Հրատարակութիւն

PDF
Երկուշաբթի, 18 Նոյեմբեր 2013 15:07
Rate this item
(2 votes)

    Արդէն տեղեկացրել էինք, որ Հ.Մ.Ա.Կ.–ի «Շանթ» ու «Շանթիկ» Պատանեկան թատերախմբի 25–րդ տարեդարձի առիթով, «Շանթ» խումբը տարիներ անց կրկին անգամ բեմադրեց «Նախշուն Զոքանչներ» կատակերգութիւնը, որի հեղինակն է թատրոնի ժրաջան ղեկավար պրն. Ռուբէն Մկրտկչ Պետրոսեանը, փոխ առնելով մի ժողովրդական ասացւածքից։

 

 

 

   Բեմադրութիւնը, որը մեծ ընդառաջում է գտել համայնքի հասարակութեան կողմից,  վերջին անգամ բեմադրւեց նաեւ նոյեմբերի 7 եւ 8–ին, այս անգամ հիւր ունենալով ազգային մարմինների ներկայացուցիչներին։

   Նախքան բեմադրութիւնը, ընկեր Գարունէ Բանդարեանը բեմ բարձրացաւ Կազմակերպութեան Արւեստից Միութեան բացման խօսքով, որտեղ ակնարկելով «Շանթ» ու «Շանթիկ»  խմբերի  կազմաւորմանը հանգամանօրէն ընդգծեծ է Հ.Մ.Ա.Կ.–ի յատուկ ուշադրութիւնը արւեստի եւ թատրոնի զարգացման նկատմամբ։

   Խօսքն ապա անդրադարձան է պրն. Ռուբէն Մկրտիչ Պետրոսեանի տքնաջան աշխատանքին, որը համբերատարութեամբ, 25 տարիներ շարունակ աշխատել է 4–5 տարեկան երեխաների հետ, եւ նոյները հասակ են նետել ու մարզւել են բեմային աշխատանքներում։

   Հանդիսատեսը շատ չի սպասում, բեմը բացւում է եւ երիտասարդ պատանի «Շանթ»այինները սկսում են «զոքանչների գլուխն ուտելու» գործողութիւնը...

   Իսկ քիչ անց, վարագոյրը նորից ծածկւեց ու երկու Շանթայիններ՝ Թէնի Սարգսեան եւ Արմէն Իսաղուլեանը բեմի վրայ յայտնւելով անդրադարձան խմբերի 25-ամեայ գործունէութեանը, աւելացնելով.-

   «Սիրելի հանդիսատես արդէն քսանհինգ տարի է ինչ Շանթ եւ Շանթիկ թատերախմբերը մաքառելով բոլոր դժւարութիւնները եւ ի մի հաւաքելով երիտասարդ, պատանի եւ մանուկ սիրողական մի խմբակ, մնացել են կանգուն բեմի վրայ եւ ուրախ ենք որ շնորհիւ մեր յարգելի ուսուցչի՝ Ռուբէն Մկրտիչ Պետրոսեանի կարողացել ենք խլել ձեր ծափերը եւ հաճոյք պատճառել ձեզ մեր բեմադրութիւններով:

   «Արդէն  մենք  քսանհինգ տարեկան ենք եւ մեզանից շատերը իրենց մանկական եւ պատանեկան օրերը անց են կացրել Արարատ կազմակերպութեան յարկի ներքոյ կատարելով իրենց շաբաթական փորձերը որոնք անմոռանալի յուշեր են դրոշմել մեր կեանքում:

   «Չնայած որ այս թատերգութիւնը ներկայացնում ենք երկրորդ անգամւայ համար բայց վստահ ենք որ նորից պիտի հաճոյք պատճառենք ձեզ: Այսօր ձեզ ներկայացնում ենք Նախշուն Զոքանչներ  բեմադրութիւնը որը պատրաստւել է մեր սիրելի խմբավարի միջոցով: Նա ազդւելով հայկական ժողովրդական առածներից եւ Իրանի հայահոծ գաւառների տարբեր բարբառներից  թէկուզ  ոչ շատ ճիշտ'  աշխատել է ցուցադրել մեր համայնքի ճիշտ ու խոցելի կողմերը  իհարկէ աւելի ճոխացնելով այն:

   «Յուսով ենք որ մեր բարբառները հանդիսատեսի մէջ չի առաջացնի այն մտածողութիւնը որ մենք աշխատում ենք ծաղրել որեւէ մի գաւառի բնակչի կամ որեւէ մի բարբառի»:

***

   Բեմադրութիւնը երկու արարով սահուն ընթացաւ եւ խանդավառ պահեր պարգեւեց հանդիսատեսին։

   Բեմադրութեան աւարտին, երկարատեւ ծափողջոյնների ներքոյ բեմ բարձրացաւ Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան Կենտրոնական Վարչութեան անդամ ընկ. Ալէքս Կարապետեանը, որը Կենտրոնական Վարչութեան անունից շնորհակալութիւն յայտնեց պրն. Ռ. Մ. Պետրոսեանին, եւ ամբողջ անձնակազմին, շնորհաւորեց «Շանթ» ու «Շանթիկ»-ի 25-ամեակը եւ ապա յուշանւէր յանձնեց պրն. Ռուբէն Մ. Պետրոսեանին։ Ապա իւրաքանչիւր դերակատարի բեմի վրայ քաջալերելով, մէկական ծաղիկներ նւիրեց։

   Վերջում ներկաները իրենց ծաղկեփնջերով ու կողովներով բեմի վրայ գնահատեցին դերակատարներին ու բեմադրիչին:

   Այստեղ կարեւորութեամբ պիտի նշել այն իրողութիւնը, որ՝ ծնողները, որոնք տարիներ շարունակ իրենց զաւակների հետ կանգնած են եղել թատրոնի կողքին, այս անգամ եւս ոչինչ չխնայեցին կատարեալ բեմադրութիւն ներկայացնելու համար, եւ դա նշմարելի էր մանաւանդ փորձերի օրերին, երբ իւրաքանչիւրը ինչ որ մի կերպ փորձում էր գործի «մի պոչը» բռնելու։

   Ծնողների կողքին, նկատելի էին նախկին  «Շանթ»այինները, որոնք տարիքի բերումով արդէն կատարում էին բեմային տեխնիկական աշխատանքները, եւ այս բոլորը միասին հանդիսատեսին հրաւիրում էր դիտելու մի կատարեալ ընտանիքի, որոնք իւրաքանչիւրը իր կարողութեան սահմաններում փորձում էր իր աշխատանքներով ու հոգեկան ներկայութեամբ ու շնչով սատար հանդիսանայ խմբի ամբողջ կազմին։ Մի ընտանիք միասին մեծացան Հ.Մ.Ա.Կ.–ի «Շանթ» ու «Շանթիկ» ի հարազատ յարկի տակ։

   Կարելի է նաեւ այսպէս մեկնաբանել, որ Հ.Մ.Ա.Կ.–ի Կ. Վ. հովանաւորութեամբ եւ շնորհալի  ղեկավարի համբերատար ջանքերի շնորհիւ, համայնքում առանց աղմուկի ծնւեց մի կարող թատերախումբ, որի անձնակազմը  արհեստավարժ թատրոնի նման, 25 տարիներ շարունակ եւ առանց դադարի ստուդիոական վարժութիւններ ստանալով կարող ասել, որ ՄԵՆՔ 25-ԱՄԵԱՅ ԹԱՏՐՈՆ ԵՆՔ....

   Եւ այս բոլորը Հ.Մ.Ա.Կ.– ի հովանաւորութեամբ եւ պրն. Ռուբէն Մ. Պետրոսեանի շնորհիւ։ Ապրէ՛ք սերունդներ։

***

ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐ

    Սիրանուշ՝               Լուսինէ Յովհաննիսեան

    Սուրիկ՝                  Յովիկ Իսաղուլեան

    Մերի՝                     Թենի Վահանեան

                                Մեղեդի Սիրիքեան

    Փիթր՝                    Էրւին Գալստեան

    Սանդրալինա՝         Ալենուշ Իսաղուլեան        

    Աղաւնի՝                 Թէնի Աւագեան

    Ղազար՝                 Արագած Սիմոնեան 

 

Բեմի պատասխանատու՝                     Թինա Աւագեան

Բեմայարդար՝                                  Թատերախումբ

Բեմի տեխնիկական պատասխանատու՝   Գէորգ Թամրազեան

                                                   Վրէժ Բաբալեան

 

 

ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ՝

        Անահիտ Իսաղուլեան

        Ժակլին Սարգսեան

        Ալենուշ Թամրազեան

        Իւէտ Սեթխանեան

        Դիանա Յովհաննիսեան

Հագուստի ձեւաւորում՝                                       Անահիտ Խալաթեան

Դիմայարդար՝                                                     Ուրֆա Յարութիւնեան

Ձայնի եւ երաժշտութեան պատասխանատու՝     Նարբէյ Բաղդասարեան

Լոյսի պատասխանատու՝                                    Էդւին Յարութիւնեան

Նկարահանում՝                                                   Կարէն Մնացականեան

Լուսանկարիչ՝                                                                  Ռաֆիկ Արզումանեան

Դաշնակահար եւ երգի դասատու՝                       Լուիզա Աւետիսեան