|
Տօնւեց Հայ
Մշակութային
«Արարատ» կազմակերպութեան 64-րդ տարեդարձը
եւ
Կատարւեց Հ.Մ.Ա.Կ.-ի 60-ամեակի առիթով
հրատարակւած
գրքի շնորհանդէսը
Յուլիսի 5-ին, «Արարատ» մարզաւանի
լողաւազանների շրջափակում մեծ հանդիսութեամբ տօնւեց
Հ.Մ.Ա.Կ.-ի 64-րդ տարեդարձը: Ծրագրի սկզբում հնչեց Հ. Մ.
«Արարատ» կազմակերպութեան հիմնը, ապա բացման խօսքն
ընթերցեց Ալենուշ Այւազեանը:
Տօնակատարութեանը հրաւիրւած էին՝ Իսլ.
խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր ճրտգ.
Գէորգ Վարդանեանը, Թ. Հ. Թեմական խորհրդի, ազգային
մարմինների, քոյր միութիւնների եւ «Ալիք» հաստատութեան
ներկայացուցիչները, Հ.Մ.Ա.Կ.-ին հովանաւորող բարեկամները
եւ միութենական անդամները:
Օրւայ առթիւ նախ արտայայտւեց Հ.Մ.Ա.Կ.-ի
Կենտրոնական վարչութեան նախագահ Էդւարդ Բաբախանեանը: Նա
ներկաներին շնորհաւորեց կազմակերպութեան հիմնադրման 64-րդ
տարեդարձը եւ յոյս յայտնեց, որ միութենականների, «Արարատ»-ի
հովանաւորների, ազգային իշխանութեան եւ բոլոր բարեկամների
համատեղ ջանքերով ու միասնական աշխատանքով
կազմակերպութիւնը շատ երկար տարիներ շարունակի իր կեանքը:
Նա հակիրճ կերպով անդրադարձաւ Հ.Մ.Ա.Կ.-ի
անցեալ տարւայ գործունէութեանը եւ նշեց իրաւա-կալւածային,
մարզական եւ մշակութային ասպարէզներում ձեռքբերւած
յաջողութիւնները:
Այնուհետեւ Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտր. վարչութեան
եւ Մարզական միութեան վարչութեան կողմից գնահատագրեր եւ
յուշանւէրներ շնորհւեցին «Արարատ»-ի աղջկանց բասկետբոլի
խմբի մարզուհիներին, Թեհրանի լիգայի մրցութիւնների
ընթացքում եւ երկրի մակարդակում նրանց ձեռք բերած
նշանակալից մարզական յաղթանակների համար: Գնահատագրեր եւ
յուշանւէրներ ստացան նաեւ աղջկանց բասկետբոլի խմբի
պատասխանատուները:
Ապա տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի 60-ամեակի
առթիւ հրատարակւած գրքի շնորհանդէսը: Նախ Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտր.
վարչութեան նախագահը հրաւիրեց գրքի մեկենաս եւ նւիրատու
տկն. Սեդա Կուկունեանին ու նրան շնորհեց հրատարակւած գրքի
առաջին օրինակը եւ կազմակերպութեան կողմից շնորհակալութիւն
յայտնեց նրան: Ապա հերթականութեամբ հրաւիրւեցին վերջին
շրջանների Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահները
եւ ներկայում գործող վարչութեան նախագահը եւ նրանց տրւեցին
60-ամեակի գրքի մէկական օրինակներ: Նոյն առիթով
գնահատւեցին գրքի պատրաստման ու հրատարակման խմբագրական
կազմի ներկայ անդամներ՝ Կարինէ Ղարախանեանը, Արմենուշ
Առաքելեանը եւ Անահիտ Աբրահամեանը:
Խմբագրական կազմի կողմից արտայայտւեցին՝ Կարինէ
Ղարախանեանը եւ Արմենուշ Առաքելեանը:
Օրւայ առթիւ արտայայտւեց Իսլ. խորհրդարանում հիւսիսային
իրանահայութեան պատգամաւոր ճրտգ. Գէորգ Վարդանեանը. նա
բարձր գնահատեց «Արարատ» կազմակերպութեան 64-ամեայ
բեղմնաւոր գործունէութիւնը:
Հանդիսութեան ընթացքում եղաւ հայկական ազգագրական պարերի
ներկայացում՝ «Արարատ» պարախմբի միջոցով. ղեկավար՝ Կարինէ
Ղազարեան:
Այնուհետեւ Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտր. վարչութեան անդամների ու
60-ամեակի գրքի հրատարակման մեկենաս տկն. Սեդա Կուկունեանի
միջոցով կատարւեց կազմակերպութեան 64-րդ տարեդարձի
կարկանդակը կտրելու արարողութիւնը: Ծրագրի միւս բաժնում
եղան՝ ընդունելութիւն, երգ ու երաժշտութեան կատարումներ եւ
ստեղծւեց հանդիսական ջերմ ու հաճելի մթնոլորտ: |