Հրատարակութիւն

PDF
Հինգշաբթի, 31 Հուլիս 2014 00:00

Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղում ընթրիք եւ յիշատակ Խանասորայ արշաւանքի

Rate this item
(0 votes)

     Ատրպատական, ազգային առաջնորդարան - «Յուլիս ամսի 25-ին», նւիրական այս օրւան էր զուգադիպել «Արարատ»-ի Թաւրիզի մասնաճիւղի Մշակութային յանձնախմբի կողմից կազմակերպւած ժողովրդական ընթրիքը՝ հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի:
Ժողովրդական բացօթեայ ընթրիքին, որը տեղի ունեցաւ միութեան կենտրոնատեղիի մարզադաշտում, ներկայ էին ազգային իշխանութեան՝ Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի անդամներ, միութեան վարչութիւնը եւ յարակից յանձնախմբեր, ինչպէս նաեւ թաւրիզահայ բարերարներ եւ արարատական անդամ-անդամուհիներ:


140802d03aՍեղանների օրհնութիւնից յետոյ՝ բացման խօսքով հանդէս եկաւ օրւայ հանդիսավար Կարէն Սարգսեանը, որը ժողովրդական սոյն հաւաքի իսկական առիթն ու արժէքը ներկայացնելով՝ համայնական կեանքի գեղեցիկ պատկերի դիմաց բաժակաճառեր արտասանեց: Ապա թաւրիզահայ գնահատւած երգիչ Յովիկ Ղուկասեանը մի քանի երգերով ճոխացրեց երեկոն: Գեղարւեստական ծրագրի մաս էր կազմում ասմունք, որը կատարեց Մշակութային յանձնախմբի անդամ Բիայնա Վահրամեանը: Նահատակութեան գաղափարին նւիրւած իր քերթւածով նա վեր հանեց ֆիդայական ոգու իսկական պատկերը: Ի վերջոյ, «Խանասորայ դաշտը» երգով Միրօ Աբրահամեանը մարտական ոգով ներկայացրեց սերունդներ դաստիարակած երգը, որը գրւել է Խանասորայ արշաւանքին մասնակցած ֆիդայիներից մէկի կողմից:


140802d03bՄշակութային յանձնախմբի կողմից պատրաստւած համադամ կերակուրների հետ միասին՝ օրւայ անակնկալը եղաւ Միրօ Աբրահամեանի ծննդեան տարեդարձը, որը զուգադիպում էր յուլիս ամսի 25-ին, որի համար ներկաները նաեւ շնորհաւորանքներ փոխանցեցին «Արարատ»-ի խոստումնալից երիտասարդին:


140802d03cԽանասորայ արշաւանքի 117-ամեակի առիթով իր արտասանած սրտի խօսքի ընթացքում «Արարատ»-ի Թաւրիզի մասնաճիւղի նախագահ Նժդիկ Աբրահամեանը վեր հանեց ոչ միայն հայոց վրիժառու հակադարձումի մարտական ոգին, այլ նաեւ յիշեց նրանց շառաւիղներից համարւող Լիսբոնում զոհւած հինգ հայ հերոսներին, որոնց նահատակութիւնն էլ 27 յուլիսին էր տեղի ունեցել: Ուրեմն՝ թւականների զուգորդումով՝ նախագահը ներկաներին խնդրեց մէկ րոպէ յոտնկայս յարգել հերոսների յիշատակը, որոնք իրենց գերագոյնը՝ իրենց կեանքը նւիրաբերել էին ազգի ու հայրենիքի ազատութեանը:

140802d03d

Եզրափակիչ եւ օրհնութեան իր խօսքով առաջնորդ Սրբազանը բարձր գնահատեց ե՛ւ կազմակերպութեան ե՛ւ ժողովրդի գիտակցութիւնը՝ ազգային տօների նկատմամբ: Նա թելադրեց շրջահայեաց եւ իմաստուն քաղաքականութիւն վարել՝ շրջապատում յայտնւող բոլոր նշաններից օգտւելու արթնամտութիւնը ունենալով: Ազգերի պատմութեան կրկնողութիւնը օրինակ ընդունելով՝ առաջնորդ Սրբազանը յորդորեց դրանցից դաս քաղել՝ միշտ միասնականութեան ոգով ինքնապաշտպանութիւն ստեղծելու հեռանկարով: Սրբազանը դրւատանքով անդրադարձաւ նոյն առաւօտ պետութեան կողմից ի նպաստ պաղեստինցի տառապող ժողովրդի կազմակերպւած քայլարշաւին հայ համայնքի զաւակների մեծաթիւ ու կանոնաւոր մասնակցութեանը՝ յիշեցնելով, թէ մեր ժողովուրդը եւս հողային պահանջատիրութիւն ունի, որի համար իր պայքարն է մղում:

140802d03e

Խանասորայ արշաւանքի եւ Լիսբոնի նահատակութեան միջեւ պատմական հեռաւորութեամբ զուգահեռներ գծելով՝ Սրբազանը ամէն բանից վեր տեսաւ ազգի ու հայրենիքի ազատութեան համար գիտակից զոհաբերութիւնը, յատկապէս՝ երիտասարդ սերունդի մօտ. «Այսօր ֆիզիկական նահատակութիւն եթէ չի՛ պահանջւում մեզանից, սակայն կան տարբեր կերպեր, որոնցով կարող ենք մեզ՝ մեր իմաստութիւնը, մեր ժամանակը, մեր կարողութիւնները ի սպաս դնել մեր ազգի ու հայրենիքի փրկութեան»,- ասաց նա: Ուշ գիշերին հրաւիրեալ ներկաները բաժանւեցին «Արարատ»-ի կենտրոնատեղիից՝ յիշարժան երեկոյ անցկացրած լինելու երջանիկ զգացումով: