Հրատարակութիւն

PDF

Արխիւային

2024 թ.-ի յունւարի 25-ին ՀՄԱԿ-ի Արխիւային գրասենեակում  հիւրընկալւեց Հ.Մ.Ա.Կ.-ի երէց  վետերան ժամանակի  Երէցների միութեան վարչութեան նախագահ՝ ընկեր Վագրիկ Մանուկեանն  իր դստեր՝ ընկեր Անի Մանուկեանի  ընկերակցութեամբ։

Ընկեր Վագրիկը այժմ բնակւում է Երևանում և կարճ այցելութեան համար ժամանել է Թեհրան, նա տարիներ յետոյ առաջին անգամը լինելով ՝ այցելում էր Արխիւային գրասենեակ։
Այցելութեան ընթացքում, ընկերը մեծ հետաքրքրութեամբ և մանրամասնօրէն դիտեց բոլոր յիշատակներն ու պահւած գոյքերը :
Արարատի 80-ամեակի սեմին
50-ամեակի յանձնախմբի նախագահ ընկեր Վագրիկը նաև հետաքրքրւեց   50-ամեակի մեծ և բովանդակալից արխիւներով,  որոնք ամենայն խնամքով  պահւում են Արխիւային գրասենեակում:
Ընկերոջը ցանկանում ենք  քաջառողջութիւն ու  յաջողութիւն և շնորհակալութիւն յայտնում այցի համար։

1946 թւականի սեպտեմբերի 13-ին (այսօր սեպտեմբերի 13–է ) տեղի է ունեցել Հայ Երիտադարդական Մշակութային Միութեան՝
Հ.Ե.Մ.Մ.-ի 47-րդ նիստը, որտեղ վաւերացւել է միութեան ԱՌԱՋԻՆ կանոնագիրը։
Այս հազւադէպ և թանկարժէք կանոնագիր-փոքր գրքոյկը 77 տարի յետոյ գտնւել է Արարատի Ուրմիա մասնաճիւղի գրադարանում, ընկեր Ցողիկ Մուրադեանի ջանքերի և փնտրտուքների արդիւնքում ում շնորհակալ ենք։
Երեկ, սեպտ.12-ին Համահայկան խաղերին մասնակից Ուրմիայի խումբը ներկայ գտնւեց Արխիւային գրասենեակ և վերյոյիշեալ կանոնագրի օրիգինալ օրինակը յանձնեց արխիւայինին, որի համար
Մեր խորին շնորհակալութիւնն ենք յայտնում Արարատի Ուրմիայի մասնաճիւղի յարգելի վարչութեանը։

ՀՄԱԿ-ի 30-րդ Պատգամաւորական ժողովի օրերին՝ մայիսի 18-ին, Թաւրիզի և Ուրմիայի  պատգամաւորները  այցելեցին մարզաւանում Արխիւային գրասենեակ, որտեղ ծանօթացան գրասենեակի աշխատանքներին և հաւաքագրւած արխիւներին։

Հայ Մշակութային Արարատ Կազմակերպութեան պատւոյ հիւր, Համազգային հայ կրթական և մշակութային միութեան ատենապետ՝ Զաքար Քէշիշեանը 30-րդ Պատգամաւորական ժողովին մասնակցելու հրաւէրով, 2023թ.ի մայիսի 17-ին Արարատի յարկի տակ ինչպէս արդեն տեղեկացրել ենք այցելեց Արարատ պարախմբին մարզաւանում ու երգչախմբին Կենտրոնատեղիում  նաև մարզաւանում այցելել է Նորայր Պահլաւունի անւամբ Արխիւային գրասենեակ, որտեղ յանձնախմբի կողմից ստացել է բացատրութիւններ ու տեղեկութիւններ 79-ամեայ Կազմակերպութեան պատմութեան մասին։

Արխիւային յանձնախմբի այցելութիւնը «Արտակ Մանուկեան» թանգարան

Հ.Մ.Ա.Կ.-ի Արխիւային յանձնախումբը, Կենտրոնական Վարչութեան հաստատումով որոշեց կազմակերպութեան յարկի տակ հաւաքագրւած գրքերից երեք օրինակ դարից աւելի տպագրւած հայերէն բառարաններ յանձնել «Արտակ Մանուկեան» թանգարան:
14 մայիսի 2023 թւականին առաւօտեան ժամը 11-ին մի խումբ միութենական ընկերներ ներկայ գտնւեցին Ս. Մարիամ Աստւածածին եկեղեցու շրջափակում գտնւող «Արտակ Մանուկեան» թանգարան:
Ջերմ մթնոլորտում թանգարանի տնօրէն տկն. Ալիս Շահմուրադեանը ընդունեց խմբին, Կենտրոնական Վարչութեան ու արխիւային յանձնախմբի ընկերներին, 150-ից 200 տարի անցեալ ունեցող բառարանները յանձնւեցին թանգարանին:
Շուրջ մէկ ժամ տևողութեամբ հետաքրքիր և բովանդակալից բացատրութիւններով տկն. Ալիսը տեղեկութիւններ փոխանցեց ներկաներին որը անչափ գնահատւեց ներկաների կողմից։
Վերջում շրջափակի բացօթեայ սեղանի շուրջ վայելեցինք թանգարանի և յանձնախմբի կողմից պատրաստւած ընդունելութիւնը:

Ուրբաթ, յունիսի 17-ին Հ.Մ. «Արարատ» Կ.-ի "Խաժակ Արզումանեան" ցուցասրահ եւ "Նորայր Պահլաւունի" անւան Արխիւային գրասենեակ այցելեց Կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան նախկին նախագահ, մտաւորական, ազգային հասարակական գործիչ՝ ընկ. Վարուժան Առաքելեանը:

Հանդիպման ընթացքում ջերմ եւ անմիջական զրոյց ընթացաւ իր և Կենտրոնական վարչութեան ու Արխիւային յանձնախմբի անդամների միջև։
Նաև ուրբաթ առաւօտեան ցուցհանդէս այցելեցին Սկաուտական միութեան Արենուշների հատւածի թիւ 3 խումբը, որոնք հետաքրքրութեամբ հետևեցին յանձնախմբի կողմից ներկայացւած բացատրութիւնները։

Օրւայ հրաւիրեալներից էր "Արտակ Մանուկեան" թանգարանի տնօրէն՝ տկն. Ալիս Շահմուրադեանը։
Տիկին Ալիսը ողջունեց Արարատի նախաձեռնած՝ Արխիւների համաշխարհային յիշատակման օրւան նւիրւած ծրագիրը և բարձր գնահատեց կատարւած աշխատանքը, խոստանալով ապագայում սերտ հարաբերութիւններ ստեղծել յանձնախմբի հետ մասնագիտական ոլորտում, միմեանց օգտակար հանդիսանալու նպատակով։

Նշենք, որ Արխիւային գրասենեակ էին այցելել «Նաբշի» թանգարանային կենտրոնի տնօրէն՝ Փարւիզին եւ արւեստաբան ու համակարգող՝ Սանազ Արեանֆարը։

Աւարտւեց Արարատի արխիւների առաջին ցուցահանդէսը, յուսանք, որ ապագայում աւելի կատարելագործւած հաւաքածոյ կը ներկայացւի Արարատի հարուստ անցեալից, միութենականներին և մեր համայնքին։

Յունիսի 9-ը, Արխիւների համաշխարհային յիշատակման օր է, Արարատ Կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան խորհրդով, Արխիւային յանձնախումբը առաջին անգամը լինելով ձեռնարկեց միջոցառում, որտեղ ի ցոյց դրւեց Կազմակերպութեան 78-տարիների արխիւների մի փունջը,

"Նորայր Պահլաւունի" Արխիւային գրասենեակում և" Խաժակ Արզումանեան" ցուցասրահում։

Սկզբում տեղի ունեցաւ համեստ ընդունելութիւն։
Յանձնախմբի անունից բացման խօսք ընթերցեց ընկեր Արմինէ Գրիգորեանը,
այնուհետև օրւայ առիթով արտայայտւեց Կենտրոնական վարչութեան նախագահ՝ Հենրիկ Խալոյեանը, աւարտին հրաւիրւեց Գերաշնորհ սրբազան հայրը իր հայրական խօսքը փոխանցելու։

Ապա ներկաները հրաւիրւեցին դիտելու՝ բծախնդրօրէն և խնամքով սեղաններին դրւած, պատերին փակցւած և պահարաններում շարւած մի ամբողջ Կազմակերպութեան կեանք, սկսեալ առաջին օրւայ դիմումնագրերից, զեկուցներից, հրատարակութիւններից, աֆիշներից մինչ բոլոր միութիւններից ստացւած մէդալներ, յիշատակներ, տեսահոլովակներ, բազմահազար լուսանկարներ, և մի խօսքով՝ ցանկը անվերջանալի է ու միայն այցելել պէտք է, որպէսզի այս զարմանահրաշ հաւաքածոն նաև դիտելով ընկալել՝ համայնքում Արարատի դերը, կեանքն ու գործունէութիւնը և անցած բազմամեայ ճամբան։

Օրւայ խօսքերում շեշտակի հնչեց, որ արխիւները պահպանւել են ամենայն պատասխանատւութեամբ սկսեալ 1944 թ.-ից մինչ այսօր, Կենտրոնական վարչութիւնների աչալրջութեան, Արխիւային յանձնախմբերի, պատասխանատուների ու գրասենեակի պաշտօնեաների տքնաջան աշխատանքի շնորհիւ։

Քաջ գիտակցում ենք, որ արխիւների լրացումը պահանջում է անխոնջ աշխատանք և շարունակականութիւն, այդու անշուշտ յանձնախումբը սիրով կստանայ ամէն մի միութենականի տանը պահւած Արարատին վերաբերող, որևէ իր, հրատարակութիւն և յիշատակ, որը կը գայ լրացնելու եղածը, լինեն դրանք բնօրինակ կամ կրկնօրինակ։

Այցելուները մեծ հետաքրքրութեամբ և զանազան հարցադրումներով շարունակեցին դիտել։

Ցուցահանդէսը, շարունակւելու է նաև վաղը՝ ուրբաթ, առաւօտեան ժամը 10։00 ից 13։00-ը։

Էջ 1, 2-ից