Հրատարակութիւն

PDF
Երկուշաբթի, 04 Օգոստոս 2014 10:31
Rate this item
(0 votes)

 

 

 

       «News.am» - Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում, այսօր՝ օգոստոսի 1-ին, կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական 2-րդ փառատոնի խմբերգային արվեստի օրերի հանդիսավոր բացումը՝ նվիրված ՀՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակին:

Միջոցառումը բացեց Պոլսի 85-ամյա «Լուսավորիչ Դպրաց դաս» երգչախումբը: Ելույթ ունեցան Վրաստանից «Մակար Եկմալյան», «Ներսես Շնորհալի», «Աղբյուր», Իրանից «Զվարթնոց», «Արարատ», ԱՄՆ-ից «Կոմիտաս», Եգիպտոսից «Արցախ», Սիրիայից «Ովսաննա», ՌԴ-ից «Ովսաննա», «Նորահրաշ», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եւ Արցախի պետական երգչախմբերը:

2014թ. հռչակված է Հովհաննես Չեքիջյանի տարի, որի շրջանակներում Հայաստանում եւ Սփյուռքում միջոցառումներ է կազմակերպում նաեւ ՀՀ սփյուռքի նախարարությունը:

Սփյուռքից ժամանած երգչախմբերի կատարումներից հետո հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու մաեստրո Հովհաննես Չեքիջյանի կյանքի եւ գործունեության մասին պատմող ֆիլմ, որին հաջորդեց Մաեստրոյի ղեկավարած Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի ելույթը:

Միջոցառման ավարտին աշխարհի տարբեր երկրներից հայրենիք ժամանած երգչախմբերը եւ Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը Հովհաննես Չեքիջյանի խմբավարությամբ կատարեցին Լեւոն Բլբուլյանի խոսքերով գրված «Կանք ու կլինենք» երգը՝ նվիրված (երաժշտությունը՝ Արա Գեւորգյանի):

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Լեւոն Բլբուլյանի խոսքերով գրված Արա Գեւորգյանի երգը՝ «Կանք ու կլինենք»:

Հանդիսատեսին շնորհավորանքի եւ ողջույնի խոսքով դիմեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ նշելով. «Չեքիջյանն աշխարհասփյուռ հայության այս հրաշալի խմբերը միավորելով կապելլային՝ մշակութային ռումբ պայթեցրեց, որ պետք է տարածվի ամբողջ Սփյուռքում եւ երկար տարիներ ապրի յուրաքանչյուր հայի սրտում»:

ՀՀ սփյուռքի նախարարն իր հիացմունքը հայտնեց Հովհաննես Չեքիջյանի անսպառ էներգիայի ու տաղանդի հանդեպ: «Մաեստրոն նման է 25-ամյա ավյունով լի, որ զարմանք ու հիացմունք է առաջացնում իր նվիրումով եւ ստեղծագործական անսպառ եռանդով, իսկ րիտասարդի եւ ֆենոմեն Չեքիջյանի կողքին ես միշտ տեսնում եմ նրա ղեկավարած ֆենոմեն կապելլան», - նշեց նախարար Հ.Հակոբյանը:

«Այսօր բեմում Իրանից եկած մեր հայրենակիցները կատարեցին Ապարանի յարի մասին երգը, Արցախից ժամանած երիտասարդները՝ Կոմիտասի յարը, ԱՄՆ-ից ժամանած «Կոմիտաս» երգչախմբի անդամները նույպես, մոռացած իրենց տարիքը, բեմում հնչեցրին կոմիտասյան գոհարներից, - ընդգծեց ՀՀ սփյուռքի նախարարը՝ հավելելով, - եւ նրանք բոլորն էլ հայ երգարվեստի շնորհիվ ճգնում են հայ մնալ, ինչի համար շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին»:

Շնորհավորելով մաեստրո Չեքիջյանին՝ ՀՀ սփյուռքի նախարարը նաեւ նշեց. «Աստվածահաճո է Ձեր գործը, Դուք եւ Ձեր կախարդական փայտիկը, որ շրջել է աշխարհի գրեթե բոլոր երկրներում եւ ներկայացրել հայ երգը, ներկայացրել Կոմիտաս Վարդապետին»:

Աստվածաշնչյան պատկերով մագաղաթ եւ ալ կարմիր վարդեր նվիրելով հայ երգարվեստի նվիրյալ Հովհաննես Չեքիջյանին՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ հպարտ է՝ նրա ժամանակակիցը լինելով:

Երգարվեստի օրերի հանդիսավոր բացումն ավարտվեց լեփ-լեցուն դահլիճի հոտնկայս ծափողջույնների ներքո:

Երգչախմբերը համերգներով հանդես կգան Երեւանում, Շիրակի եւ Լոռու մարզերում:

Լուրեր Հայաստանից - NEWS.am