Print this page
Երկուշաբթի, 17 Մարտ 2014 11:20

Ծառատունկ Հայաստանում Հ.Մ.Ա.Կ.-ի 70-ամեակի առիթով

Rate this item
(1 Vote)

ԾառատունկՀայաստանումՀՄԱԿ-ի 70-ամեակիառիթով

 

                Իրանի Հայ Մշակութային «Արարատ» կազմակերպութեան հիմնադրման եօթանասունամեակին նւիրւած հանդիսութիւնները շարունակւում են նաև Հայաստանում: ՀՄԱԿ-ի 70-ամեակի Հայաստանի յանձնախմբի նախաձեռնութեամբ 15 մարտի 2014 թւականին Զւարթնոց տաճարի շրջափակում կատարւեց ծառատունկ: Մօտ երկուհարիւր հիւրեր հետևելով «Հայաստան ծառատունկ ծրագիր» կազմակերպութեան ներկայացուցչի ցուցումներին աւելի քան երկու հարիւր յիսուն մրգատու և մշտադալար ծառերի տնկիներ տեղադրեցին տաճարի ճեմուղու ձախ եզրին: Միջոցառման մասնակցում էին Հայաստանում ապրող ՀՄԱԿ-ի անդամներ և բարեկամներ, ՀՀ Սփիւռքի նախարար տիկին Հրանուշ Յակոբեանը, ՀՀ Մշակոյթի փոխ-նախարար տիկին Արև Սամուէլեանը, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութեան պատւիրակութիւնը՝ դեսպան Պրն. Ռեիսիի գլխաւորութեամբ, ազգաին հասարակական գործիչներ՝Պրն. Ալբերթ Աճեմեան, Պրն. Նորայր Էլսայեան, մի խումբ նշանաւոր արւեստագէտներ (Լորիս Ճգնաւորեան, Արսէն Գրիգորեան-Մրօ . . .) , Երևանում ՀՄԱԿ-ի հիմնադիր անդամ՝ գրող Յակոբ Կարապենցի անունը կրող դպրոցի աշակերտները: Միջոցառմանը ներկայ էին հիմնադիր անդամներ Սօնիկ Ավագեանը, Վահիկ Խաչատրեանը, Ժենիա Ղարաբեգեանը, Արւեստից միութեան «Արարատ» պարախմբի ժամանակի գեղարւեստական ղեկավար Հ.Հ. «Բարեկամութեան» պարի պետական համոյթի փորձավար ՝ Հակոբ Մարքարեանը, «Արարատ» պարախմբի հետ փորձեր կատարած պարուսոյց և բեմադրիչ Քրիստինէ Յովակիմեանը,«Արարատ» երգչախմբի ղեկավար Արաքս Խաչատրեանը, երգի ուսուցիչներ Գագիկ Յարութիւնեանը և Կարինէ Բրութեանը  և զանգւածային լրատւական միջոցների հոծ թւով լրագրողներ:

                Իրանահայ ազգաին գործիչ ՀՄԱԿ-ի անդամ դոկ. Այդա Յովհաննիսեանը իր բացման խօսքում հակիրճ կերպով ներկայացրեց «Արարատ»-ի անցած 70-ամեայ բեղմնաւոր ուղին և նրա կատարած մեծ դերն իրանահայ կեանքում և կարևորութեամբ անդրադարձաւ իրանեան հիւրընկալ հողի ջերմ վերաբերմունքին: Ապա նա հրաւիրեց Սփիւռքի նախարարին և ԻԻՀ դեսպանին իրենց ողջոյնի խօսքը յղելու:

Տիկին Յակոբեանը բարձր գնահատեց «Արարատ» կազմակերպութեան Իրանում կատարած հայապահպանման կարևոր աշխատանքը և ՀՄԱԿ-ին ու «Արարատ» մարզաւանին համեմատեց փոքրիկ Հայաստանի, որին կարող են ընդօրինակել սփիւռքեան մեծ թւով համայնքներ: Յարգարժան նախարարն իր գոհունակութիւնը յայտնեց իրանեան պետութեան՝ հայութեան հանդէպ դրսևորւող այդ հոգատար աջակցութեան համար: Իրանի մեծայարգ դեսպանն իր խօսքում հիացմունք արտայայտեց իրանաբնակ հայերի համախումբ կեանքի և կրօնական-ազգային և մշակութային կառոյցների կազմակերպւած աշխատանքի համար և դրւատեց «Արարատ»-ի ունեցած հսկայ դերը իրանահայ կեանքում և Իրան-Հայաստան մշակութային կապերի ամրապնդման կարևոր գործում: Երեք բանախօսներն էլ խորհրդանշական համարեցին ՀՄԱԿ-ի կողմից Հայաստանում իրականացւող ծառատունկի ծրագիրը և ողջունեցին դա:

Վերջում տեղի ունեցաւ Կարապենցի անւան դպրոցի սաների գեղարւեստական ելոյթը, իսկ յանձնախմբի կողմից, Սանդրա Վարդանեանը հանդէս եկաւ շնորհակալական խօսքով:      

Last modified on Երեքշաբթի, 18 Մարտ 2014 08:29

Լուսանկարներ