Հրատարակութիւն

PDF
Շաբաթ, 25 Հունվար 2014 14:54

«Արարատ»-ի Թաւրիզի մասնաճիւղի Ձմեռպապիի շնորհաբեր այցը՝հայ տներ

Rate this item
(0 votes)

«Արարատ»-ի  Թաւրիզի  մասնաճիւղի  Ձմեռպապիի  շնորհաբեր  այցը՝հայ տներ

 

Ատրպատական, ազգայինառաջնորդարան - Նոր տարուց մինչեւ Ս. Ծնունդ երկարող օրերի ընթացքում, 32-րդ տարին լինելով, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Թաւրիզի մասնաճիւղի վարչութեան տնօրինումով, Ձմեռ պապին իր կարմիր լայն պարկով այցելում է թաւրիզահայութեան տները՝ իր շնորհաբեր ներկայութեամբ ուրախացնելու փոքրերին ու մեծերին:
Մի քանի օրերի ընթացքում, «Արարատ»-ի վարչականների ընկերակցութեամբ, Ձմեռ պապին լիաբուռն այցելեց տներն ու իր բարի խրատներով քաջալերեց ժողովրդին: Այս առիթով «Արարատ»-ի վարչութիւնը կազմակերպել էր տեսագրւող հարցազրոյց՝ տնեցիների հետ, որոնք իրենց քաջալերական խօսքերով զօրակցութիւն էին յայտնում Ամանորի այս տարեկան ձեռնարկին:

Ձմեռ պապին նաեւ այցելութիւն տւեց ազգային առաջնորդարանում թեմակալ առաջնորդի բնակարան, ուր «Արարատ»-ի վարչական անդամների հետ միասին հաճելի մթնոլորտում Նոր տարւայ մտերմիկ պահ անցկացրեց: Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճեանը բարձրօրէն գնահատեց «Արարատ»-ի տարեկան սոյն ձեռնարկը, որը արդէն 32-րդ տարին լինելով՝ անխափան շարունակւում է: Նա իր գնահատական խօսքում ասաց. «Մեր ազգային հաւաքավայրերից դուրս՝ Ձմեռ պապիի անհատական այս այցը նմանեցնում ենք նրա սկզբնատպին՝ Ս. Նիկողայոսի բարի արարքին, որը ի՛նքը գնում էր տներն ու աղքատ երեխաներին ուրախացնում: Այս խորհուրդն ունի իր մէջ մեզ համար Ձմեռ պապիի մեր տներն այցելելը: Ձեր կազմակերպութեան այս բծախնդիր ու հոգածու վերաբերմունքը՝ մեր համայնքի զաւակների հանդէպ, բարձրօրէն գնահատում ենք: Մեզ համար Հ.Մ.Ա.Կ.-ը մի գանձարկղ է, որը մեր ազգային-եկեղեցական տօների առթիւ ո՛չ միայն դուրս բերելով՝ լուսարձակի տակ է առնում աւանդութիւնները, այլ գուրգուրանքով պահում է դրանք ու աճեցնում»,- շեշտեց թեմակալ առաջնորդը:
Յայտնենք, թէ ապահովական իշխանութիւնները ազգային առաջնորդարանի կողմից վաւերացւած յատուկ արտօնագրով թոյլտւութիւն են տալիս քրիստոնէական ու հայկական սոյն աւանդութիւնը ամէն տարի կատարելու՝ յարգելով հայ համայնքի սովորութիւններն ու տօնական իւրայատկութիւնները:

Last modified on Շաբաթ, 25 Հունվար 2014 14:59