Հայոց Մեծ Եղեռնի 94-րդ տարելիցին նւիրւած գեղարւեստական ձեռնարկ

Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից Միութեան նախաձեռնութեամբ, սոյն թւականի ապրիլի 30-ին, «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահում տեղի ունեցաւ ապրիլեան Մեծ Եղեռնի 94-րդ տարելիցին նւիրւած գեղարւեստական ձեռնարկ:

Ապրիլեան յուշերեկոյին ներկայ էին Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական Վարչութեան ներկայացուցիչները եւ մեծ թւով հանդիսատեսներ:

Նախ բացման խօսքով հանդէս եկաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից Միութեան անդամ՝ Մեղեդի Նազարեանը, որն անդրադառնալով Հայոց Մեծ Եղեռնի թողած սարսափազդու հետեւանքներին, որ թողել են, հայ հասարակութեան եւ միջազգային հանրութեան ընդհանուր քաղաքական եւ մտածողութեան կառուցւածքի վրայ, աւելացրեց, որ մեր ժողովրդի յաջորդական սերունդների տարած պահանջատիրական ու արդարատենչ պայքարի արդիւնքում՝ այսօր աշխարհի շատ երկրներ ճանաչել ու դատապարտել են 1915 թւականին Օսմանեան կայսրութիւնում հայ եւ միւս քրիստոնեայ հպատակների դէմ գործադրւած ու նախամտածւած անմարդկային ցեղասպանութիւնը:

Այնուհետեւ գեղարւեստական ծրագիրը մեկնարկւեց «Հայր մեր»-ով, որը կատարւեց Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից Միութեան «Արարատ» երգչախմբի միջոցով, խմբավարութեամբ՝ օր. Արաքս Խաչատրեանի, դաշնակահար՝ Արին Աւանէսեան:

«Արարատ» երգչախումբը հանդէս եկաւ հոգեւոր եւ ազգային-հայրենասիրական երգերի կատարումով: Հարկ է նշել, որ «Կոմիտաս» սրահի բեմի աստիճանների վրայ տեղադրւած վառւող մոմերի լոյսը, յատուկ շունչ ու խորհրդակցութիւն էր հաղորդում միջոցառմանը եւ հանդիսատեսին մտովի կապում Հայոց Մեծ Եղեռնի նահատակաց անմար յիշատակին:

Ապա, գեղեցիկ ասմունքով հանդէս եկաւ Արւեստից Միութեան անդամուհի՝ Թենի Աւագեանը, որն արտասանեց Գէորգ Էմինի «Դեր Զոր» բանաստեղծութիւնը:

Ձեռնարկի միւս բաժնում Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից Միութեան «Արարատ» պարախումբը կատարեց Ալբինոնի «Ադաջիօ» պարը: Արարատ» պարախմբի գեղարւեստական ղեկավար՝ Հայաստանի վաստակաւոր արտիստ Կարինէ Ղազարեան եւ պարի փորձավար՝ Անահիտ Աւետեան: Պարային գեղեցիկ ելոյթից յետոյ, բեմում տեղադրւած էկրանի վրայ ցուցադրւեց «Արմին Վեգներ - Ցեղասպանութեան լուսանկարիչ» անունով փաստավաւերագրական բաւականին հետաքրքիր եւ խորը տպաւորութիւն ձգող ֆիլմը:

Այնուհետեւ, ելոյթով հանդէս եկան «Քաւարան» երգչախմբի անդամները: Երաժշտական խմբի մեներգիչ՝ Վահիկ Մարգարեանն, երգեց Արմէն Մովսիսեանից եւ Արթուր Մեսչեանից ընտրած չորս երգեր, որոնք մեծ տպաւորութիւն եւ խորն զգացողութիւն առաջացրեցին հանդիսատեսների վրայ:

Արթուր Մեսչեանի «Ուր էիր, Աստւած»-ի յաջորդ երգեցողութեամբ, աւարտւեց օրւայ գեղարւեստական միջոցառումը:

 

Հ.Մ.Ա.Կ.-ի Հանրութեան Հետ Կապ

 

Home  |   History  |  About Us |   News  |   Culture  |   Member Ship  |  Facilities
Senior Members   |   Scouts  |  Sport   |  Branches  |   Ararat News  |   Photo Gallery

All Right Reserved By Ararat Organization. Design And Developed by Global Micro Center 2006
Site Requrement Macromedia Flash MX Plugin And IE 5+ .