Հրատարակութիւն

PDF
Երկուշաբթի, 15 Սեպտեմբեր 2014 16:09

70-ամեայ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան պատմութեան հետքերով

Rate this item
(0 votes)

29-րդ նստաշրջան

1986 դեկտեմբերի 20 - 1988 դեկտեմբերի 8


* 1987 թւի սեպտ. 11-ին պաշտօնական արարողութեամբ օծւեց Ս. Խաչ մատուռը: Կազմակերպութեան կողմից կեանքի կոչւեց մի յանձնախումբ՝ վարելու մատուռի պահպանման եւ օգտագործման աշխատանքները: Այս շրջանում Սրբազան Հօր նախագահութեամբ կատարւել են Խաչվերացի եւ Վարդավառի արարողութիւնները եւ տեղի են ունեցել չորս մկրտութիւն:
* Շնորհիւ մի շարք նւիրատւութիւնների եւ Հ.Մ.Ա.Կ.-ի միութիւնների կատարած յաւելեալ աշխատանքի, հնարաւոր եղաւ 1987-ի յունիսին գնել Նոբահարի կենտրոնատեղին՝ 85.048.800 ռիալ վճարելով:
* Համաձայն 12-րդ Պատգամաւորական ժողովի որոշման՝ Չալուսի հողամասի վաճառքից գոյացած 5.000.000 ռիալը նւիրւել է Հ. Մ. «Սարդարապատ» միութեանը, իր կենտրոնատեղիի հիմնադրման համար:
* Հ. Մ. «Սիփան» միութեան նախաձեռնութեամբ եւ Հ. Մ. «Նայիրի», Հ. Մ. «Սարդարապատ» միութիւնների ու Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան մասնակցութեամբ, իւրաքանչիւրը 25 տոկոս նիւթական յանձնառութիւն ստանձնելով՝ Քարաջի շրջանում գնւել է մէկ հողամաս այգի՝ բանակումներ, արշաւներ եւ նմանօրինակ այլ աշխատանքներ այնտեղ կատարելու նպատակով:
* Այս շրջանին, Կենտ. վարչութեան վերահսկողութեամբ, կեանքի կոչւեց Մարզական միութեան կրտսեր անդամների բաժանմունքը (Հ.Մ.Կ.Ա.Բ.):
* 1988 թ.-ի յունւարին, երկար հետապնդումներից յետոյ, ստացւեց «Արարատ տեղեկատու»-ի վերահրատարակութեան արտօնութիւնը՝ որպէս ներքին ամսական անվճար բուլթան:
* 1988 թ.-ի մարտ-ապրիլ ամիսների ընթացքում, երբ Թեհրան քաղաքը ենթարկւում էր Իրաքի հրթիռային յարձակումներին եւ խախտւել էր բնականոն կեանքը քաղաքում, Կենտրոնական վարչութիւնը միութենականների միջոցով կազմակերպեց մի շտաբ, որը հարկ եղած պարագայում օգնութեան պիտի հասնէր վնաս կրած ընտանիքներին:
140915d01a* 1988 թ.-ի դեկտ. 7-ին տեղի ունեցաւ Հայաստանի ահաւոր երկրաշարժը: Կասեցւեցին կազմակերպութեան աշխատանքները մինչեւ մէկ շաբաթ, իսկ մինչեւ 40-օրեակը կասեցւեցին բոլոր ձեռնարկները: Առաջին հանգրւանում կատարւեց 5.000.000 ռիալի օժանդակութիւն:
* Երէցների միութիւնը 1988 թ.-ի սեպտ.-ին առաջին անգամը լինելով, կազմակերպեց ձեռագործի մրցութիւն, որին մասնակցում էին 40 հոգի:
* Արւեստից միութիւնը շարունակել է իր աշխոյժ գործունէութիւնը.
Իր աշխատանքն է շարունակել «Սեւան» երգչախումբը՝ Գ. Մովսիսեանի ղեկավարութեամբ, «Արարատ» երգչախմբի ղեկավար է նշանակւել Ռազմիկ Օհանեանը, իսկ ցաւօք սրտի՝ ցրւել է «Անի» երգչախումբը: Մանկական բաժնում էլ աշխատել են «Ծիծեռնակ» երգչախումբը՝ Գուրգէն Մովսիսեանի եւ «Սասունիկ» երգչախումբը՝ Արփինէ Յարութիւնեանի ղեկավարութեամբ:
1988 թ.-ին կազմւել է մանուկների նկարչութեան դասարան, պատասխանատւութեամբ Արմինէ Զէյթունցեանի: Կազմակերպւել է մանուկների նկարչութիւնների մասնակցութիւնը 1987 թ.-ին «Մարթին» միջազգային եւ 1988 թ.-ի «Իւնեսկօ»-ի համաշխարհային մրցութիւններին: Շարունակւել է մանկական գրքերի հրատարակութիւնը:
Կազմակերպւած ձեռնարկներից յատկանշական են հետեւեալ բեմադրութիւնները՝ Վ. Իսրայէլեանի «Դատարկ շրջանակը» (6 գիշեր), բեմադիր՝ Տիգրան Գրիգորեան, Մ. Հենեբէնի «Բեբեկս»-ը (12 գիշեր) բեմադիր՝ Վարդգէս Բաշեան, Յ. Կարապենցի «Ահա այսպէս ապրեցանք», «Պատուհան» եւ «Մարգարիտ»-ը (4 գիշեր), բեմադիր՝ Կիտուշ Արզուեան, Ա. Աբէլեանի «Պըլը Պուղի»-ն (6 գիշեր), բեմադիր՝ Ելենա Աւետիսեան, «Ճպուռն ու մրջիւնը» եւ «Դաստիարակը», մանկական բեմադրութիւններ (2 գիշեր), բեմադիր՝ Անահիտ Գրիգորեան:
Երաժշտական ձեռնարկներից պէտք է յիշել՝
2 գիշեր ջութակի եւ դաշնամուրի ռեսիթալ՝ Խաչիկ Բաբայեանի եւ Լիլի Սարգսեանի կատարմամբ, մեներգիչների երեկոյ, պատկեր Կոմիտասի կեանքից եւ մեներգեր, 4 գիշեր մեներգերով եւ ասմունքներով ձեռնարկ՝ նւիրւած Սայեաթ Նովայի ծննդեան 275-ամեակին:
Գրական ձեռնարկներից են եղել՝
Ասմունքի երեկոյ, ուր ներկայացւել է Վահագն Դաւթեանի «Զւարթնոց» պոէմը, Գրական երեկոյ նւիրւած՝ Միսաք Մեծարեցին եւ Վահան Տէրեանի, ասմունքի եւ երաժշտութեան երեկոյ՝ նւիրւած՝ Սիամանթոյին, Վարուժանին, Ռ. Զարդարեանին եւ Ռ. Սեւակին:
Մանկական բաժանմունքը կազմակերպել է 9 գիշեր տեւողութեամբ Մանկական Արւեստի շաբաթը:

140915d01b

* Իրաքի կողմից Թեհրանը ռմբակոծւելու հետեւանքով՝ տեղի չեն ունեցել 1988 թ.-ի Համադպրոցական մրցութիւնները:
* 1988 թ.-ին 21-րդ Համահայկական մրցութիւններին տարիներ դադարից յետոյ, մասնակցում էին նաեւ աղջիկների խմբերը:
* Թեհրանի միջակումբային ծանրամարտի մրցութիւններին Ալֆրէդ Ք. Մուրադեանը երրորդ է հանդիսացել:
* 1987թ.-ի դեկտեմբերին Մարմնակրթական միութիւնը կազմակերպել է սեմինար՝ Երիտասարդական օրւայ առիթով:
1987 թ.-ի յուլիս 24-ին կատարւել է պաշտօնական բացումը Հ.Մ.Ա.Կ.-ի Ուրմիայի մասնաճիւղի «Արամ Մանուկեան» սրահի:
* Զինւորական ծառայութեան եւ Իրան-Իրաք պատերազմի ընթացքում 1987 թ.-ին նահատակւեցին կազմակերպութեանս տարիների գործօն անդամ Գագիկ Թումանեանը եւ Ուրմիայի մասնաճիւղի անդամ Յովհաննէս Բարսեղեանը իսկ 1988 թ.-ին Ուրմիայի մասնաճիւղի անդամ Վեհանձն Ռաշիդփուրը եւ Թաւրիզի մասնաճիւղի անդամ Հրաչ Համբարձումեանը:
* 1988 թ.-ի օգոստոսին Արւեստից միութեան նախագահ Էդիկ Թումանեանի անակնկալ մահը խոր վիշտ եւ յուզում առաջացրեց միութենականների մօտ եւ վարչութիւնը մէկ շաբաթով դադարեցրեց Արւեստից միութեան աշխատանքները: Էդիկը 1970 թ.-ին եղել է սկաուտապետ, մէկ շրջան մարզաւանի վարիչ եւ երեք շրջան Կենտրոնական վարչութեան կազմի անդամ:
* 1987 թ.-ին իր մահկանացուն կնքեց Նոբահարի կենտրոնատեղիի հաւատաւոր խնամատար եւ պաշտօնեայ Ներսէս Աբդալեանը, որը քառասուն տարիներից ի վեր պաշտօնավարել էր կազմակերպութեան յարկի տակ: