Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

 

Չորեքշաբթի յունիսի 22-ին Արարատի սկաուտները Հ.Մ.Ը.Մ.-ի բանակավայրում Կիպրոսի հայ սկաուտների հետ աշխոյժ օր անցկացրին, առաւօտեան՝ ծրագրում կատարւեց մարզանք ու ծովում լողալ ապա Դ.խ. Արմէն Այւազեանը դասախօսեց "Ինչպէս գոյատևել դժւարին պայմաններում" թէման, այնուհետև սկաուտները ջրազտման համակարգը սովորեցին ու սարք պատրաստեցին:

 

Սկաուտները հէնց առաջին օրը  տեղափոխւեցին բանակավայր, միասնաբար կահաւորեցին  վայրը եւ կատարեցին բացման արարողութիւնը, նաև տեղի ունեցաւ աւանդական՝  կացնի արարողութիւնը:

 

Սկաուտները հաճելի ժամանակ անցկացրին խարոյկահանդէսի խմբակների, նախապատրաստական աշխատանքի  ընթացքում, նրանք խմբակների բաժանւելով միասնաբար թատրոնների  եւ երգերի կատարումներ պատրաստեցին:

 

Օրւայ երկրորդ կէսում սկաուտների համար նախատեսւել էր ազատ զրոյց՝ «Սկաուտական կեանքի ազդեցութիւնը առօրեայ կեանքում» թեմայով:

ԱՅՍՕՐ ՄԱՐԶԱՒԱՆՈՒՄ՝  սկսեց Մարզական  միութեան նախաձեռնութեամբ Երեխաների Ամառային աշխատանքները:

Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Արւեստից միութիւնը
«Երգ»-ի մասնաւոր պարապմունքների է ընդունում 16-22 տարեկան պատանի- երիտասարդներին բեմային, անհատական և խմբային ելոյթների պատրաստւելու նպատակով:
Ընդունելութիւնը տեղի է ունենալու յունիսի 17-ին, առաւօտեան ժամը 10:30-ից 13:00-ը Արարատ մարզաւանում:
Մասնակիցները պէտք է իրենց հետ ունենան 2 երգերի մինուսներ: Կատարումները կարող են լինել նաև ակապելլա:
Սոլֆեժի ուսուցիչ՝ Երևանի Կոմիտասի անւան Պետական կոնսերւատորիայի խմբավարութեան բաժնի մագիստրատորա՝ Արփի Սիմրոջեան
Վոքալի և ձայնավարժութեան ուսուցիչ՝ Երևանի Կոմիտասի անւան Պետական կոնսերւատորիայի դասական վոկալ բաժնի մագիստրատորա՝ Մեղեդի Նազարեան
Էստրադային նւագախմբի ղեկավար՝ Երևանի Կոմիտասի անւան Պետական կոնսերւատորիայի ջազային և էստրադային բաժնի մագիստրատորա՝ Արմէն Ասատրեան
Յաւելեալ տեղեկութիւնների համար կապւել Արւեստից միութեան գրասենեակ կ.յ. ժամը 4-ից 7-ը, 88031702 հեռախօսահամարով:

Թումո ամառային ճամբարը հետաքրքիր կրթական ճանապարհ է, որով անցնող պատանիները տեսնում են Հայաստանի ժամանակակից ու ոգևորող կողմը:

Ծրագիրը խիտ է բազմատեսակ ուսումնառությամբ ու ժամանցով, որը անպայման ձեր երեխային կլցնի թվային աշխարհը գրավելու մոտիվացիայով և ոգևորվածությամբ: Թումոյի ամառային ճամբարին մասնակցելով 12-18 տարեկան բազմաթիվ պատանիներ հնարավորություն կստանան անցնել Թումոյի դասընթացների խտացված տարբերակները: Հունիսի 20-ից հուլիսի 30-ը նրանք ձեռք կբերեն հմտություններ Թումոյի չորս հիմնական ուսումնական ուղղություններում և կօգտագործեն դրանք սեփական նախագծերում:

Թումոյի ոլորտներն են անիմացիան, ֆիլմերի ստեղծումը, կայքերը մշակումն ու խաղերի ստեղծումը, որոնց հետ մեկտեղ ճամբարի մասնակիցները նաև կանդրադառնան այնպիսի լրացնող ոլորտների, ինչպես ռոբոտաշինությունը, լուսանկարչությունը, նկարչությունը և երաժշտությունը: Թումո ճամբարում ձեռք բերվող հմտությունների հետ մեկտեղ մասնակիցները հնարավորություն կունենան այցելել Հայաստանի ամենահետաքրքիր գեղատեսիլ վայրերը, մասնակցել սպորտային պարապմունքների ու նոր ընկերներ ձեռք կբերեն:

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը անվճար արտադպրոցական ծրագիր է, որի շրջանակներում հայ երիտասարդները ձեռք են բերում արդի թվային աշխարհում հաջողելու համար անհրաժեշտ հմտություններ: Մասնակցելով ոլորտի լավագույն մասնագետների կողմից վարվող դասընթացներին ու օգտվելով Թումոյի առցանց ինքնուսուցման ծրագրից՝ ուսանողները Թումոյից ստանում են գործնական հմտություններ, որոնք ապագայում կարող են օգտագործել իրենց երազանքները իրականացնելու համար:

Հավելեալ տեղեկությունների համար գրեք մեզ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript հասցեով կամ այցելեք tumo.org/camp:

 

Երէկ` յուլիսի 18-ին, Հ.Մ.Ա.Կ-ի  Սկաուտական միութեան 36 սկաուտներ Հ.Մ.Ը.Մ.-ի Կիպրոսի մասնաճիւղի Սկաուտական միաւորի հրաւէրով մեկնեցին դէպի Կիպրոս:

Սկաուտները  մեծ խանդավառութեամբ,  մէկ օղակի շուրջ հաւաքւելով միասնաբար կանչեցին`« Մէկ միութիւն, մէկ նպատակ, կեցցէ Արարատ», ապա ճանապարհւեցին դէպի օդանաւակայարան:

Շաբաթ, յունիսի 11-ի ժամը 20-ին կայացաւ Երէցների միութեան Հանրային-Հասարակական բաժանմունքի "Գրական շրջանակ"-ի նոր շրջանի անդրանիկ հանդիպումը:
Մտքերի փոխանակումից յետոյ, անդրադարձ եղաւ գրող Ռաֆայէլ Արամեանի կենսագրականին ու ընթերցւեց նրա ստեղծագործութիւններից:
Յաջորդ հանդիպումը տեղի է ունենալու՝ շաբաթ յունիսի 25-ին, նիւթը՝ նոյն գրողի ստեղծագործութիւնների մասին:
Ուրախ կը լինենք որ , դուք էլ միանաք "Գրական շրջանակ"-ին:

 

 

 

«Արարատ»մարզաւանի լողաւազանների աշխատանքը սկսւելու է յունիսի  11-ից

 

1-Աղջկանց և կանանց օրերն են՝

Առաւօտեան  շաբաթական երեք օր՝ շաբաթ , երկուշաբթի և չորեքշաբթի , ժամը 9:30- ից 13:00-ը :

Կէսօրից  յետոյ՝   շաբաթից  – հինգշաբթի , ժամը 14:00 – ից  17:00 – ը:

2-Տղաների և տղամարդկանց օրերն են՝

Միայն առաւօտեան  , շաբաթական երեք օր՝ կիրակի , երեքշաբթի և հինգշաբթի՝  ժամը 9:30 –ից 13:00 – ը :

Նաև ուրբաթ օրերը՝ ժամը 14:00- ից 17:00 –ը:

3-Սեզոնային անդամակցութիւն ցանկացողները կարող են դիմել մարզաւանի գրասենեակ:

Յաւելեալ տեղեկութիւնների համար կապւել  88030224-7 հեռախօսահամարներով:

                                                                                                                                           Հ.Մ. Ա.Կ.

ԿԻՆՈՅԻ  ԴԵՐԸ  ՄԻՋԱԶԳԱՅԻՆ  ԿԱՐԾԻՔ  ՍՏԵՂԾԵԼՈՒ  ԳՈՐԾՈՒՄ

Երէցների միութեան ամսական  հանդիպումը կայացաւ  երկուշաբթի, յունիսի 6-ին երեկոյեան ժամը 7,30-ին «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» դահլիճում, ներկայութեամբ միութեան անդամների եւ հիւրերի: Ինչպէս միշտ, ծրագրում նախատեսւել էր դասախօսութիւն եւ ընդունելութիւն:

Բացման խօսքով ելոյթ ունեցաւ միութեան վարչութեան նախագահ ընկեր Հարմիկ Զովէլեանը, որ իր խօսքի սկզբում անդրադառնալով ընկեր Գրիգոր (Գրիշ) Մանուկեանի ցաւալի կորստին եւ նրան բնորոշելով որպէս  օրինակելի միութենական, ներկաներին հրաւիրեց յոտնկայս մէկ րոպէ լռութեամբ  յարգել ընկերոջ պայծառ յիշատակը: Ապա ներկայացրեց օրւայ դասախօս Անահիտ Աբադին, ով ունենալով կինոբեմադրութեան մասնագիտական կրթութիւն՝ լիսանսի աստիճանով, հայկական թեմաներով կարճամետրաժ ֆիլմերի հեղինակ է, հանդիսացել է կինոյի թանգարանի հիմնադիրներից ու իր ներդրումն է ունեցել թանգարանի հայկական բաժնի  աշխատանքում. ներկայիս նրա բեմադրութեամբ եւ  հայ դերասանների խաղարկութեամբ, հայկական թեմայով  պատրաստւող լիամետրաժ ֆիլմը, աւարտման  փուլում է գտնւում:

Դասախօսութեան նիւթն էր՝ «Կինոյի դերը միջազգային կարծիք առաջացնելու գործում»: Դասախօսը օրինակներով բացատրեց, թէ ինչպէս տեսողական միջոցներով՝ պատկերներով հնարաւոր է ազդեցութիւն բանեցնել քաղաքական, հասարակական եւ այլ ոլորտների յարաբերութիւնների վրայ՝ առաջացնելով նոր իրավիճակներ: Յիշողութիւնը, երեւակայութիւնը, երազը պատկերներով են ներկայանում մեր մտքերի մէջ: Պատկերը մարդու հետ է լինում իր կեանքի սկզբից եւ զարգանում է նրա հետ: Ամէն ինչ նախ պատկերով է ձեւաւորւում, ապա իրական աշխարհում մարմնաւորւում ու կերպարանք ստանում: Այդպէս, մարդու ստեղծագործական միտքը կարողացել է  երեւակայութիւնը մարմնաւորել եւ ստեղծել զանազան իրեր,  արհեստի ու արւեստի գործեր:  20-րդ դարում շնորհիւ նոր տեխնոլոգիաների պատկերի ազդեցութիւնը շատ աւելի է ընդլայնւել: Կինոն մեծ հնարաւորութիւն է ստեղծել երեւակայութիւնը մարմնաւորելու, իրականուութիւն դարձնելու:

Դասախօսի ներկայացրած տւեալներով՝ հրեաների Հոլոքոստի թեմայով հարիւրաւոր լիամետրաժ ֆիլմեր են արտադրւել, իսկ անուղղակի կերպով՝ տասնեակ հազարաւոր ֆիլմերում Հոլոքոստի  թեման  արտացոլւել է:  Այնինչ՝ Հայկական ցեղասպանութեան թեմայով փոքրաթիւ ֆիլմեր կան, այն էլ՝ աւելի շուտ հայկական դահլիճի համար ստղծւած: Ուրեմն կարելի է ասել, որ  մարդկային յիշողութեան մէջ Հոլոքոստը շարունակում է շատ աւելի խոր ազդեցութիւն  թողել  քան Հայկական ցեղասպանութիւնը:

Դասախօսի դիտարկմամբ՝ հայկական իրականութեան մէջ, սովորութիւն է՝ գրաւոր կամ բանաւոր եղանակներով փոխանցում կատարել ու  քարոզչական աշխատանք տանել,  չփորձելով պատկերային յիշողութիւն ստեղծել: Այդ գործելակերպը իշխում է ամենուր: Օրինակ մեր համայնքում, ազգային համակարգում, միութիւններում չկայ պատկերների միջոցով ազդեցութիւն ներգործլու  միտում, մինչդեռ  մենք բոլորս լաւատեղեակ ենք տեսողական արւեստի անմիջական ազդեցութեանը եւ անձամբ մեր դիտած ֆիլմերից վառ տպաւորութիւններ ենք  պահում մեր յիշողութեան մէջ,- եզրակացրեց դասախօսը:

Դասախօսութեան վերջում յոյս յայտնւեց, որ մեր ազգային համակարգում եւ միութիւններում ֆիլմարւեստն իր արժանաւոր տեղը գտնի:

Ծրագրի յաջորդ մասում ներկաները հրաւիրւեցին վայելելու միութեան բաժանմունքների կողմից պատրաստւած ուտեստները, ապա նշւեցին ամսւայ տարեդարձները:

 

 

Հ.Մ.Ա.Կ.