ԿՈՄԻՏԱՍԻ «ՄՈԿԱՑ ՀԱՐՍՆԵՐ» Ը , «ՀՄԱԿ»Ի ԿՈՄԻՏԱՍԻ ԲԵՄՈՒՄ

ԵՐԱԺԻՇՏ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԾՆՆԴԵԱՆ 140 ԱՄԵԱԿԻ ԱՌԻԹՈՎ

Հազար ութ հարիւր վաթսունինն թւին

Հայոց այգիներն ի՞նչ պտուղ տւին.

Հայոց արտերում ի՞նչ բերք էր հասել,

 Դժւար է ասել։

Սակայն այդ թւին Մայր Հայաստանի

Արգանդը եղաւ սրբօրէն բեղուն։

Մի մանուկ ծնւեց Լոռւայ Դսեղում

Նա յետոյ պիտի դառնայ պատանի...

Ահա, Պարոյր Սեւակի այս մագնիսային տողերով սկսեց մեծանուն մտաւորական, հոգեւորական, երաժշտագէտ, բանահաւաք ու մանկավարժ՝ Կոմիտաս Վարդապետի  ծննդեան 140 ամեակին նւիրւած գրական–երաժշտական երեկոն՝ «ՀՄԱԿ»–ի Արւեստից Միութեան նախաձեռնութեամբ։

Կազմակերպութեան՝ յոբելեարի անւամբ մկրտւած դահլիճում, հինգշաբթի նոյեմբեր 12–ի երեկոյեան մեծ թւով հայրենակիցների ներկայութեամբ նշւեց երաժիշտ հոգեւորականի ծննդեան 140–րդ  տարեդարձ–մեծարումը։

Հրաւիրւելով, ներկայ էին՝ Ի. Իսլ. Հանրապետութեան մօտ Հայաստանի Հանրապետութեան լիազօր եւ արտակարգ դեսպան պրն. Գրիգոր Առաքելեանը, դեսպանատան անձնակազմը, Թեհրանի Հայոց Թեմական Խորհրդի ատենապետուհի՝ դոկտ. Աիդա Յովհաննիսեանը,  Կենտրոանական վարչութեան անդամները եւ ազգային իշխանութեան  ու մարմինների ներկայացուցիչներն ու հոծ թւով արւեստասէրներ ու հայրենակիցներ։

Ձեռնարկն սկսւելուց առաջ՝ ներկաները մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ յարգեցին նոյն օրը վախճանւած՝ ազգային հասարակական վաստակաւոր գործիչ՝ ակադեմիկոս դոկտ. Հարմիկ Դաւթեանի յիշատակը։        

Շաղիկ Ջորջեանի միջոցով ընթերցւած բացման խօսքից յետոյ, բեմի ճակատում Կոմիտասի սահիկների ցուցադրման հետ միաժամանակ՝ սփռւեց Կոմիտաս վարդապետի իսկական ձայնի հնչեղութեամբ ազգագրական մի կտոր։ Ապա Հայաստանի Հանրապետութեան «Կոմիտաս»ի անւան Կոնսերւատուարիայի դասախօս՝ Կարինէ Բրուտեանի միջոցով խորհրդաւոր մթնոլորտում ընթերցւեց Կոմիտասի կեանքն ու գործունէութիւնը, նրա  թողած աւանդն ու մշակութային երաժշտական ժառանգութիւնները, որոնք այսօր հարուստ գանձեր են համարւում մեր ժողովրդի մշակոյթի ու պատմոթեան, ինչպէս նաեւ հոգեմտաւոր կեանքում։

Կոմիտասի կեանքի ու գործունէութեան մասին մանրակրկտօրէն ուսումնասիրւած տեղեկատւութիւնը նոյն եղանակով շարունակւեցին մինչեւ հանդիսութեան աւարտը, իսկ դրանց ընդմիջում, մերթ ընդ մերթ կատարւում էին երաժշտական կտորներ, երգեր ու արտասանութիւններ՝ Կոմիտասի ստեղծագործութիւններից։

Այսպէս՝ Արմինէ Հայրապետեանը արտասանեց Կոմիտասի  քառեակները, Պօղոս Եղիազարեանը որպէս մեներգ կատարեց Կոմիտասի «Գարունա» եւ «Չինարէ» երգերը, իսկ եռեակի մէջ իր երգիչ գործակիցների հետ մասին կատարեց՝ «Կալի երգը», «Հորովել», «Հոյ Նազան», «Մոկաց Հարսներ» եւ Կոմիտասի պատարագի սկիզբ՝ «Խորհուրդ խորին» շարականի մէկ բաժինը։

 Նա խմբի միւս անդամուհի՝ Տաթեւիկ Աշուղեանի հետ զուգերգով երեւան եկաւ «Համբըրբամ» երգով։ Արթուր Կարապետեանը երգեց՝ «Հով արէք», «Կանչէ Կռունկ», եւ «Ար այլուխս» զուգերգը՝ Տաթեւիկ Աշուղեանի հետ։

Անահիտ Արսէնեանը երգեց «Քելեր, ցոլեր», «Մայրիկի օրօր»–ը եւ Արայլուխս զուգերգը՝ Արթուր Կարապետեանի հետ։

Տաթեւիկ Աշուղեանը երգեց՝ «Ալագեազ»–ը, «Դլէյ աման»–ը եւ Գրիգոր Նարեկացու՝ «Հաւուն–Հաւուն»–ը, Կոմիտասի մշակմամբ։

Արմինէ Մանասեանն էլ նոյնպէս Կոմիտասի անւան կոնսերւատուարի ուսանող է։ Նա դաշնամուրով ընկերակցեց բոլոր ոկալիստների հետ, ու նաեւ կատարեց Կոմիտասի մեներգները եւ զուգերգները, ինչպէս նաեւ կատարեց Կոմիտասի «Վաղարշապատի պար»–ը, որը նրա եօթը օրօրներից մէկն է կոչւում է նաեւ՝ «Երանգի»։

Րաֆֆի Միքայէլեանը գեղարւեստական ղեկավար է ու խմբավար։ Նա մասնակցելով՝  եռեակ կատարւող երգերին նաեւ ղեկավարեց դրանց։

Ջութակահար Աշոտ Դումանեանը եւս յաջող կատարմամբ ջութակով կատարեց Կոմիտասի «Կռունկ» եւ «Ծիրանի Ծառ» երաժշտական կտորները։

Իսկ ծրագրւած գեղարւեստական ու ուսումնասիրական բաժնի պատասխանատուն է՝ Կարինէ Բրուտեանը, որ 1990 թւականից աշխատում է Հայ երաժշտութեան եւ ֆոլկլորագիտութեան աշխատանքով եւ զբաղւում է որպէս նոյն կոնսերւատուարիայի   վաստակաւոր դասախօս։

Կոմիտասի ծննդեան 140–ամեակին նւիրւած երեկոյի վերջին բաժնում Հայաստանից ժամանած արւեստագէտների հետ միասին, կատարումներով ելոյթ ունեցաւ «ՀՄԱԿ»–ի «Արարատ» երգչախումբը՝ Արաքս Խաչատրեանի խմբավարութեամբ։

Վերջում   Կարինէ Բրուտեանը իր գոհունակութիւնն յայտնելով իրանահայ հանդիսատեսի ցու ցաբերած ընդառաջման համար եւ ուրախութիւն յայտնեց Թեհրանում ներկայացում ունենալու առիթով։

Նա որպէս յիշատակ «ՀՄԱԿ»–ին  նւիրեց Կոմիտասի «Նամականի»ն եւ Պարոյր Սեւակի բառերով մակագրւած՝ Կոմիտասի արձանիկը։  Կենտրոնական վարչութեան նախագահ՝ պրն. Էդւարդ Բաբախանեանը ընդունելով այդ, շնորհակալութիւն յայտնեց ծրագիրն իրականացնող բոլոր դերակատարներին, ու   որպէս բաղձանք՝ նշեց թէ ափսոս է, որ Հայաստանից ժամանած այս գեղարւեստական խումբը իր վերադարձի ճամբին ներկայացումներ չունենայ «ՀՄԱԿ»–ի Թաւրիզի եւ Ուրմիոյ մասնաճիւղերում։

ՀԱՅ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ «ԱՐԱՐԱՏ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊ


 

Home  |   History  |  About Us |   News  |   Culture  |   Member Ship  |  Facilities
Senior Members   |   Scouts  |  Sport   |  Branches  |   Ararat News  |   Photo Gallery

All Right Reserved By Ararat Organization. Design And Developed by Global Micro Center 2006
Site Requrement Macromedia Flash MX Plugin And IE 5+ .