Թւականիս 13 նոյեմբերին տեղի ունեցաւ Սկաուտական միութեան կրտսերների հատւածի ֆիզիքական աշխատանքը: Աստիճանաւորական կազմը սկաուտական կամուրջ պատրաստեց, որը անհատների խանդավառութեան պատճառ հանդիսացաւ:
Թւով 55 սկաուտներ անցան սկաուտական կամրջից: Աշխատանքի նպատակն էր զարգացնել կրտսերների ֆիզիքական կարողութիւնները, որը նաեւ նրանց մտերմութեան եւ յարաբերութիւնների սերտացման առիթ դարձաւ:
Թւականիս 4 դեկտեմբերի առաւօտեան Հ. Մ. Արարատ Կազմակերպութեան Սկաուտական միութեան կրտսերների հատւածը այցելութիւն է կատարել Սուրբ Սարգիս եկեղեցի եւ ներկայ գտնւել Ս. պատարագին նաեւ ստացել Ս. հաղորդութիւն:
Թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, ուրբաթ օրւայ իր քարոզի մէջ, ջերմօրէն ողջունել է սկաուտների ներկայութիւնը և գնահատել պատասխանատուներին:
Պատարագից յետոյ Սրբազան հայրը Առաջնորդարանի դահլիճ հրաւիրեց սկաուտներին և ուրախութիւն յայտնեց նրանց եկեղեցի եւ Ազգային Առաջնորդարան գտնւելու առիթով, ասելով որ՝ ինքն էլ ժամանակին սկաուտ է եղել եւ շատ բան է սովորել սկաուտական կեանքից. ապա Սրբազանը բոլորին մէկական «Աստւածաշունչը Ամենափոքրիկներին» գրքից եւ Յիսուսի կեանքից DVD նւիրեց:
Սրբազան հօր հայրական օրհնանքից յետոյ սկաուտները վերադարձան մարզաւան:
Մանկա-պատանեկան բասկետբոլ
Թեհրանի նահանգային մրցաշարում փայլուն են հանդէս եկել՝ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան մանկա-պատանեկան եւ մինիբասկետբոլի թիմերը:
«Արարատ»-ի պատանի բասկետբոլիստները 11 խաղում տարել են 9 յաղթանակ ու պարտւել միայն երկու խաղում: Նրանց յաջողւել է 37 թիմի միջից նւաճել կիսաեզրափակչի ուղեգիր՝ յայտնւելով Թեհրան նահանգի չորս ուժեղագոյն թիմերի շարքում:
Իսկ «Արարատ»-ի մինիբասկետբոլիստները եւս գրանցել են նմանատիպ արդիւնք:
Անցկացրած 12 խաղում տանելով 12 անընդմէջ յաղթանակ, նրանք եւս յայտնւել են 46 թիմի միջից չորս ուժեղագոյնների թւում՝ նւաճելով կիսաեզրափակչի ուղեգիր:
Թւականիս՝ նոյեմբերի 13-ին, տեղի ունեցաւ «Հ.Մ.Ա.Կ»-ի Սկաուտական միութեան ծնողական հանդիպումը: Մեծ թւով ծնողներ մասնակցեցին հանդիպմանը: Օրկարգի կէտերն էին՝ գերագոյն եւ պատասխանատուական կազմի ծանօթացում, Սկաուտական միութեան ուղեգիծ, գործելակերպ եւ աշխատանքների բացատրում, ծնող-միութիւն փոխյարաբերութիւն եւ առաջարկների ու խնդիրների քննարկում:
ԹՈՒՐՔԻԱՆ ԵՐԿՈՒ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՒ
Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան նոյեմբեր ամսի հանդիպումը տեղի ունեցաւ 2015-ի նոյ. 2-ի երեկոյեան, «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում՝ միութեան անդամների եւ հիւրերի ներկայութեամբ: Ծրագրում նախատեսւել էր բանախօսութիւն եւ ընդունելութիւն: Նկատի ունենալով Թուրքիայի վերջին շրջանի անցուդարձերը, հայ պատգամաւորների մուտքը խորհրդարան, Թուրքիայում ծաւալւած ահաբեկչական ակտերն ու անկարգութիւնները եւ խորհրդարանական ընտրութիւնների երկրորդ փուլ անցնելը, որպէս օրւայ հետաքրքրական նիւթ ընտրւել էր «Թուրքիան երկու ընտրութիւնների միջեւ» թեման:
Ծրագրի բացումը կատարեց Երէցների միութեան նախագահ ընկեր Հարմիկ Զովէլեանը, որը մի քանի յայտարարութիւններից յետոյ, հակիրճ կենսագրականով ներկայացրեց օրւայ դասախօս՝ միութեանս անդամ ընկեր Իսակ Իւնանէսեանին:
Ընկեր Իսակ Իւնանէսեանը մասնագիտութեամբ բնապահպանութեան ճարտարագէտ է, սովորել է «Ազատ» համալսարանում՝ ստանալով լիսանս եւ գերլիսանս աստիճաններ: Այժմ հետեւում է նոյն մասնագիտութեան դոկտորականի դասընթացներին: 2010 թւականից անդամակցել է Թեհրանի Հայ Դատի յանձնախմբին եւ ներկայիս այդ յանձնախմբի քաղաքական հարցերի պատասխանատուն է. ուսումնասիրում է Թուրքիայի եւ Ադրբէջանի քաղաքական հարցերը. մասնակցել է «Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի Թ. Հ. Թ.-ի յանձնախմբին»:
Ընկեր Իսակն իր խօսքն սկսելով, ակնարկեց Թուրքիայի իշխող՝ «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան (ԱԶԿ) հիմնադրման, քաղաքականութեան, յաղթարշաւի եւ կարճ միջոցում կառավարութեան ղեկին գտնւելու, ապա նրա որդեգրած երկու ուղղութիւնների մասին, այն էր՝ բարելաււել երկրի հիւանդ տնտեսութիւնը եւ փորձել մուտք գործել Եւրամիութիւն: Առաջին ուղղութեամբ յաջողեց՝ շնորհիւ Իրան-Իրաք պատերազմի եւ Իրանի արգելափակման, սակայն Եւրամիութիւն մուտք գործելու համար ենթադրւում էր հարեւանների՝ այդ թւում նաեւ Հայաստանի հետ զրոյական խնդիր ունենալ, որը ինչպէս գիտենք ոչ միայն չյաջողեց այլեւ ահաւոր բարդութիւնների դէմ կանգնեց: Հետագային փոխւեց ԱԶԿ-ի քաղաքականութիւնը եւ «Նոր օսմանականութեան» գաղափարը որդեգրւեց կուսակցութեան կողմից:
Բանախօսը թւեց Էրդողանի կառավարութեան թոյլ տւած սխալները՝ ներքին եւ արտաքին ճակատներում՝ Սուրիոյ հարցը, Եգիպտոսում Մուսուլման եղբայրների կառավարութեան հովանաւորումը, ահաբեկիչ ծայրահեղականների անուղղակի հովանաւորումը, Քոբանիի հարցը, հասարակական ցանցերի նկատմամբ կոշտ վերաբերմունքը, իր զաւակի դերը եւ այլն, որոնց արդիւնքում նրա ղեկավարած կուսակցութիւնը խորհրդարանի ընտրութիւններում չյաջողեց եւ անցաւ յաջորդ փուլ: Երկրորդ փուլի ընտրութիւնները տեղի ունեցան նոյեմբերի սկզբին, որի արդիւնքը արդէն յայտնի է դարձել: Իշխող կուսակցութիւնը անսպասելիօրէն շահել է մեծամասնութիւն, իսկ առաջին փուլում խորհրդարան մուտք գործած այլ կուսակցութիւններ տոկոսային կորուստ են ունեցել: Դարձեալ խորհրդարան են անցնում երեք հայ թեկնածուներ, որոնցից մէկը ԱԶԿ-ից է: ԱԶԿ-ը չորս տարի եւս կառավարելու է երկիրը՝ հաւանաբար խորհրդարանական կարգերից անցնելով նախագահականի:
Այնուհետ ընկեր բանախօսը անդրադարձաւ Թուրքիայում Հայոց Ցեղասպանութեան ժխտողական քաղաքականութեանը, որը սկսւել է 1923-ից: Ժամանակին Աթաթուրքը մեղադրում էր Երիտթուրքերին հայոց ջարդերը կազմակերպելու գործում, սակայն երբ ինքը կանգնեց երկրի ղեկին, հակառակ դիրքորոշում որդեգրեց: Հայոց Ցեղասպանութիւնը տաբու դարձաւ, պատմութեան դասագրքերը փոխւեցին, գրքեր ու հանրագիտարաններ հրատարակւեցին՝ ժխտողականութիւնը դարձնելով պաշտօնական ուղղութիւն: ԱԶԿ-ի գործի անցնելուց յետոյ, նկատելով, որ Եւրամիութիւն մուտք գործելու խնդրում Հայոց Ցեղասպանութեան հարցը կարեւորւում է, իշխանութեան կողմից սկսւեց այն արծարծւել՝ անշուշտ աղաւաղւած տարբերակով:
Բանախօսը նկատեց, որ Հայոց Ցեղասպանութեան ընդունման հարցը Թուրքիայում, որքան էլ անհաւանական թւայ, ժամանակի հարց է եւ իր համոզմամբ ԱԶԿ-ի կողմից կը ճանաչւի: Նա անդրադարձաւ Հայաստանի նախագահի Ֆուտբոլային քաղաքականութեան, Հրանդ Դինքի սպանութեան եւ առնչւող այլ խնդերների, հետաքրքիր տեղեկութիւններ, թւային տւեալներ ու վերլուծութիւններ ներկայացրեց, որոնց հետաքրքրութեամբ հետեւում էին ներկաները, իսկ բանախօսութեան աւարտին պատասխանեց նաեւ արծարծւող հարցերին:
Վերջում ներկաները հրաւիրւեցին վայելելու միութեան անդամուհիների կողմից պատրաստւած ընթրիքը: