Հրատարակութիւն

PDF
Շաբաթ, 16 Օգոստոս 2014 14:04

Մեկնարկեց Հ.Մ.«Արարատ»Կ.-ի 32-րդ միջմասնաճիւղային խաղերի բացումը Թաւրիզի մասնաճիւղի հիւրընկալութեամբ

Rate this item
(0 votes)

 

 

Թւականիս օգոստոսի 14-ին տեղի ունեցաւ Հ.Մ.«Արարատ»Կ.-ի 32-րդ միջմասնաճիւղային խաղերի բացումը Թաւրիզի մասնաճիւղի հիւրընկալութեամբ

         Բացմանը ներկայ էին Ատրպատականի հայոց թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տէր. Գրիգոր Եպիսկոպոս Չիֆթճեանը, ազգային մարմինների և միութիւնների ներկայացուցիչները, Իրանի Իսլամական հանրապետութեան խորհրդարանի հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը, Թաւրիզի պետական և մարզական բարձրաստիճան պատասխանատուները, Կենտրոնական վարչութեան անդամները և հոծ թւով թաւրիզահայեր:

Բացումը սկսւեց Իրանի Իսլամական Հանրապետութեան պետական հիմնով, ապա «Արարատ»-ի հիմնը կենդանի կատարելով արւեստից բաժանմունքի անդամների միջոցով իսկ դրոշակների արարողութիւնը սկաուտների կատարմամբ: Խաղերի բացմումը կատարեցին հաղորդավարներ ընկերներ՝ Սևանայ Դանղեանը և Կարէն Սարգսեանը: Ծրագիրը շարունակւեց մասնակցող խմբերի տողանցքով բուռն ծափահարութիւնների ներքոյ: Կենտրոնական վարչութեան անունից իր խօսքը յղեց ընկեր. Արա Գալստեանը, ուր անդրադարձաւ Արարատի 70 ամեայ  գործունէութեանը իրանահայ կեանքում եւ շնորհաւորեց Թաւրիզի մասնաճիւղի 60-ամեակը: Ապա խօսքը յայտնեց Թաւրիզի մասնաճիւղի նախագահ՝ ընկեր Նժդիկ Աբրահամեանը, նա շնորհաւորեց Կազմակերպութեան հիմնադրման 70-Ամեակը եւ անդադարձաւ Հ.Մ.«Արարատ»Կ.-ի գործունէութեան կարևորութեանը ազգային-հասարակական և մարզամշակութային կեանքում և բարի գալուստ մաղթելով շրջաններից ժամանած Թեհրանի, Ուրմիոյ, Գեարդաբադի և Նոր Ջուղայի Արարատ միութեան մարզիկ-ուհիներին, նշեց որ խաղերը տեղի կունենան բասկետբոլ, ֆուտբոլ, սեղանի թենիս և ճատրակ մարզաճիւղերում հինգ օր տևողութեամբ, յաջողութիւն ցանկանալով մարզիկ-ուհիներին: Ապա ելոյթ ունեցաւ խորհրդարանի պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը հայերէն և պարսկերէն լեզուներով ներկաներին և շնորհաւորեց Կազմակերպութեան 70-Ամեակը:

Ֆիլմի ցուցադրութեամբ ներկայացւեց Թադէի Վանքի ուխտագնացութեան օրերին վանքում վառած խաղերի ջահի վառման արարարողութիւնը, որը Եկեղեցական կարգով օրհնւել էր Թեհրանի եւ Ատրպատականի հայոց թէմի Առաջնորդների միջոցով եւ Արարատի սկաուտների ձեռամբ փոխադրւել էր Թաւրիզ: Ապա նոյն կրակը փոխանցւեց Արարատի վետերան բռնցքամարտիկ պրն. Էդիկ Վիլքիին: Նրան ուղեկցեցին Թաւրիզի լաւագոյն մարզիկներ ընկերներ Հենրիկ Աբրահամեանը, Վիլիամ Գրիգորեանը, Սևանայ Դանղեանը եւ Նայիրի Փասէֆեանը: Վերջում ջահը փոխանցւեց Թաւրիզի Արարատի ֆուտբոլի հիմնադիր, եւ տարիների մարզիկ՝ ընկեր Համազասպ Ոսկանեանին, որի միջոցով բոցաւառւեց ջահը: Ապա ելոյթ ունեցաւ Ատրպատականի հայոց թեմի Առաջնորդ Գերաշնորհ. Տ. Գրիգոր Եպս. Չիֆթճեանը կարեւորութիւն տալով Արարատի 70 ամեայ գործունէութեանը ոէի յարկի ներքոյ դաստիարակւում են սերունդներ և մարզիկներին նմանացրեց զինւորների, որոնց մեր ազգը կարիք ունի նման օրինակ զոնւոր հայորդիների:

 Ծրագրի վերջում տեղի ունեցաւ երգեր եւ ասմունքներ: Ընկերակցութեամբ երգողներ՝ ընկեր Սաթիկ Աւագեանի, Ռեբեկա Սարգսեանի, Նարինէ Սայեադեանի, Վանիկ Սիմոնզի եւ Միրօ Աբրահամեանի, նւագակցութեամբ՝ Կարէն Սարգսեանի: Ասմունքողներ՝ Անայիս Խալաֆեան եւ Փաթրիշիա Դանղեանի կատարմամբ, որը քաջալերւեցին ներկաների կողմից:

Սրբազան հօր դաշտը նետած գնդակի փոխանցումով, բացումը կատարւեց Թաւրիզ եւ Թեհրան խմբերի մրցոյթը, հիւրընկալը 84 – 48 հաշւով յաղթական շահեց:

Հ.Մ.«Արարատ»Կ.

       

 

      Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան անունից ողջունում ենք 32-րդ Միջմասնաճիւղային մրցաշարը, այն դէպքում, երբ բոլորւում է մրցաշարերին ծնունդ տւող կազմակերպութեան հիմնադրման եւ գործունէութեան 70-ամեակը: Միաժամանակ, տօնում ենք նաեւ Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի հիմնադրման 60-ամեակը: Փառապանծ յոբելեաններ, որոնց արդիւնքում՝ սերունդներ են դաստիարակւել եւ նետւել ազգային կեանքի զանազան ոլորտներ, որոնք յանուն ազգային շահերի եւ նոր սերունդի հայեցի դաստիարակութեան իրականացրել են իրենց վստահւած առաքելութիւնը:
70 տարիներ առաջ Թեհրանի համայնքի մի խումբ հայրենասէր եւ ազգային հարցերով ապրող երիտասարդներ, հաւաքւելով իրար շուրջ, որոշեցին հիմքը դնել մի միութեան: Միութիւն, որ պիտի իր անդամների զոհաբերութիւններով սկիզբը դնէր ազգանւէր մի աշխատանքի՝ համախմբելու եւ միմեանց շուրջ հաւաքելու համայնքի եւ ապա գաղթօջախների երիտասարդութեանը, ծաւալելով ընդարձակ եւ նպատակասլաց աշխատանք:
Ազնիւ նպատակի եւ աննկուն կամքի դրսեւորման արդիւնքում՝ հիմքը դրւեց «Արարատ» միութեան, որը հետագայում աշխատանքների ծաւալի եւ անդամների թւային աճի բերումով՝ դարձաւ կազմակերպութիւն՝ ներկայի բազմաթիւ հնարաւորութիւններով եւ վիթխարի տարածքով: Եւ տարիներ անց մէջք-մէջքի ծնունդ առան մասնաճիւղերը Իրանի հայահոծ քաղաքներում, ինչպէս՝ Թաւրիզ, Ուրմիա, Մաշհադ, Գեարդաբադ եւ Շիրազ:
                 Մեր պատմութեան էջերում մեծ տեղ եւ դերակատարութիւն են ունեցել մասնաճիւղերը, այդ թւում նաեւ՝ Թաւրիզի մասնաճիւղը եւ թաւրիզահայութիւնը: Հայրենասիրութիւնը, ազգային շահերի պաշտպանումը, հայութեանը սպառնացող բոլոր վտանգների դէմ-յանդիման կանգնելը, շրջանի պատմութեան աւանդն է, որ պահ է դրւել բոլորիս, որը մեծ ըմբռնումով, ընկալումով շարունակում են Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան Թաւրիզի մասնաճիւղի հերթական վարչութիւններն ու բոլոր անդամները, որոնք արժանի են բարձր գնահատանքի: Այս գեղեցիկ առիթով ողջունում ու շնորհաւորում ենք մասնաճիւղի 60-ամեայ գործունէութիւնը եւ գլուխ ենք խոնարհում մեզանից առյաւէտ հեռացած ընկերների յիշատակի առջեւ:
Եկէք այսօր, այս պատկառելի յոբելեանի սեմին, միասին ուխտենք, որ իրար օգնելով եւ անմնացորդ զոհաբերութեամբ լծւենք աշխատանքի, պահպանենք անցեալից մեզ մնացածը եւ ճամբայ հարթենք ապագայ սերունդների համար:
Վերադառնալով միջմասնաճիւղային մրցաշարերի նպատակին՝ ժամանակի ղեկավարների հայեցողութեամբ նախատեսւեց մրցաշարերը հերթաբար կազմակերպել մասնաճիւղերում, քանի որ խաղերը ինքնանպատակ չեն եղել, այլ միջոց են հանդիսացել շրջանների ընկերներին համախմբելու, միմեանց հետ ծանօթանալու, շփւելու, իրար ճանաչելու, դժւարութիւնները միմեանց հետ կիսելու եւ նոյն վեհ նպատակով մէկ յայտարարի տակ աշխատելու եւ համագործակցելու համար:
         Սիրելի մարզիկ-մարզուհիներ, որ շրջաններից հաւաքւել էք Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղում՝ կազմակերպութեանս պատմութեան մէջ մէկ էջ եւս աւելացնելու համար: Մրցութիւնները, ըստ էութեան, մաքառելու, ուժերը չափելու եւ ի վերջոյ յաղթանակելու ասպարէզ են: Սակայն, անհրաժեշտ է գիտակցել, որ պիտի առաջնորդւել առողջ եւ ընկերական մրցակցութեամբ:
Մեր երախտագիտութեան խօսքն ենք ուղղում Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանին, թեմի Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչներին, որոնք միշտ ընդառաջել են մեր խնդրանքներին եւ սատար հանդիսացել կազմակերպութեանս կապւող բոլոր աշխատանքներում:
                Սիրելի թաւրիզահայութիւն եւ մասնաճիւղի թիկունքին կանգնած սիրելի բարեկամներ ու բարերարներ, դուք Ձեր ներկայութեամբ ոգեւորում եւ քաջալերում էք կազմակերպութեան աշխատանքները եւ մղում միութենականներին՝ դէպի նոր հորիզոններ:
Լիայոյս ենք, որ այս շրջանի մրցաշարերը կը ծառայեն իրենց նպատակին, այն է՝ առողջ մրցակցութեան մթնոլորտում, ընկերական ջերմ փոխյարաբերութեամբ եւ հաւաքական կեանքի քաղցր յուշերով, աւարտել այս շրջանի միջմասնաճիւղային մրցոյթներն ու վառ տեսլականով պատրաստւել առաջիկայ մրցութիւններին:
          Յաջողութիւն ենք մաղթում Թաւրիզի մասնաճիւղի վարչութեան, խաղերի Կազմակերպիչ յանձնախմբին ու բոլոր անդամ-անդամուհիներին, որոնք ոչ մի ճիգ ու ջանք չեն խնայել իրենց լաւագոյնը կազմակերպելու, մաղթում ենք կանաչ ճանապարհ ապագայ աշխատանքներում:

Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութիւն

 

 

 

Last modified on Կիրակի, 17 Օգոստոս 2014 13:19