Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Իրանի ակումբային Ա կարգի լիգայի 5-րդ շաբաթւայ մրցումների շարանում, ուրբաթ նոյեմբերի  20-ին « Արարատ» մարզաւանի « Սասունցի Դաւիթ» սրահում տեղի ունեցաւ «Արարատ» և « Շիմի դոռ»  բասկետբոլի խմբերի մրցումը . արդիւնքը՝  52-61 :

Յաջողութիւն ենք մաղթում բոլոր մարզիկներին:

 

 

 

 

Թւականիս՝ նոյեմբերի 13-ին, տեղի ունեցաւ «Հ.Մ.Ա.Կ»-ի Սկաուտական միութեան ծնողական հանդիպումը: Մեծ թւով ծնողներ մասնակցեցին հանդիպմանը: Օրկարգի կէտերն էին՝ գերագոյն եւ պատասխանատուական կազմի ծանօթացում, Սկաուտական միութեան ուղեգիծ, գործելակերպ եւ աշխատանքների բացատրում, ծնող-միութիւն փոխյարաբերութիւն եւ առաջարկների ու խնդիրների քննարկում:

 

 

 

 

ԹՈՒՐՔԻԱՆ  ԵՐԿՈՒ  ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ  ՄԻՋԵՒ

Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան նոյեմբեր ամսի հանդիպումը տեղի ունեցաւ  2015-ի նոյ. 2-ի երեկոյեան, «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում՝ միութեան անդամների եւ հիւրերի ներկայութեամբ: Ծրագրում նախատեսւել էր բանախօսութիւն եւ ընդունելութիւն: Նկատի ունենալով Թուրքիայի վերջին շրջանի անցուդարձերը, հայ պատգամաւորների մուտքը խորհրդարան, Թուրքիայում ծաւալւած ահաբեկչական ակտերն ու անկարգութիւնները եւ խորհրդարանական ընտրութիւնների երկրորդ փուլ անցնելը, որպէս օրւայ հետաքրքրական նիւթ ընտրւել էր «Թուրքիան երկու ընտրութիւնների միջեւ» թեման:

Ծրագրի բացումը կատարեց Երէցների միութեան նախագահ ընկեր Հարմիկ Զովէլեանը, որը մի քանի յայտարարութիւններից յետոյ, հակիրճ կենսագրականով ներկայացրեց օրւայ դասախօս՝ միութեանս անդամ ընկեր Իսակ Իւնանէսեանին:

Ընկեր  Իսակ Իւնանէսեանը մասնագիտութեամբ  բնապահպանութեան ճարտարագէտ է, սովորել է «Ազատ» համալսարանում՝  ստանալով  լիսանս եւ գերլիսանս  աստիճաններ: Այժմ հետեւում է նոյն մասնագիտութեան դոկտորականի դասընթացներին: 2010 թւականից անդամակցել է Թեհրանի Հայ Դատի յանձնախմբին եւ ներկայիս այդ յանձնախմբի քաղաքական հարցերի պատասխանատուն  է. ուսումնասիրում է Թուրքիայի եւ Ադրբէջանի քաղաքական հարցերը. մասնակցել է «Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի Թ. Հ. Թ.-ի յանձնախմբին»:

Ընկեր Իսակն իր խօսքն սկսելով, ակնարկեց Թուրքիայի իշխող՝ «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան (ԱԶԿ) հիմնադրման, քաղաքականութեան, յաղթարշաւի եւ կարճ միջոցում կառավարութեան ղեկին գտնւելու, ապա նրա որդեգրած երկու  ուղղութիւնների մասին, այն էր՝ բարելաււել երկրի հիւանդ տնտեսութիւնը եւ փորձել մուտք գործել Եւրամիութիւն: Առաջին ուղղութեամբ յաջողեց՝ շնորհիւ Իրան-Իրաք պատերազմի եւ Իրանի արգելափակման,  սակայն Եւրամիութիւն մուտք գործելու համար ենթադրւում էր հարեւանների՝ այդ թւում նաեւ Հայաստանի  հետ զրոյական խնդիր ունենալ, որը ինչպէս գիտենք ոչ միայն չյաջողեց այլեւ ահաւոր բարդութիւնների դէմ կանգնեց: Հետագային փոխւեց ԱԶԿ-ի քաղաքականութիւնը եւ «Նոր օսմանականութեան» գաղափարը որդեգրւեց կուսակցութեան կողմից:

Բանախօսը թւեց Էրդողանի կառավարութեան թոյլ տւած սխալները՝ ներքին եւ արտաքին ճակատներում՝ Սուրիոյ հարցը, Եգիպտոսում Մուսուլման եղբայրների կառավարութեան հովանաւորումը, ահաբեկիչ ծայրահեղականների անուղղակի հովանաւորումը, Քոբանիի հարցը, հասարակական ցանցերի նկատմամբ կոշտ վերաբերմունքը, իր զաւակի դերը եւ այլն, որոնց արդիւնքում նրա ղեկավարած կուսակցութիւնը խորհրդարանի ընտրութիւններում չյաջողեց եւ անցաւ  յաջորդ փուլ:  Երկրորդ փուլի ընտրութիւնները տեղի ունեցան նոյեմբերի սկզբին, որի արդիւնքը արդէն յայտնի է դարձել:   Իշխող կուսակցութիւնը անսպասելիօրէն շահել է մեծամասնութիւն, իսկ առաջին փուլում խորհրդարան մուտք գործած այլ կուսակցութիւններ տոկոսային կորուստ են ունեցել: Դարձեալ խորհրդարան են անցնում երեք հայ թեկնածուներ, որոնցից մէկը ԱԶԿ-ից է: ԱԶԿ-ը չորս տարի եւս կառավարելու է երկիրը՝ հաւանաբար խորհրդարանական կարգերից անցնելով նախագահականի:

Այնուհետ ընկեր բանախօսը անդրադարձաւ Թուրքիայում Հայոց Ցեղասպանութեան ժխտողական քաղաքականութեանը, որը սկսւել է 1923-ից: Ժամանակին Աթաթուրքը մեղադրում էր Երիտթուրքերին հայոց ջարդերը կազմակերպելու գործում, սակայն երբ ինքը կանգնեց երկրի ղեկին, հակառակ  դիրքորոշում որդեգրեց: Հայոց Ցեղասպանութիւնը տաբու դարձաւ, պատմութեան դասագրքերը փոխւեցին, գրքեր ու հանրագիտարաններ հրատարակւեցին՝ ժխտողականութիւնը դարձնելով պաշտօնական ուղղութիւն: ԱԶԿ-ի գործի անցնելուց յետոյ,  նկատելով, որ Եւրամիութիւն մուտք գործելու խնդրում Հայոց Ցեղասպանութեան հարցը կարեւորւում է, իշխանութեան կողմից սկսւեց այն արծարծւել՝ անշուշտ աղաւաղւած տարբերակով:

Բանախօսը նկատեց, որ Հայոց Ցեղասպանութեան ընդունման հարցը Թուրքիայում, որքան էլ անհաւանական թւայ, ժամանակի հարց է եւ իր համոզմամբ ԱԶԿ-ի կողմից կը ճանաչւի: Նա անդրադարձաւ Հայաստանի նախագահի Ֆուտբոլային քաղաքականութեան, Հրանդ Դինքի սպանութեան եւ առնչւող այլ խնդերների,   հետաքրքիր տեղեկութիւններ, թւային տւեալներ ու վերլուծութիւններ ներկայացրեց, որոնց հետաքրքրութեամբ հետեւում էին ներկաները, իսկ բանախօսութեան աւարտին պատասխանեց նաեւ արծարծւող հարցերին:

Վերջում ներկաները  հրաւիրւեցին վայելելու միութեան անդամուհիների կողմից պատրաստւած  ընթրիքը:

 

 

 

 

  Իրանի օրիորդաց բասկետբոլի բարձրագոյն լիգայի մրցութիւնների շարանում տեղի ունեցաւ երկու մրցութիւն Աբադան քաղաքում, ինչպէս արդէն տեղեկացրել էինք մրցութեան էին մեկնել Հ.Մ.«Արարատ»Կ.-ի օրիորդաց բասկետբոլի խումբը: Արդիւնքները հետևեալն են՝

 Հինգշաբթի  նոյ. 12 –ին «Արարատ» 54- Աբադան 68

Ուրբաթ նոյ. 13-ին «Արարատ» 34- Քիա Գալերի 32

Նշելի է որ խմբի միւս խաղերը տեղի կունենայ նոյ. 26 և 27-ին:

 

 

 

 

 

 

 

Հոկտեմբերի 14-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Հանրութեան հետ կապի գրասենեակում, հարցազրոյց կազմակերպւեց Արւեստից միութեան «Արարատ» պարախմբի Աւագ ուսուցիչ՝ Անահիտ Աւետեանի հետ, որը ներկայացնում ենք ամբողջութեամբ:

Հ.Մ.«Արարատ»Կ.-ի օրիորդաց բասկետբոլի խումբը բարձրագոյն Ա լիգայի վերադարձ խաղերի առիթով վաղը նոյեմբեր ի 11-ին մեկնելու է Աբադան:

Առաջին խաղը տեղի է ունենալու հինգշաբթի նոյեմբեր 12-ին առաւօտեան ժամը 10-ին «Փալայէշ նաֆթ Աբադան»-ի հետ «17շահրիւար մարզական համալիրում» և ուրբաթ նոյեմբերի 13-ին մրցելու է «Քիա Գալեռ»-ի խմբի հետ ժամը 10-ին նոյն համալիրում :

Խմբի անձնակազմն է՝

Մելանի Աղաջանեան

Թէնի Ասատուրի

Վանէ Խէչումեան

Փոլին Իւսէֆի

Ագափէ Բաբայեան

Անի Աբրահամեան

Փրենի Համբարձումեան

Փիւնիկ Համբարձումեան

Անիկա Ղազարեան

Սիորէթ Սաֆարեան

Ալլա Քոլագա

 

Մարզիչ՝ Զիբա Ադէլի

Մարզիչի օգնական՝ Նարինէ Արտաշեան

Վիճակագրող՝ Սիմին Աղայի

Պատասխանատու՝ Ռիտա Խալաթեան

Մաղթում ենք յաղթական երթ մեր աղջիկներին

Թւականիս՝ հոկտեմբեր 16-ին, «Հ.Մ.Ա.Կ»-ի Սկաուտական միութեան Կրտսերների հատւածի թիւ 1 խումբը կազմակերպել էր ծնողական արշաւ Արարատ մարզաւանում, աշխատանքը նպատակ ունէր ծնողներին ծանօթացնել սկաուտական աշխատանքների հետ, նաեւ ստեղծել  ջերմ մթնոլորտ ծնողների համար:

Ծնողական արշաւի աշխատանքները հետեւեալն էր՝ գերաններով եւ փայտերով փայնրինգ, դասարաններ հետեւեալ թեմաներով՝ Սկաուտական միութեան կազմւելը եւ նպատակի պարզաբանումը, հայկական սկաուտականի կազմակերպումը, «Հ.Մ.Ա.Կ»-ի կազմակերպութեան կազմւելը, կազմակերպութեան կառոյցը եւ գերագոյն մարմնի դերը միութեան մէջ: Նաեւ նրանց համար նախատեսւել էր խաղեր եւ մարզական աշխատանքներ: 

Աշխատանքը ծառայելով վերոնշեալ նպատակներին, նաեւ գեղեցիկ եւ անմոռանալի պահեր պարգեւեց ծնողներին:

Ծնողները խմբակների բաժանւելով աւանդական օջախ կառուցեցին եւ խորոված պատրաստեցին:

 

 

 

 

Թւականիս՝ հոկտեմբերի 22-ին, տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան Արենուշների հատւածի թիւ 3 խմբի, խմբակ 2-ի բանակումը «Արարատ» մարզաւանում:

