Պարգեւատրւեցին Հ.Մ. "Արարատ" Կազմակերպութեան

Մարզիկ-ուհիները

Իրանի Մարմնակրթական Կազմակերպութեան նախագահ ճրտգ. Ալիաբադիի ներկայութեամբ՝ երեքշաբթի սոյն թւի փետրւարի 20-ի երեկոյեան "Արարատ" մարզաւանի "Վաչիկ Ղարաբէգեան" սրահում կազմակերպւած ծրագրի ընթացքում մեծարւեցին Հ.Մ. "Արարատ" Կազմակերպութեան լաւագոյն մարզիկ-ուհիները:

Ծրագրին ներկայ էին՝ Իսլ. Խորհրդարանում հիւսիսյին եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորները, իսլ. մշակոյթի ու առաջնորդութեան նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատու պրն. Թաղաւին, Թեհրան նահանգի Մարմնակրթական հիմնարկի տնօրէն պրն. Թաղիզադէն, Իրանի պետական շրջանակների ներկայացուցիչներ, ազգային մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչներ, Իրանի մարզական տարբեր ֆեդերացիաների պատասխանատուներ, լաւագոյն մարզիկ-ուհիներ եւ Իրանի ֆուտբոլի հաւաքականի անդամ Անդրանիկ Թէյմուրեանը:

Ծրագիրը սկսւեց Իրանի Իսլ. Հանրապետութեան հիմնով, որը կատարեց "Արարատ" երգչախումբը՝ ղեկավարութեամբ Արաքս Խաչատրեանի եւ դաշնամուրի ընկերակցութեամբ Ռեբեկա Աշուղեանի: Կազմակերպութեան անունից ողջոյնի խօսք ասաց Արտոյտ Զոհրաբեանը, որը նաեւ օրւայ հաղորդավարն էր: Այնուհետեւ "Արարատ"  երգչախումբը իրականացրեց նաեւ երկու կատարումներ: Ցուցադրւեց մի ֆիլմ՝ Հ.Մ.Ա.Կ.-ի պատմականի մասին, որից յետոյ Կազմակերպութեան մարզական բաժնի, նաեւ պատմականի մասին առանձին գլուխներով արտայայտւեցին՝ Ռուբէն Շահվերդեանը եւ Վովա Վովսէփեանը: Ծրագրի մի այլ բաժնում ցուցադրւեց տեսաժապաւէն՝ երկրի աղջ. բասկետբոլի ոլորտում "Արարատ" –ի խմբի առաջնութիւն շահելու մասին:

Օրւայ առիթով ներկաներին խօսք ուղղեց Իսլ. խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր ճրտգ. Գէորգ Վարդանեանը, որը շնորհաւորելով Իրանի Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 28-րդ տարեդարձը՝ կարեւորեց Իրանի ժողովրդի զգօն կեցւածքը՝ դաւադրութիւնները չէզոքացնելու առումով: Նա կարեւորեց իրանահայ համայնքի դերը՝ յատկապէս Իսլ. յեղափոխութեան յաղթանակի եւ պատերազմի տարիներում, իսկ այսօր երկրի գիտա-մշակութային եւ տեխնիկական ոլորտի զարգացման ճամբին:

Ճրտգ. Գէորգ Վարդանեանը գնահատանքի խօսք ուղղեց հախագահի օգնական եւ Մարմնակրթական Կազմակերպութեան նախագահ ճրտգ. Ալիաբադիին, քաղաքապետարանին եւ բոլոր նրանց, ովքեր չեն խնայել իրենց ջանքը՝ մարզական ոլորտում իրանահայ համայնքին նեցուկ հանդիսանալու գծով:

Ապա հրաւիրւեց Իրանի Մարմնակրթական Կազմակերպութեան նախագահ ճրտգ. Ալիաբադին եւ իր գոհունակութիւնը յայտնեց, որ երկրում կրօնական փոքրամասնութիւնները եւս որպէս իրանցիներ՝ վայելում են համահաւասար իրաւունքներ եւ այս համերաշխութեան շնորհիւ է, որ բոլորը միասնաբար դերակատար են երկրի բոլոր հարցերում՝ թէ՛ ուրախութեան, եւ թէ՛ դժւարութեան պահերին: Նա զեկոյց ներկայացրեց երկրի մարզական վերելքի մասին՝ նշելով, որ մարզանքի ոլորտում ինչքան էլ որ ներդրում կատարւի՝ անհրաժեշտ է: Պրն. Ալիաբադին նշեց, որ Թեհրանի Մարմնակրթական հիմնարկի գլխաւոր տնօրէն պրն. Թաղիզադէի հետ ունեցած զրոյցի ընթացքում  նա յանձնառու դարձաւ Հ.Մ. "Սիփան" Միութեան գծով աշխատանքները սկսւեն իրանական ֆարւարդին ամսից (մարտի վերջերում կամ ապրիլին) եւ աւարտւեն մինչեւ շահրիւար ամիսը (սեպտեմբերի վերջը) եւ աւելացրեց՝ որոշւել է "Արարատ"-ի լողաւազանը ծածկելու մասին եւս ինչ-որ քայլեր կիրառել:

Ծրագրի վերջում պրն. Ալիաբադիի ձեռքով գնահատագիր յանձնւեց Իրանի ֆուտբոլի հաւաքականի մարզիկ Անդրանիկ Թէյմուրեանին, իսկ պրն. Թաղիզադէի, պատգամաւոր Ճրտգ. Գէորգ Վարդանեանի եւ Հ.Մ. "Արարատ" Կազմակերպութեան վարչութեան անդամների միջոցով նւէրներ ու գնահատագրեր յանձնւեցին լաւագոյն մարզիկներին, որոնք ուշագրաւ տեղեր են գրաւել երկրի մարզական կեանքում:

Յատկանշական է, որ սրահում կազմակերպւել էր նաեւ Հ.Մ. "Արարատ" Կազմակերպութեան մարզական կեանքին առընչւող ցուցահանդէս:

 

Home  |   History  |  About Us |   News  |   Culture  |   Member Ship  |  Facilities
Senior Members   |   Scouts  |  Sport   |  Branches  |   Ararat News  |   Photo Gallery

All Right Reserved By Ararat Organization. Design And Developed by Global Micro Center 2006
Site Requrement Macromedia Flash MX Plugin And IE 5+ .