Հրատարակութիւն

PDF
Երկուշաբթի, 29 Սեպտեմբեր 2014 12:15

70-ամեայ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան պատմութեան հետքերով

Rate this item
(1 Vote)

31-րդ նստաշրջան
1990 դեկտեմբերի 12 -1992 նոյեմբերի 30

*Այս շրջանում իբրեւ հետեւանք Խորհրդային Միութեան փլուզման եւ տեղի ունեցած քաղաքական հսկայական փոփոխութիւնների, Հայաստանի վերանկախացման հետ զուգահեռ, ուղղակի յարաբերութիւնների դուռ բացւեց երկու հարեւան երկրներ՝ Իրանի Իսլամական եւ Հայաստանի Հանրապետութիւնների միջեւ: Այս յարաբերութիւնների ստեղծման եւ ամրապնդման մէջ իր դերն ունեցաւ Իրանի հայ համայնքը եւ «Արարատ» կազմակերպութիւնը: Իրանի պատկան կազմակերպութիւնների եւ պատասխանատուների հետ բազմաթիւ հանդիպումներից յետոյ՝ 1991 թւականի մայիսին, «Արարատ»-ի ներկայացուցիչները, որպէս Իրանի Մարմնակրթական կազմակերպութեան բանագնացներ, մեկնեցին Հայաստան եւ յարաբերութիւնների եւ համագործակցութեան նախնական պայմանագրեր ստորագրւեցին Հայաստանի մարզական համապասխան մարմինների եւ Սպորտ կոմիտէի պատասխանատուների հետ:
Որպէս սկիզբ, 1991 թւին, 24-րդ Համահայկական մրցութիւններին ներկայ գտնւելու նպատակով, Հայաստանի Սպորտ կոմիտէի նախագահ Ռաֆայէլ Թորոյեանը եւ նրան ընկերակցող մարզական պատւիրակութիւնը, բաղկացած Հայաստանի ախոյեան մարզիկներից եւ մարզական խմբերից (Ալբերտ Ազարեան, Հրանտ Շահինեան, «Արարատ 73» ֆուտբոլի խումբը եւ այլն ) թւով 41 հոգի, Թեհրան ժամանեցին, որը մեծ խանդավառութիւն առաջացրեց համայնքում:Այնուհետեւ Երկրի Մարմնակրթական կազմակերպութեան կողմից Հայաստանից Իրան հրաւիրւեցին մարզական բազմաթիւ խմբեր, որոնց մի շարքի դիմաւորման եւ հիւրընկալութեան աշխատանքները յանձնարարւեցին «Արարատ»-ին:
Այս ընթացքում Հայաստանի խմբերի հետ Իրան այցելած մարզիչներից չորսը համագործակցութեան հրաւիրւեցին, խտացւած ժամանակամիջոցում դասարաններ ունենալու ֆուտբոլի, մարմնամարզութեան, բռնցքամարտի եւ պինգ-պոնգի ասպարէներում:

140929d01a

*Հայաստանի Հանրապետութեան վերանկախացումից յետոյ, «Արարատ» կազմակերպութիւնը նոյնպէս առաջինն էր, որ նախաձեռնեց Հայաստանից մշակութային խմբեր հրաւիրել: 1992-ին Հայաստանի ժողովրդական հնագոյն նւագարանների «Տկզար» պետական համոյթը, Կառլէն Միրզոյեանի ղեկավարութեամբ, 2 գիշեր «Սասունցի Դաւիթ» եւ մէկ գիշեր «Կոմիտաս» սրահներում, հոծ բազմութեան ներկայութեամբ ելոյթ ունեցաւ:
*1991 թւականի սեպտեմբերին, առաջին անգամը լինելով կազմակերպութիւնը հրաւէր ստացաւ Հայաստանի Սփիւռքահայութեան հետ կապի կոմիտէից՝ մասնակցելու համար կոմիտէի հերթական համագումարին՝ Հայաստանում, որին ընդառաջեց հինգ հոգուց բաղկացած մի պատւիրակութեամբ:
*Նկատի ունենալով, որ կազմակերպութիւնը բազմաթիւ դիմումներ էր ստանում Հայաստանի հետ մշակութային յարաբերութիւններ ստեղծելու կապակցութեամբ, Կենտրոնական վարչութիւնիը այդ աշխատանքը համադրելու, ծրագրելու եւ իրականացնելու համար, 1992-ի մարտին կեանքի կոչեց մի յանձնախումբ:
*1991 թւականին Հայաստանի Հանրապետութեան առաջին արտգործնախարար Րաֆֆի Յովհաննիսեանը Իրան կատարած պաշտօնական հանդիպման ընթացքում «Սասունցի Դաւիթ» սրահում հանդիպեց ժողովրդի հետ:

140929d01b

*Մայիս 1992-ին Հայաստանի Հանրապետութեան առաջին նախագահ՝ Լեւոն Տէր-Պետրոսեանի Իրան կատարած պաշտօնական այցի ընթացքում կազմակերպւեց ժողովրդական հանդիպում՝ նրա եւ ընկերակցող պատւիրակութեան հետ, «Արարատ» մարզաւանում:
*1991 թւականին, 22 բահմանի առիթով, մարզաւան է այցելել Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահի օգնական եւ Մարմնակրթական կազմակերպութեան պետ դոկտ. Ղաֆուրիֆարդը:
*Արւեստից միութիւնը այս շրջանում, համեմատ նախորդող տարիների, չի յաջողել բաւարար եռանդուն մթնոլորտ ստեղծել արւեստի բնագաւառում: Գոյութիւն են ունեցել մասնագէտ արւեստագէտների եւ տեխնիկ աշխատանքներին ատակ անձանց, ինչու չէ նաեւ կազմակերպող մարդուժի պակաս: Այս իրողութեան վրայ իր ազդեցութիւնն է ունեցել յատկապէս վերջին տարիներում առաջնորդութեան նախարարութեան կողմից ստեղծւած սահմանափակումները:
*Իրենց աշխատանքն են շարունակել մանկական պարախումբը՝ Անուշ Մեհրանեանի ղեկավարութեամբ եւ «Սասունիկ», «Ծիծեռնակ», «Արփա» եւ «Սեւան» երգչախմբերը հերթաբար Արփինէ Յարութիւնեանի, Ժան Եարալեանի, Ռազմիկ Օհանեանի եւ Գուրգէն Մովսիսեանի ղեկավարութեամբ, որոնք ունեցել են իրենց ելոյթները:
*Թատերական ներկայացումները հիմնականում եղել են մանկական «Ծոյլ Մակարը» եւ «Կռիւը» (2 գիշեր), բեմադիր՝ Ռուբիկ Մ. Պետրոսեանի, «Շփթփիկ» տիկնիկային բեմադրութիւն, բեմադիր՝ Նորիկ Նազարեան (6 գիշեր), «Տէրն ու ծառան» բեմադիր՝ Ռուբիկ Մ. Պետրոսեան (5 գիշեր), «Քաջ Նազար» տիկնիկային բեմադրութիւն, բեմադիր՝ Արմինէ Սուքիասեան:

140929d01c

*Տեղի են ունեցել երեք գիշեր Կրտսեր անդամների բաժանմունքի գործունէութեան 10-ամեակի ձեռնարկները:
*Իսկ մեծահասակների համար, վեց գիշեր բեմադրւել է «Ճանաչո՞ւմ էք դուք արդեօք Ծիր կաթին», բեմադիր՝ Կիտուշ Արզուեան: Մէկ գիշեր «Յեղափոխական կինը երէկ եւ այսօր», ուր բեմադրւել է «Արտագերս» մենադրաման, բեմադիր՝ Կիտուշ Արզուեան:
*1991 եւ 1992-ին Համահայկական խաղերին իրենց մասնակցութիւնն են բերել՝ Սիրիայի եւ Լիբանանի Հ.Մ.Ը.Մ.-ի տղայոց բասկետբոլի խմբերը եւ Հայաստանի բասկետբոլի հաւաքականը: