Հրատարակութիւն

PDF
Շաբաթ, 16 Նոյեմբեր 2013 19:56
Rate this item
(5 votes)

Երէցների Միութիւնը նւիրեց իր ամսական հանդիպումը՝ Սայեաթ Նովայի ծննդեան 300 ամեակին

 

   Թւականիս երկուշաբթի Նոյեմբեր 4–ի երեկոյեան «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում՝ տեղի ունեցաւ Երէցների Միութեան Նոյեմբեր ամսւայ հանդիպումը, որը երաժշտական ու տօնական համ ու հոտ ունէր և նւիրւած էր Սայեաթ Նովայի ծննդեան 300 ամեակին։

 

 

   Հանդիպման սկզբում, միութեան նախագահ՝ ընկ. Անդրէ Գալստեանը ողջունելով ընկերներին՝ ներկայութեան համար, բացատրեց որ տարբեր աղբիւրներում՝ չորս թւականներ են նշւում որպէս Սայեաթ Նովայի ծննդեան թիւ՝ 1712, 1713, 1717 և 1722: Ընկերը աւելացրեց որ ի նկատի ունենալով այն իրականութիւնը որ Յովհաննէս Թումանեանի ջանքերով 1913 թւին Թիֆլիսում մեծ շուքով նշւել Է Սայեաթ Նովայի ծննդեան 200 ամեակը՝ նաև ի նկատի ունենալով որ 1963 թւականին Երևանում, Թիֆլիսում և Մոսկւայում մեծ շուքով կազմակերպւել է Սայեաթ Նովայի ծննդեան 250 ամեակը՝ որին մասնակցել են ՄԱԿ-ի «UNESCO» կազմակերպութեան ներկայացուցիչները ևս, ուրեմն 1713 թիւը պէտք է համարել աւելի ընդունւած թիւ, Հայոց Մեծ Հանճարի ծննդեան թւականի համար: Ընկերը արտայայտւեց որ այդ պատճառով՝ որոշւեց որ 2013 թւականի միութեան ընդհանուր հանդիպումներից մեկը նւիրւի այս ուշ-միջնադարի հանճար՝ Հայ խոշորագոյն բանաստեղծ՝ Սայաթ Նովային:

   Ընկեր նախագահն ապա անդրադառնալով օրւայ բանախօսին, ասաց թէ տկն. Դիանա Յովհաննիսեանը ապրելով մշակութասէր ընտանիքում, շատ փոքր տարիքից մասնակցել է մշակութային տարբեր աշխատանքներին։ Եղել է Արմէն երգչախմբի հիմնադիրներից, ղեկավարութեամբ Վահագն Յարութիւնեանի։ Անդամակցել է Արմէն թատերախմբին, որի բեմադրիչներից էին Շահէն Սարգսեանն ու Արբի Յովհաննիսեանը։ 37 տարի է ինչ անդամակցում է Հայ Կին Միութեանը, անգամներ եղել է Վարչութեան անդամ՝ եղել է փոխ նախագահ ու նաև նախագահ։

   Ունի Անգլերէն եւ ֆրանսերէն լեզուների լիսանս և տարիներ աշխատելուց յետոյ՝ հանգստի է կոչւել: Այժմ տարբեր նիւթերի հաւաքագրութեամբ է զբաղւում, որը ներկայացնում է հասարակութեանը։ Այս ուղղութեամբ ներկայացրել է Լիւսի Թարգիւլի Կոմիտաս վէպը եւ այժմ երկար ուսումնասիրութիւններից յետոյ ներկայացնում է Սայեաթ Նովայի կեանքն ու գործունէութիւնը։ Ընկ. Գալստեանը ապա տկն. Յովհաննիսեանին հրաւիրեց նիւթը ներկայացնելու համար։

   Յարգելի դասախօսն սահիկների ցուցադրումով ու Սայեաթ Նովայի տաղերի ձայնագրւած արտասանութիւններով ու երգերով ներկայացրեց իր խորապէս ուսումնասիրած նիւթը, որը տալիս էր մեծ տաղասողի կենսագրութիւնը, աշխատնքները, ճամբորդութիւնները, տիրապետած լեզուներն ու նաև տարածաշրջանի մշակոյթը, որոնց ուսումնասիրութեան արդիւնքում՝ Սայեաթ Նովան դառնում է այն՛ ինչպէս որ ճանաչում ենք։

   Գնահատելի դասախօսութիւնից յետոյ,  միութեան նախագահ՝ ընկ. Անդրէ Գալստեանը մի շարք ներքին յայտարարութիւններից յետոյ՝ ներկաներին հրաւիրեց հիւրընկալւելու, որի ընթացքում հին Արարատական ընկ. Սաքօ Նազարեանը երգեց Սիլւա Կապուտիկեանի «Գովք Սայեաթ Նովային» երգը եւ ապա ընկ. Յարութ Նազարեանը եւս կատարեց Սայեաթ Նովայի «Թամամ աշխարհ պտուտ եկայ ...» երգը։

   Վերջում նշւեց Նոյեմբեր ամսի ընթացքում ծնւած ընկերների անունները, որից յետոյ հատւեց ու բաժանւեց տարեդարձի կարկանդակը։

 

 

 
Հայ  Մշակութային  «Արարատ»  Կազմակերպութեան Հանրային  Կապ