41-ՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԲԱՑՈՒՄ

Իրանի 41-րդ Համահայկական խաղերի բացման հանդիսաւոր արարողութիւնը կայացաւ երկուշաբթի, սեպտեմբերի 14-ին, «Արարատ» մարզաւանի ֆուտբոլի մարզադաշտում, որտեղ համախմբւել էին հազարաւոր իրանահայեր:

 Այս տարւայ Համահայկական խաղերը նւիրւած են Հ.Մ.Ա.Կ.-ի հիմնադրման 65 և «Արարատ» մարզաւանի կառուցման 35 ամեակներին:

Համահայկական խաղերի բացման արարողութեանը ներկայ էին՝ Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանը, հիւրաբար մեր համայնքում գտնւող Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան դպրեվանքի փոխտեսուչ Տ. Մակար վրդ. Աշգարեանը, Իրանի հայ աւետարանական համայնքի հոգեւոր հովիւ Վեր. Սերգէյ Շահվերդեանը, Իրանի Իսլ. Հանրապետութիւնում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Առաքելեանը եւ դեսպանատան անձնակազմը, Նոր Ջուղայի (Սպահան) եւ Ատրպատականի ազգ. իշխանութեանց, Թ. Հ. թեմի Պատգամաւորական ժողովի ու Թեմական խորհրդի եւ «Ալիք» հաստատութեան, ինչպէս նաեւ՝ ազգային մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչներ:

Ծրագիրը պաշտօնապէս սկսւեց Իրանի Իսլամական Հանրապետութեան հիմներգով և դրօշակի ծածանմամբ: Ապա ներկաները մէկ րոպէ լռութեամբ յարգեցին յուլիսի 15-ի չւերթին զոհ դարձած մեր հարազատների յիշատկը: Դրանից յետոյ տեղի ունեցաւ մարզիկների տողանցքը մարզադաշտում, որտեղ մեր հայրենակիցները իրենց ջերմ ծափողջուններով դիմաւորում էին նրանց:

41-րդ Համահայկական խաղերի ջահը օրհնւել էր կիրակի, 13 սեպտեմբեր  2009 թւին, Ս.Մինաս եկեղեցիում և տեղափոխւել էր մարզաւան խաղերի ջահակիրի միջոցով: Այս շրջանի Համահայկական խաղերի ջահը վառեց վաստակաւոր ֆուտբոլիստ՝ Էդմոնդ Բզիկեանը: Այնուհետև կատարւեց Իրաւարարի երդումը բակետբոլի միջազգային իրաւարար՝ Հերոս Աւանէսեանի միջոցով, դրան յաջորդեց մարզիկի երդման արարողութիւնը՝ Հ.Մ.Ա.Կ.-ի բասկետբոլի մարզուհիներ՝ Փոլին Իւսէֆիի և Անգինէ Քեշիշիի միջոցով:

Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան խօսքը փոխանցեց վարչութեան փոխնախագահ՝ Հարմիկ Զովելեանը:

Այնուհետև Սրբազան Հայրը ողջունելով 41-րդ Համահայկական խաղերի կայացումը, իր հայրական օրհնանքով՝ օրհնեց այս տարւայ մրցութիւնները:

Ծրագրի գեղարւեստական բաժնում ելոյթ ունեցան Նոր Ջուղայից ժամանած էստրադային նւագախումբը, երգչուհի՝ Ռայիսա Աւանէսեանը և «Արարատ» ու «Զարթօնք» պարախմբերը: Նշած կատարումներից բացի ներկայացւեցին նաև ֆուտբոլի, տեկւանդոյի և սկաուտական ցոյցեր:

Օրւայ ծրագիրը վարում էին՝ Անահիտ Նազարեանը և Արտոյտ Զոհրաբեանը:

Հ.Մ.Ա.Կ.-ի
Հանրութեան հետ կապ


 

Home  |   History  |  About Us |   News  |   Culture  |   Member Ship  |  Facilities
Senior Members   |   Scouts  |  Sport   |  Branches  |   Ararat News  |   Photo Gallery

All Right Reserved By Ararat Organization. Design And Developed by Global Micro Center 2006
Site Requrement Macromedia Flash MX Plugin And IE 5+ .