Print this page
Չորեքշաբթի, 09 Հուլիս 2014 19:34

70-ամեայ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան պատմութեան հետքերով

Rate this item
(0 votes)

20-րդ նստաշրջան

1969 դեկտեմբերի 14 - 1971 դեկտեմբերի 10

 

*«Արարատ» մարզաւան

Կենտրոնական վարչութիւնը հետապնդել եւ արդիւնաւորել է Վանաքի հողամասը կազմակերպութեանը փոխանցելու դժւարին աշխատանքը եւ որ կարեւորն է՝ իր ճշտած սահմաններով ու պայմաններով: Մարզաւանն ընդգրկել է 52,000 քառ. մետր տարածութիւն: Հողամասի յանձնման պայմանագիրը ստորագրւել է 1971-ի մարտին: Համաձայն Կենտրոնական վարչութեան առաջարկի եւ Պատգամաւորական ժողովի հաստատման՝ հողամասը տրամադրւել է Թեհրանի հայոց Թեմական խորհրդին՝ «Արարատ»-ի համար մի մարզաւան կառուցելու նպատակով:
Կենտրոնական վարչութիւնը կեանքի է կոչել 6-հոգանոց շինարարական ժամանակաւոր մի յանձնախումբ: Սոյն յանձնախումբը յաջողել է երկու բարերարների աջակցութեամբ հարթեցնել մարզաւանի հողամասի մէկ մասը: Կատարւած աշխատանքը գնահատւել է շուրջ 2,000,000 ռիալ:
Կառուցւելիք մարզաւանի յատակագիծը մրցութեան է դրւել եւ շահել է ճարտարապետ Ռոստոմ Ոսկանեանի պատրաստած յատակագիծը, որով եւ գործադրութեան աշխատանքը նաեւ յանձնւել է յիշեալին:

140707d01a

Մարզաւանի պայմանագիրը ստորագրւելուց եւ հողամասի սահմանները վերջնականապէս ճշտւելուց յետոյ, հարկ է զգացւել կեանքի կոչել կենտրոնական մի յանձնախումբ՝ թեմակալ առաջնորդի նախագահութեամբ: Կենտրոնական յանձնախումբը բաղկացած է եղել 24 հոգուց եւ իր անդրանիկ նիստը գումարել է 1971-ի օգոստոսի 1-ին: Կենտրոնական վարչութեան լիազօր կապն է եղել Վաչիկ Ղարաբէգեանը:
Հոծ թւով հասարակութեան ներկայութեամբ եւ խանդավառ մթնոլորտում կատարւել է մարզաւանի հիմնօրհնէքի արարողութիւնը:
Աշխատանքի ծաւալը եւ նիւթականի յոյժ կարեւոր հարցը նկատի առնելով՝ Կենտրոնական վարչութիւնը կապ է հաստատել «Գիւլբենգեան» ֆոնդի եւ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հետ՝ ապահովելու համար շօշափելի յատկացումներ, որոնք մեծապէս կօգնէին այս յոյժ կարեւոր եւ ազգային ու համայնքային տեսակէտից կենսական նշանակութիւն ունեցող նպատակի իրագործմանը: Այս բոլորով հանդերձ՝ շատ բարձր գնահատանքի է արժանի իրանահայութեան եւ յատկապէս արարատականների զոհաբերութեան ոգին, որը, անկասկած, ամենամեծ ազդակն է եղել հայկական նման մէկ կենտրոնի ստեղծման խնդրում:

140707d01b

* Ուշադրութեան արժանի է, որ Բէյրութի «Գասպար Իփէկեան» թատերախումբը ինքնաբուխ այցելութիւն է ունեցել Թեհրան՝ իր մասնակցութիւնը բերելու համար մարզաւանի կառուցման համար ստեղծւած ֆոնդին:
Խումբը բեմադրել է երկու թատերգութիւններ՝ «Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 գիշեր եւ «Ոսկի աքաղաղը»՝ 5 գիշեր:
* Մոթել Ղուի մօտ գտնւող կազմակերպութեանը նւիրւած հողամասը միութիւնների համար օգտագործելի դարձնելու նպատակով՝ ձեռնարկւել է շինարարութիւն եւ հողամասը օժտւել է երկու սենեակով եւ յարակից յարմարութիւններով:Պիտի նշել, որ ծրագիրը իրականացել է թեհրանահայ մի շարք բարերարների նիւթական օժանդակութեամբ:
* 1970-ի յունիսի 12-ին Կենտրոնական վարչութիւնը երրորդ Պատգամաւորական ժողովին հրաւիրել է արտակարգ նիստի, ուր վաւերացւել է նոյն ժողովի կողմից ընտրւած յանձնախմբի վերամշակւած Ծրագիր-կանոնագիրը:
* Երաժշտական միութիւնում, «Արմէն» երգչախումբը՝ հաւաքաբար եւ իրենց ղեկավար Վահագն Յարութիւնեանը հրաժարւել են կազմակերպութեան անդամակցութիւնից՝ առանց պարզելու այդ քայլի պատճառները:
Սակայն, Վազգէն Փիրջանեանի ջանքերով կազմւել է նոր երգչախումբ:
* Թատերական բաժանմունքը չի կարողացել պետութիւնից իրաւունք ստանալ «Մուսա Լեռան 40 օրերը» թատերգութիւնը բեմադրելու համար:

140707d01c

* Մարզական միութեան բասկետբոլի խմբից՝ Արտուշ Իսկանդարեանը, Ռուբիկ Խռանեանը եւ Վանիկ Պետրոյեանն ընտրւել են երկրի երիտասարդական հաւաքականում եւ մասնակցել Երեւանի, Թբիլիսիի եւ Բաքւի մրցումներին:
* Ժիմնաստիկի խմբից Սեդա Կարագաշեանն ընտրւել է Իրանի ազգային խմբում եւ մասնակցել է Հայաստանի հաւաքական մրցումներին եւ գրաւել 3-րդ տեղը:
* Պինգ-պոնգի աղջկանց եւ տղայոց խմբերը մասնակցել են հեռուստատեսութեան գաւաթի մրցումներին եւ Քլարա Ղարախանեանը շահել է առաջնութիւնը:
* Թեթեւ ատլետի անդամներ՝ Վիոլետ Ջոակիմը եւ Մեդիկ Ասատրեանը ընտրւել են Թեհրանի հաւաքականում, իսկ Էդիկ Կարապետեանը դարձել է երկրի ախոյեան:

140707d01d

* Ֆուտբոլի խումբը երիտասարդականի խաղերում գրաւել է 2-րդ տեղը, նաեւ արժանացել է «Վարքի գաւաթ»-ին՝ որպէս օրինակելի խումբ: Ֆուտբոլի յանձնախումբը ստացել է նւիրատւութիւններ ու նաեւ «Գողթան» երգչախմբի մէկ համերգի հասոյթը, որով եւ հոգացել է խմբի ծախսերը: