Հրատարակութիւն

PDF
Կիրակի, 08 Հունիս 2014 19:42

Տօնական հաւաքոյթ՝ Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղում

Rate this item
(0 votes)

  Հինգշաբթի, մայիսի 15-ի երեկոյեան, «Արարատ»-ի Թաւրիզի մասնաճիւղի Երէցների յանձնախմբի կազմակերպութեամբ, տեղի ունեցաւ հաւաքոյթ, նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի:
  Ձեռնարկին իր հովանաւորութիւնն էր բերել Թեմական խորհուրդը, իսկ ներկաների շարքում էին համայնքի վաստակաշատ անձինք, ինչպէս նաեւ՝ մեծ թւով արարատականներ:
Ճաշկերոյթի ճոխ սեղանի շուրջ համախմբւած, ներկաները վայելեցին նաեւ Զատկական տօնական մթնոլորտ, երգի ու ասմունքի ընկերակցութեամբ:
   Բացման ու բարիգալստեան խօսքով Երէցների յանձնախմբի անունից հանդէս եկաւ Անիտա Գէորգեանը՝ միաժամանակ Զատկւայ տօնական իմաստի մասին ուսանելի բացատրութիւններ տալով:
   Ապա, Կարէն Սարգսեանը սեղանապետութիւնը ստանձնելով, բաժակաճառեր արտասանեց՝ ազգային իշխանութեան ու բոլոր միութիւններին յարատեւութիւն ու աշխատանքային յաջողութիւն մաղթելով: Գեղարւեստական սրտաբուխ ծրագիր գործադրւեց՝ միշտ նոր տաղանդների յայտնաբերումով, որոնցից էր Այիդա Յարութիւնեանի գեղեցիկ ձայնը, որը հնչեց սրահում՝ հաճելի անակնկալ մատուցելով բոլորին: Երգերով հանդէս եկան Վարդան Սարգսեանը, Ռեբեկա Սարգսեանը, Վարդան Վահրամեանը, որը նաեւ Վարդան Սարգսեանի հետ զուգերգ կատարեց: Երգողներին նւագակցում էր երգեհոնի վարպետ Կարէն Սարգսեանը: Ասմունքով հանդէս եկաւ Բիայնա Վահրամեանը:
   Կազմակերպութեան անունից պաշտօնական խօսքով հանդէս եկաւ վարչութեան նախագահ Նժդիկ Աբրահամեանը: Նա իր խօսքում շեշտեց «Արարատ»-ի 70-ամեայ վաստակաշատ ճանապարհորդութեան երկար ծառայութիւնը՝ իրանահայ կեանքում, եւ մնայուն պատրաստակամութիւնը՝ շարունակելու նոյն ուղին: Նա շնորհաւորական խօսք ուղղեց նաեւ թեմակալ առաջնորդին՝ միաժամանակ արտայայտելով կազմակերպութեան յանձնառութիւնը՝ զօրավիգ կանգնելու նրան: Իսկ ժողովրդի անունից վարչութեան շնորհակալական խօսք ուղղեց Արմինէ Վահրամեանը:
   Ճաշկերոյթը շարունակւեց' բացառիկ տրամադրութեան մէջ պահելով ներկաներին, որի ընթացքում նաեւ վիճակախաղի պարգեւատրումներ կատարւեցին Մինէ Նազարեանին եւ Քրիստինէ Մարգարեանին, որոնք բախտաւորներ էին հանդիսացել:
  Օրհնութեան եզրափակիչ խօսքով իր քաջալերական պատգամը փոխանցեց առաջնորդ Սրբազանը: Նա ազգային կառոյցների ամուր պահպանման վրայ դնելով իր շեշտը՝ անհատական ծառայութիւնները երկրորդական համարեց. «Անձերը կը գան ու կերթան: Անցած դարերի ընթացքում այս թեմում շա՜տ առաջնորդներ են եղել, ծառայել ու անցել: Նաեւ ազգային մեր բոլոր կառոյցներում՝ ուսուցիչներ, ազգային գործիչներ, միութենական պատասխանատուներ, բոլորն էլ իրենց կարելին են արել ու անցել: Հերթը հիմա մերն է ահա, մենք էլ մեր կարելին ենք անելու: Սակայն, մեր աշխատանքի հիմնական մասը պէտք է լինի կառոյցների հզօրացումը՝ մոռանալով մեր ծառայութիւնը: Դա երկրորդական է», ասաց նա:
  Ներկայ բազմութիւնը տօնական օրերից յետոյ նորից հաւաքւելով՝ դժւար բաժանւեց «Արարատ»-ի կենտրոնատեղիից, առօրեայ կեանքից դադար առնելու եւ ազգային ջերմիկ մթնոլորտում միշտ համախմբւելու խոր ցանկութեամբ: