին, Նոյին, Մհերին, Դերենին, Լանային, Գագիկին, Դրոյին, Լէոյին, Նորվանին, Դւինին, Լիանային, Աննին, Նարեկին, Սիոնային եւ Սելիային, ինչպէս նաեւ Հովիկին, Արփիին, Անիին, Արամազդին, Թադէին, Անահիտին եւ Իրինային հարցերին պատասխանելու համար:

    Հարցազրոյցները վարեցին եւ լուսանկարեցին Ալէ Խալոյեանը, Անի Յովսէփեանը, Աննա Մկրտչեանը, Անուշ Ղուկասեան, Արմի Մկրտչեանը, Աւետ Աւագ Ղահրամանեանը, Դալար Թահմասեան, Երազ Բանդարին, Էմին Տէր Յովհաննիսեանը , Լիոնա Սիմոնեանը, Մեղրի Սարխոշեանը, Միշէլա Միրզախանեանը, Միրօ Նազարեանը եւ Վահէ Սարխոշեանը: