Հրատարակութիւն

PDF
Շաբաթ, 02 Նոյեմբեր 2013 14:18

Հ.Մ.Ա.Կ.-ի 70-ամեակի ընտրւած խորհրդանշի շնորհանդէսը

Rate this item
(2 votes)

 

    «Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան 70-ամեակը նշող յանձնախումբը, արդէն թւականիս Յուլիսից որմնազդի եւ տեղական հայերէն լրատւամիջոցներով, տեղեկացրեց որ մրցութեան է դրւում կազմակերպութեան 70-ամեակի խորհրդանշի գծագրումը»։

 

    Հինգշաբթի հոկտեմբերի 31-ին ընտրւած խորհրդանշի շնորհանդէսի եւ յայտարարման ծրագրի ընթացքում, յանձնախմբի նախագահ՝ ընկ. Հրաչ Զարիֆեանը իր զեկոյցի ընթացքում  աւելացրեց թէ՝ «Խորհրդանշի յանձնման վերջին ժամկէտ նշանակւեց սեպտեմբերի 15-ը, որից յետոյ սկսւեց ամենալաւագոյնի ընտրման հանգրւանը։ Թւով 18 սկսնակ եւ արհեստավարժ գծագրիչներ 55 խորհրդանշի նախագծեր էին ուղարկել, որոնցից 10-ը յանձնախմբի քւէարկութեամբ անցան եզրափակիչ հանգրւան, լաւագոյնը ընտրելու համար։ Այնուհետեւ հրաւիրւեց իրանահայ նշանաւոր գրաֆիստ եւ համալսարանի դասախօս պրն. Սերժ Աւագեանը, որը պիտի ընտրէր ամենալաւագոյնը։ Նա եւս քննարկելով թէ՛ յանձնախմբի ընտրած 10-ը եւ թէ՛ ստացւած 55 ամբողջ գծագրութիւնները ընտրեց հէնց 10 ընտրւածներից մէկը, որը ներկայացւեց Կենրոնական Վարչութեան եւ վերջինս եւս հաստատեց դա»։  

    Ընկերն աւելացրեց թէ ընտրութեան ամբողջ հանգրւաններում ընտրողներից ոչ մէկը չգիտէին գծագրողների անունները, հաւանական ազդեցութեան առաջն առնելու համար։

    Այնուհետեւ Կազմակերպութեան Կենրոնական Վարչութեան նախագահ՝ ընկ. Համլետ Խալոյեանը եւ ինքը յանձնախմբի նախագահը վերցրին ընտրւած նախագիծը ծածկող քողը, որը տեղադրւած էր ներկաների դիմաց եւ ապա յայտարարւեց շահողների անունները՝ Լիլիան Գալստեան եւ Արին Մկրտիչ, որոնց տրւեց իրենց նւէրները։ Ընկ. Հրաչը աւելացրեց թէ 2014 թւականի յունւարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը Կազմակերպութեան բոլոր նամակագրութեան թղթերն ու միջոցառումները կրելու են այս խորհրդանիշը։

    Այնուհետեւ ընկ. Համլետ Խալոյեանը արտայայտւելով նախ ողջունեց բոլոր մասնակցողներին եւ գնահատանքի արժանի համարեց կատարւածը եւ աւելացրեց թէ երբ այս թւով մասնակիցներ են ներկայանում ինչ որ գործ կատարելու համար, հասարակութեան կապւածութիւնն է ապացուցում կազմակերպութեան հետ։ Ընկերն ապա Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրնական Վարչութեան անունից գնահատանքի եւ ողջոյնի խօսք ասաց բոլոր մասնակցողներին։

    Վերջում ներկաները հիւրասիրւեցին։

    Հարկ է նշել որ ներքոյիշեալներն մասնակցել էին 70-ամեակի խորհրդանշի գծագրման մրցութեանը.

    Ադրինէ Եղիազարեան, Ալէքս Մալէք Քարամ, Անգինէ Բաբախանեան, Արա Տէր Յարութիւնեան, Արամէ Յակոբեան, Արամէ Աւանէսեան, Արին Մկրտիչ եւ Լիլիան Գալստեան, Արմէն Հայրապէտեան, Թադէ Ալէքսանի, Թալին Խուդավերդեան, Մելինէ Պետրոսեան, Լինէտ Փիրջանեան, Հենրիկ Խաչատրեան, Մարիէտ Մարտիրոսեան, Նէլա Կարապետեան, Սարգիս Աբեդեան եւ Սելին Մոթիան։

 

Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան Հանրային Կապ

 

 

 

 

 

Last modified on Կիրակի, 03 Նոյեմբեր 2013 18:25