Հրատարակութիւն

PDF
Կիրակի, 01 Հունիս 2014 13:07
Rate this item
(1 Vote)

   Ուրբաթ Մայիսի 30-ին Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան նախաձեռնութեամբ, տեղի ունեցաւ Մայիս 28-ի՝ Հայաստանի առաջին հանրապետութեան կերտման  տօնակատարութիւնը և Համբարձման տօնը: Միջոցառումը սկսել էր առաւօտեան ժամը 11-ից Արարատ մարզաւանի լողաւազանի շրջափակում և մինչև երեկոյեան ժամը 23-ը շարունակւեց: Միջոցառմանը մասնակցել էին մեծ թւով հայրենակիցներ:

   Երեկոյեան ողջոյնի և բացման խօսքով հանդես եկաւ երէցների միութեան նախագահ՝ ընկ. Ժանետ Թարվերդեանը: Նա նշեց. «Այսօր միատեղւել է համայն մարդկութեան փրկութեան և հայ ժողովրդի պետականութեան վերածննդի երկու առիթները: Մայիսը յաղթանակների ամիս է, քանի որ մեր ժողովուրդը հէնց 1918 թ. Իր անկիւնադարձային յաղթանակները ձեռք է բերել Մայիս ամսւայ ընթացքին»: Նա ողջունեց բոլորին և մաղթեց բարձր տրամադրութիւն և ազգային հպարտութեամբ լի ժամանց:

   Դրանից յետոյ ելոյթ ունեցան Արցախից «Մենք ենք մեր սարերը» խումբը՝ ազգային և հայրենասիրական երգերով: Ներկաները  բարձր տրամադրութեամբ, իրենց պարերով  և ծափողջոյններով մասնակից եղան տօնական մթնոլորտին: Միջոցառման ընթացքին բանուկ էր ճոխ բիւֆէն, խոհանոցը, թէյատունը և իհարկէ՝ «Ջանգիւլումի» տաղաւարը: Երէցների միութեան ընկերների շնորհիւ ամբողջ 12 ժամերի ընթացքին իմի բերւեց ճոխ միջոցառումը: Ուշ գիշերում հայրենակիցները մեծ գոհունակութեամբ թողեցին մարզաւանը: