Հ.Մ.Ա.Կ-ի Երէցների միութեան նախաձեռնութեամբ, ապրիլի 7-ին «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում նշւեց Մայրերի տօնը
Սոյն թւականի Ապրիլի 7-ի երեկոյեան ժամը 8:00-ին Հ.Մ.Ա.Կ-ի Երէցների միութեան նախաձեռնութեամբ նշւեց Մայրութեան եւ Գեղեցկութեան տօնը:
Ծրագրին հրաւիրւած էր՝ Իրանի Իսլամական Հանրապետութեան խորհրդարանի հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը: Ներկայ էին Կազմակերպութեան Կենտրոնական Վարչութեան եւ Երէցների միութեան վարչութեան անդամները, միութեան անդամները եւ մի շարք հրաւիրեալներ, նաև Հայաստանից ժամանած Հ.Հ. ԳԱԱ հնագիտութեան և ազգագրութեան ինստիտուտ- Սփիւռքի հետազօտութիւնների բաժնից 3 հետազօտներ, որոնք հարցաթերթիկներ բաժանեցին ներկաներին լրացնելու համար, հետևեալ օրագրով՝ «Սեփական և այլազգի միջավայրում հայերի համեմատական հետազօտութիւն» ծրագիր:
Բարի գալստեան խօսքը եւ ողջոյնը ընթերցեց միութեան նախագահ՝ ընկեր Ժանետ Թարվերդեանը: Ապա Սիլւա Կապուտիկեանի բանաստեղծութիւններից ընթերցւեց Երէցների միութեան անդամ՝ ընկեր Էդւարդ Յարութիւնեանի միջոցով: Ջութակի կատարմամբ ելոյթ ունեցաւ Պատրիկ Հախնազարեանը: Ասմունքով հանդէս եկաւ ընկեր Քլար Աբուլեանը՝ «Հայոց մայրեր» բանաստեղծութիւնով:
Օրւայ առիթով արտայայտւեց դոկտ. Կարէն Խանլարեանը: Մօտենալով Հայոց Ցեղասպանութեան 99 ամեակի տարելիցին, նա ներկաներին հրաւիրեց դիտելու իր հեղինակած «Թաքուն հայեր» ֆիլմը եւ բացատրութիւններ փոխանցեց ֆիլմի եւ ցեղասպանութեան վերաբերեալ:
Ծրագրի վերջը ընթացք առաւ ընթրիք-երեկոյով, որից յետոյ ապրիլ ամսւայ ծննդեան տարեդարձների առիթով հատւեց պատրաստւած կարկանդակը: