|
Հանդիպում՝ Իրանի Հայ
Արհեստաւորների Միութեան հետ
40-րդ շրջանի Համահայկական մրցութիւնների առնչութեամբ
Թւականիս փետրւարի 6-ին Իրանի 40-րդ շրջանի
Համահայկական Խաղերի արտաքին յարաբերութեան եւ քարոզչական
յանձնախմբի ներկայացուցիչները ներկայ գտնւեցին Իրանի Հայ
Արհեստաւորների Միութեան ամսական հանդիպման նրանց
կենտրոնատեղի «Արամ» սրահում:
Իրանի Հայ Արհեստաւորների միութեան
վարչութեան ներկայացուցիչները յանձնախմբին խոստացան, որ
իրենց բոլորանւէր համագործակցութիւն եւ օժանդակութիւնը կը
ցուցաբերեն խաղերի առթիւ տպագրւելիք գրքի հրատարակման եւ
ցրման աշխատանքներում:
Հանդիպման ընթացքին միութեան վարչութեան
անդամ՝ Սուրէն Շահբազեանը ներկաներին բացատրութիւն տւեց
յառաջիկայ 40-րդ շրջանի Համահայկական Խաղերի մասին եւ ապա
40-րդ շրջանի Համահայկական Խաղերի արտաքին յարաբերութեան
եւ քարոզչական յանձնախմբի անդամ՝ Թորիկ Թորիկեանը,
ներկաներին ամփոփ բացատրեց խաղերի եւ յանձնախմբի մինչ այժմ
կատարած աշխատանքների մասին, նշելով այն կարեւոր դէրը, որ
ունեցել է եւ ունի Համահայկական մրցութիւնները գաղութի
հայապահպանման եւ դաստիարակչական աշխատանքներում: Ծրագրի
աւարտին տեղի ունեցաւ ընդունելութիւն, որի ընթացքին
դարձեալ Արհեստաւորների միութեան վարչութեան
ներկայացուցիչները խոստացան իրենց նիւթական եւ բարոյական
օժանդակութիւնը. Նրանք շեշտեցին, որ Հ.Մ.Ա.Կ.-ը սոյն
խաղերի նախաձեռնող եւ կազմակեպողն է, որին տէր պիտի կանգնի
նաեւ ամբողջ համայնքը ու նաեւ բոլոր միութիւնները:
Վերոյիշեալ հանդիպման արդիւնքում, 40-րդ
շրջանի Համահայկական Խաղերի առիթով տպագրւելիք գիրք-ալբոմի
հրատարակման հովանաւորութիւնը յանձն է առել Իրանի Հայ
Արհեստաւորների Միութիւնը: Այս ուղղութեամբ Հ.Մ.Ա.Կ.-ի,
Արհեստաւորների Միութեան եւ Ալիք Հաստատութեան միջեւ
կնքւել է պայմանագիր: Սոյն պայմանագրի համար հանդիպում է
տեղի ունեցել Ալիք Հաստատութեան շէնքում, որին Հ.Մ.Ա.Կ.-ի
կողմից ներկայ են եղել ընկերներ Թորիկ Թորիկեանը եւ Ժօզէֆ
Նազարեանը. Արհեստաւորների Միութեան կողմից եւս ներկայ է
եղել պրն. Յակոբ Յակոբեանը:
Հ.Մ.Ա.Կ.-ի Հանրութեան հետ կապ |