Թւով 11 սկաուտներ մասնակցեցին եռօրեայ բանակումին, որի նպատակն էր՝ խմբակի անհատների միչև մտերմութեան առաջացնել, սկաուտական սկզբունքների եւ գիտելիքների զարգացումը, նաեւ շեշտադրւել էր «Ժամաճանաչութեան» եւ «Կարգապահութեան» կարեւորութիւնը:

Բանակումի աշխատանքներում ներառւած էր՝ խոհարարութեան, կազմակերպութեան կառոյցի, Հայկական տարազների եւ լեռնագնացութեան դասընթացներ , նաեւ ներառւած էր ազատ զրոյցներ  միութեանական կեանքի մասին, ֆիզիքական աշխատանքներ եւ զանազան խաղեր: 

Բանակումը աւարտւեց հոկտեմբերի 24-ին աւանդական խարոյկով որին նաեւ ընկերակցեցին խմբի աստիճանաւորական կազմը եւ միւս խմբերից ընկերներ:

 

 

 

 

2015 թւականի հոկտեմբերի 2-ին Հ.Մ.Ա.Կ.-ի Հանրութեան հետ կապի գրասենեակում հարցազրոյց կազմակերպւեց Արւեստից միութեան «Արարատ» երգչախմբի ղեկավար Սեւան Աբեդիի հետ, որը ներկայացնում ենք ամբողջութեամբ:


- Խնդրեմ ներկայացրէք Ձեզ:
- Սեւան Աբեդին եմ, տարրական կրթութիւնս ստացել եմ «Արաքս» դպրոցում, այնուհետեւ ուղեցոյց-միջնակարգ օղակը յաճախել եմ Թեհրանի Երաժշտական դպրոց եւ ստացել եմ ջութակի ու դաշնամուրի բաժնի դիպլոմ:
Երեւանում եմ եղել 2007-ից 2014 թւականներին ուր ստացել եմ բարձրագոյն կրթութիւնս՝ Երեւանի Կոմիտասի անւան Պետական Կոնսերւատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի խմբավարութեան բաժնում, պրոֆ. Դաւիթ Ղազարեանի դասարանում եւ ստացել եմ մագիստրատուրա գերազանց վկայագրով:


- Ինչպէս էք սկսել Ձեր գեղարւեստական գործունէութիւնը:
- Փոքր տարիքում Թեհրանում երգել եմ Հ.Մ.Ա.Կ.-ի «Սասունիկ» երգչախմբում, խմբավարութեամբ՝ Արփինէ Յարութիւնեանի, ապա «Ծիծեռնակ» երգչախմբում խմբավարութեամբ Ռազմիկ Օհանեանի, երգել եւ նւագել եմ Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Արազ» երգչախմբում խմբավարութեամբ Թենի Յակոբեանի: Կարճ ժամանակ նաեւ երգել եմ «Արարատ» երգչախմբում խմբավարութեամբ Արաքս Խաչատրեանի: Դպրոցական տարիներին ջութակով համերգներ եմ ունեցել, թէ որպէս՝ մենակատար եւ թէ որպէս՝ նւագախմբի անդամ «Վահդաթ» համերգասրահում: Վերջին տարիներին Բէյրութ այցելութեան ժամանակ համագործակցել եմ որպէս խմբավարի օգնական իրենց խմբավարած երգչախմբերի հետ փորձերի ընթացքում: Ուսանողական շրջանում երգել եմ կոնսերւատորիայի Պետական երգչախմբում, այնուհետեւ խմբավարել եմ նոյն երգչախմբում, որի վերահսկիչներն էին պրոֆեսորներ՝ Յովհաննէս Չէքիճեանը, Տիգրան Հեքեքեանը, Յովհաննէս Միրզոյեանը եւ Դաւիթ Ղազարեանը: Նոյն շրջանում Երեւանում կարողացայ ի մի բերել իրանահայ եւ պարսիկ անդամներից կազմւած մի երգչախումբ, որի փորձերը կայանում էր կոնսերւատորիայում եւ սա լաւ փորձառութիւն էր ինձ համար:


- Ձեր մասնագիտութեան ծիրում ի՞նչ աշխատանքներ էք մինչ այժմ կատարել:
- Համագործակցել եմ Իրանում Աւստրիայի դեսպանատան մշակոյթի բաժնի հետ (OKF):
Ներկայ պահին համագործակցում եմ Թեհրանի ֆիլհարմոնիկ նւագախմբի հետ երգչախմբային բաժնում, որի ղեկավարն է Նադէր Մաշայեխին:
Շարունակում եմ նւագել եւ դասաւանդել վոկալ, սոլֆեջիօ, դաշնամուր, ջութակ, սակսիֆոն եւ հարմոնիկա մասնաւոր եւ խմբակային ձեւաչափով:


- Ե՞րբ հրաւիրւեցիք Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան «Արարատ» երգչախումբ, ղեկավարելու համար, եւ ի՞նչպէս սկսեցիք աշխատանքը:
- 2014 թւականի օգոստոս ամսին վարչութիւնը դիմեց ինձ եւ յղեց հրաւէր այս պարտականութիւնը ստանձնելու համար, քառաձայն երգչախմբի նախկին ղեկավար Արաքս Խաչատրեանի Երեւան վերադառնալու պատճառով երգչախումբը իր աշխատանքը պէտք է սկսէր նոր խմբավարով: Դեկտեմբեր ամսից փորձերը վեր սկսւեցին:


- Ի՞նչպէս են ընթանում փորձերը եւ ի՞նչ հեռանկարներ ու ծրագրեր ունէք:
- Փորձերը կայանում են շաբաթական երկու պահ կիրակի եւ երեքշաբթի օրերը (շաբաթը 4 ժամ), «Արարատ»-ի կենտրոնատեղիում. սկզբում սօլֆեջիօ եմ պարապում ու միաժամանակ նոտա եմ սովորեցնում, ապա ձայնամարզութիւն կատարելուց յետոյ անցնում ենք երգացանկին, որը կազմւել է առաջիկայ համերգին համապատասխան:
Ցանկալի է, որ կարողանանք ներկայանալ տարբեր ժանրերում՝ դասական, ժողովրդական, փափ, ջազ եւ այլն: Ու ամենակարեւորն է, որ երգչախմբի թիւը յաւելում արձանագրի:


- Վերջում՝ եթէ որեւէ բան կը ցանկանաք աւելացնել, խնդրեմ:
- Շնորհակալ եմ Հանրային կապից, այսօրւայ հարցազրոյցը կազմակերպելու համար:
Ցանկանում եմ մի քանի բառով խօսել երգչախմբում երգելու մասին՝ նախ դա ամբողջովին խմբային աշխատանք է եւ զարգացնում է երգողի երաժշտական լսողութիւնը եւ ունակութիւնները, ծանօթացնում է բազմաձայն երգեցողութեան եւ նոտաների ու սոլֆեջիոյի հետ:
Երգն ու երաժշտութիւնը լինելով հնագոյն արւեստներից, հոգեբանօրէն կապւած է մարդու ներաշխարհին եւ արտացոլում է նրա զգացմունքները:
Առիթը պատեհ համարելով քաջալերում եմ երիտասարդ-երիտասարդուհիներին մասնակցել մեր փորձերին եւ ապրել խմբային, միութենական եւ հիմնականում երգչախմբային հաճելի կեանքը:

Սրանից 32 տարի առաջ, 1983 թւականին Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան յարկի տակ հիմքը դրւեց Մանկական թատրոնի, այնուհետեւ 1989 թւականին այս թատրոնի պատասխանտւութիւնն ու ղեկավարութիւնը յանձնարարւեց Ռուբիկ Մ. Պետրոսեանին: Նա հիմնադրեց «Շանթիկ» մանկական եւ ապա «Շանթ» պատանեկան-երիտասարդական թատերախմբերը, որոնք արդէն 27 տարեկան են: