Print this page
Երեքշաբթի, 12 Օգոստոս 2014 14:01

70-ամեայ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան պատմութեան հետքերով

Rate this item
(0 votes)

 

 

 

25-րդ նստաշրջան
1979 յունիսի 29 - 1980 դեկտեմբերի 4

 

8-րդ Պատգամաւորական ժողովը կայացաւ յունիս 1979 թ.-ին, երբ արդէն փետրւարին յաղթանակել էր Իրանի Իսլամական յեղափոխութիւնը: Իսկ 1980 թ.-ի սեպտեմբերին բռնկւեց Իրան-Իրաք պատերազմը:
* 8-րդ Պատգամաւորական ժողովի (յունիս 1979) որոշումների մէջ յատկանշական են հետեւեալ երկու որոշումները:
8-րդ Պատգամաւորական ժողովը չցրել, այլ միայն վարչութիւնների մէկական ներկայացուցիչների փոփոխութեամբ պատրաստ պահել այն, որպէսզի հարկ զգացւած ժամանակ Կենտրոնական վարչութեան հրաւէրով հնարաւոր լինի շուտափոյթ նիստ գումարել:
Համահայկական մրցութիւնների կազմակերպող յանձնախմբի մէջ ներառել մասնակից քոյր միութիւնների ներկայացուցիչներին:
Հարկ է նշել, որ մնայուն Պատգ. ժողովի արտակարգ նիստ գումարելու անհրաժեշտութիւն չի զգացւել:
Արդէն սկսւել էր Իրանից արտագաղթելու երեւոյթը, որը նկատի ունենալով հայապահպանման եւ Հայ Դատի հետապնդման կարեւորութիւնը, չէր կարող քաջալերւել Հ.Մ.Ա.Կ.-ի կողմից, ուստի՝ Կենտր. վարչութիւնը որոշում է ընդունում յանձնարարագիր չտալ իր այն անդամներին, որոնք նպատակ ունեն արտագաղթել եւ ոչ անդամ է համարում բոլոր նրանց, որոնք արդէն դիմել են այդ քայլին:
1979 թ.-ի ամռանը փակւում են լողաւազանները, քանի որ իշխանութեան կողմից արգելւում է երկսեռ լողաւազանների աշխատանքը եւ վերաբացւում միայն, երբ տարբեր օրեր են նկատի առնւում տղաների եւ աղջիկների համար:
140811d01aՀամաձայն 8-րդ Պատգամաւորական ժողովի որոշման՝ Կենտրոնական վարչութիւնը 1979 յուլիս 10-ին կեանքի կոչեց Հանրային կապի յանձնախումբը, որի աշխատանքներից յատկանշական են՝ դասախօսութիւններ՝ «Լիբանանի դէպքերը եւ լիբանանահայութիւնը», «Հայրենիք, Սփիւռք եւ Հայ Դատ» եւ «նախնական օգնութիւններ»-ի ծանօթացում:
* Երաժշտական բաժանմունքը ունեցել է երկու երգչախումբ՝ «Արարատ» թիւ մէկ՝ Էդիկ Յովսէփեանի ղեկավարութեամբ, որի երկրից հեռանալուց յետոյ նրան յաջորդեց Էդիկ Քոլեանը եւ «Անի» երգչախումբը՝ Հրաչուհի Մակարեանի ղեկավարութեամբ:
Կազմակերպւել է Ռուբիկ Գրիգորեանի երաժշտական գործունէութեան 50-ամեակի յոբելեանը:
Թատերական բաժանմունքը ներկայացրել է՝ «Մուսա Լեռան 40 օրը», բեմադիր՝ Արամայիս Աղամալեան: «Եսի մարդը», բեմադիր՝ Գէորգ Նուբարեան, որը ներկայացւել է նաեւ Շիրազում, «Շնիկով տիկինը», բեմադիր՝ Արբի Յովհաննիսեան՝ Շիրազում, «Փոքրիկ իշխանը», բեմադիր՝ Ռոլանդ Բոլդի:
Կազմակերպւել է հայաստանեան ֆիլմարւեստի գլուխգործոցներից «Նահապետ» ֆիլմի ցուցադրութիւնը:
Ընդառաջելով ազգային իշխանութեան հրաւէրին, երաժշտական եւ գրական բաժանմունքները մասնակցել են Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման 62-ամեակի տօնակատարութեանը:
*Կազմակերպւել է Մշակոյթի շաբաթւայ տօնակատարութիւնը, սակայն Իրանի յեղափոխութեան եւ Իրան-Իրաք պատերազմի բռնկումով՝ հնարաւոր չի եղել իրագործել:
Գրական բաժանմունքը կազմակերպել է Յովհաննէս Թումանեանի ծննդեան 110-ամեակին նւիրւած յոբելեանական մի երեկոյ՝ Երաժշտական բաժանմունքի համագործակցութեամբ, որը նկարահանւել է Իրանի հեռուստատեսութեան կողմից եւ պատկերասփռւել է Նոր տարւայ առիթով:
Կազմակերպւել են շաբաթական ասմունքի երեկոներ եւ կլոր սեղաններ՝ ազգային-հասարակական խնդիրների շուրջ:
Առաջին անգամը լինելով՝ կազմակերպւել է, ասմունքի ազատ մրցութիւն: Սոյն մրցութեան առաջնութիւն շահած ասմունքողների մասնակցութեամբ կազմակերպւել է գրական երեկոյ՝ նւիրւած հայրենի բանաստեղծ Գէորգ Էմինին:
Իրանի յեղափոխութեան հետեւանքով՝ ինքնաբերաբար վերացել էին Խորհրդային Միութիւն մեկնելու խիստ արգելքները: Երէցների միութիւնը առաջիններից էր, որ կազմակերպեց Հայաստանի շրջագայութիւն: 1980-ի ապրիլին 72 հոգուց կազմւած խումբը շրջագայութեան մեկնեց Հայաստան, որը նաեւ Ապրիլի 24-ին ծաղկեպսակ տեղադրեց Ցեղասպանութեան յուշարձանին:
Երէցների միութիւնը կազմակերպել է ուրբաթօրեայ հացկերոյթներ՝ մարզաւանում, ուր հանրային կապի համագործակցութեամբ ցուցադրւել են ֆիլմեր եւ լուսապատկերներ: Այս ձեռնարկը նիւթականից աւելի՝ ապահովել է բարոյական շահ՝ ստեղծելով ընտանեկան եւ հայկական տաք մթնոլորտ: Այս աշխատանքը հետագային շարունակել է մարզաւանի վարիչ մարմինը:

140811d01b

* Սկաուտական միութեան 28 անդամներ մասնակցեցին ՀՄԸՄ-ի 2-րդ համասփիւռքեան բանակումին՝ Ֆրանսիայում:
* Կազմակերպւել են 15-րդ եւ 16-րդ Համահայկական մրցութիւնները, վերջինը, որին մասնակցել են 1650 հոգի, նւիրւել է կազմակերպութեան 23-րդ նստաշրջանի նախագահ, ազգային-հասարակական գործիչ եւ մտաւորական Հարփիկ Թամրազեանի յիշատակին:
* Երկրի Ֆուտբոլի խորհրդի կողմից կազմակերպւած Թեհրանի դասական խաղերում «Արարատ»-ի խումբը ունեցել է եօթ խաղ եւ առանց պարտութեան կամ հաւասարի 14 նիշով անցել է Թեհրանի առաջին կարգի 14 խմբերի շարքը, որտեղ երրորդ տեղն է գրաւել, իսկ իր վարքով առաջին է հանդիսացել:
* Ծանրամարտի Թեհրանի երիտասարդաց մրցումներին Վարդգէս Վարդանեանը 110 կգ. քաշում գրաւել է երկրորդ տեղը, ժիմնաստիկի աղջկանց խումբը Թեհրանի միջակումբային մրցումներում երրորդ է հանդիսացել իսկ վալիբոլի խմբից Վրէժ Աբգարեանը եւ Ռոբերտ Յովհաննիսեանը ընտրւել են Թեհրանի հաւաքականի անդամ:

140811d01c

* 1979 թւականին վերակազմակերպւել է Ուրմիայի մասնաճիւղը եւ ցուցաբերել գոհացուցիչ ընթացք:
* Կենտրոնական վարչութիւնը Փարիզ է ուղարկել մէկ սան՝ թատերական արւեստը ուսանելու եւ հետագայում կազմակերպութեանը օգտակար հանդիսանալու համար: Շարունակւել է նաեւ նախկին սանի կրթաթոշակի յատկացումը:
* Իրան-Իրաք պատերազմի աղէտեալներին օգնելու համար ի շարս ազգային այլ հաստատութիւնների՝ նպաստահաւաք կենտրոններ հիմնւեցին մարզաւանում եւ կենտրոնատեղիում նաեւ: