Հրատարակութիւն

PDF
Շաբաթ, 05 Ապրիլ 2014 17:25
Rate this item
(0 votes)

Հինգշաբթի Մարտի  2Օ-ին   մեկնարկւեց

Նոր Ջուղայի «Արարատ» Միութեան

26-րդ Գարնանային խաղերը

Խաղերը նւիրւեց Կազմակերպութեան գործունէութեան 70-ամեակին

 

    Նոր Ջուղայի Հայ Մարզա-մշակութային «Արարատ» Միութեան ԿենտրոնականՎարչութեան  խօսքը  ընթերցւած  Միութեան նախագահ՝ ընկ. Մասիս Մինասեանի միջոցով

     Նոր Ջուղայի Հայ Մարզա-մշակութային «Արարատ» Միութեան Կենտրոնական վարչութեան անունից ողջունում ենք Ձեզ սիրելի մարզիկ-մարզուհիներ, մարզիչներ և պատասխանատուներ:

 Բարի էք եկել Նոր Ջուղա

  Իւրաքանչիւր տարի բնութեան վեածնունդի և գարնանամուտի պայծառ օրերին, Նոր Ջուղայի Հայ  Մարզա-մշակութային «Արարատ» Միութեան յարկի ներքոյ ուրախութեամբ հիւրընկալում ենք Իրանի, Հայաստանի, Արցախի և Ջաւախքի տարբեր համայնքներից ժամանած մարզական պատւիրակութիւններին:

  26-տարի անընդմէջ, բազմաթիւ դժւարութիւններ յաղթահարելով, սակայն անկոտրում կամքով կազմակերպւել է մարզական այս փառատօնը, որը իրանահայութեան մարզական կեանքում նւաճել է իր ուրոյն տեղն ու դերը: Այսօր վստահութեամբ կարող ենք յայտարարել, որ գարնանային խաղերի և համահայկական մարզական այլ փառատօների բովից անցած և իրենց մարզական տւեալները կատարելագործած բազմաթիւ հայ երիտասարդ մարզիկներ պատւաբեր տեղեր են գրաւել մարզական խմբերում, նրանցից որոշները անդամակցել են Իրանի ազգային- հաւաքականին, իսկ ոմանք՝ առաջնակարգ խմբերին՝ բարձր պահելով իրանահայութեան անունն ու պատիւը:

 Առողջ և յանձնառու երիտասարդութիւնն ազգային վեհ գաղափարների ջահակիրն է: Իսկ առաւել ևս այսօր՝ մեր պայքարի կարևոր այս հանգրւանին և Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի սեմին, առանցքային և որոշիչ դերակատարութիւն է վերապահւած հայ երիտասարդութեանը: Այս նշանաբանով Հայ Մարզա-մշակութային միութիւնների ու ակումբների պատասխանատուները տասնամեակներ շարունակ դաստիարակել են բազմաթիւ երիտասարդներ, այն հաստատ համոզումով, որ մարզանքը յանձնառու սերունդ դաստիարակելու լաւագոյն միջոցներից մէկն է:

   Ուրախութեամբ և հպարտութեամբ յայտնում ենք, որ այս տարի գարնանային խաղերը նւիրւել են մեր գաղափարակից քոյր միութեան՝ Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան հիմնադրման 70-ամեակին:

  70- տարի շարունակ Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան  անւան հետ է շաղկապւել հայկական մազանքը, մշակոյթը և արւեստը Իրանում:

  Յարգանք Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան հիմնադիր անդամների յիշատակին և փառք ու պատիւ նրանց գործը շարունակողներին:

  Վերջում Նոր Ջուղայի «Արարատ» Մարզա-մշակութային Միութեան ողջ ընտանիքի անունից, որոնց միասնական և համախմբւած աշխատանքի արգասիքն է Գարնանային  26-րդ խաղերը, յաջողութիւն ենք մաղթում բոլոր մարզիկներին և ցանկանում առողջ մրցակցութիւն:

 

Նոր Ջուղայի Հայ Մարզա-Մշակութային

«Արարատ» Միութեան Կենտրոնական Վարչութիւն 

 

ՈՒՂԵՐՁ

 

Խօսքը ընթերցւեց Կենտրոնական վարչութեան անդամ՝ ընկ. Ռուբինա Գալստեանի միջոցով՝

       Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութըան Կենտրոնական վարչութեան և բոլոր անդամների անունից՝ ջերմօրէն ողջունում ենք Նոր Ջուղայի Հայ Մարզա-մշակութային «Արարատ» միութեան հերթական   26-րդ  «Գարնանային խաղերը»-ը, որը այս շրջանում, ի ուրախութիւն մեզ՝ նւիրւել է Հայ  մշակութային «Արարատ» կազմակերպութեան գործունէութեան 70-ամեակին:

    Նոյն նպատակին, սակայն աշխարհագրական տարբեր շրջաններում ծառայող երկու քոյր միութիւններն էլ իրենց միութենական մի քանի սերունդների անմնացորդ և անվերապահ նւիրումի արդիւնքում, վաղուց՝ իրենց ուրոյն տեղն են զբաղեցրել հայ անհատի և ընտանիքի առօրեայում, հասարակական ու ազգային կեանքում, որը վկան է հայկական համայնքների շահերի պաշտպանման, հայկական մշակոյթի զարգացման և հայկական ոգով տոգորւած սեունդների դաստիարակութեան ճամբին ծաւալւած՝ նպատակասլաց աշխատանքների:

     Այդ շարանից է նաև «Գարնանային» խաղերը, որի շնորհիւ՝ Իրանի հայահոծ շրջանների մարզիկ-ուհիները հնարաւորութիւն են ունենում համախմբւելու և իւրայատուկ հայկական շունչ ու ոգի ներշնչող մթնոլորտում, մարզական առողջ մրցակցութեան շնորհիւ, միմեանց հետ հարազատանալու՝ ստեղծելով ընկերական անկեղծ և յարատեւող յարաբերութիւններ:

    Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութիւնը բարձր է գնահատում արդէն՝ աւանդոյթ դարձած «Գարնանային» խաղերի կազմակերպումը  ու խորին շնորհակալութիւն յայտնում Նոր Ջուղայի  Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան յարգոյ վարչութեան այս շրջանի խաղերի անւանակոչման կապակցութեամբ:

   Ոյժ ու կորով ենք մաղթում վարչութեան և կազմակերպիչ յանձնախմբին և յաջողութիւն ՝ մրցակցող բոլոր խմբերին:

 

      Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութիւն

                          Մարտ 2014-Թեհրան