|
ԱՐՄԷՆ ՀԱԽՆԱԶԱՐԵԱՆԻ
ՅՈՒՇԵՐԵԿՈՅԻ ԱՌԻԹՈՎ՝
ԱՐՀԱՒԻՔՆԵՐԻՑ ՊԱՏՄԵՑԻՆ
ՓԼՒԱԾ ՈՒ ԿԻՍԱՒԷՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՅՈՒՇԱԿՈԹՈՂՆԵՐԸ
«Հ.Մ.Ա.Կ.»–ի Յարկի Տակ
Սամուէլ Կարապետեանի
կարծիքը «Հ.Մ.Ա.Կ.» ի մասին
Երկուշաբթի Նոյեմբերի 2–ի երեկոյեան,
«Հ.Մ.Ա.Կ.»–ի Վաչիկ Ղարաբէգեան սրահում համախմբւել էին
նրանք, որոնք համախմբւել էին մեծարելու համար Հայկական
յուշակոթողների անխոնջ խնամակալ՝ հանգուցեալ դոկտ. Արմէն
Հախնազարեանի յիշատակը։ Ձեռնարկի սկզբում ներկաները մէկ
ռոպէ յոտնկայս լռութեամբ յարգեցին դոկտ. Հախնազարեանի
յիշատակը։
Երեկոյեան նոյնպէս կարեւորւում էր դոկտ.
Հախնազարեանի տարիների գործակից՝ յուշարձանագէտ Սամուէլ
Կարապետեանի ներկայութեամբ ու իր պատգամի ընթերցումով որը
թարգմանւել էր պարսկերէն լեզւով, նկատի ունենալով
պարսկախօս հայրենակից հրաւիրեալների ներկայութիւնը։
Երեկոն նոյնպէս հրապուրիչ էր նաեւ այն
բանով, որ դահլիճի ընդարձակ մասը յատկացւել էր Իրանում,
Հայաստանում եւ Արեւմտահայաստանում գոյութիւն ունեցած
պատմական յուշակոթողների մեծադիր լուսանկարներով։
Կոթողներ, որոնք տարիների ընթացքում լուսանկարւել էին այս
մարզում գիտաշխատողների ու նաեւ դոկտ. Հախնազարեանի
միջոցով։ Դրանցից ոմանք ունէին երկու տարբերակներ.
Իսկական պատկերը եւ Թրքական վանդալիզմի հետեւանքով աւերակի
կամ կիսաաւերակի վերածւած լուսանկարները։
Հայկական Հարցերի Ուսումնասիրութեան
Կենտրոն՝ ՀՈՒՍԿ–ի եւ ՀՄԱԿ–ի համատեղ կազմակերպւած այս
նախաձեռնութեան սկզբում, օրւայ հաղորդավար Ռոբերտ
Մարգարեանը բարեգալստեան խօսքից յետոյ՝ ընթերցեց ՀՈՒՍԿ–ի
կողմից Իրան հրաւիրւած Սամուէլ Կարապետեանի պատգամը։
Նշանաւոր յուշարձանագէտի պատգամի մէջ
ակնարկւելով Հայոց Ֆիզիկական եւ մշակութային
ցեղասպանութեանը ի մի ջի այլոց ասւում էր.– «Այսօր երբ
այլեւս մեզ հետ չէ նախնեաց յիշատակի առջեւ պարտքի
գիտակցումով մինչեւ վերջին շունչն առաջնորդւած եւ անհուն
նւիրումով գիտակցական ողջ կեանքը դրանց՝ փշրանք առ փշրանք
վաւերագրելուն եւ այդպիսով անմահացնելուն ծառայեցրած դր.
Արմէն Հախնազարեանը, թերեւս իրաւունք ունենք մէկ հարց
առաջ բերել. Գիտակցե՞լ ենք արդեօք երբեւէ, որ ուշ թէ շուտ
վերջնական կորստեան դատապարտւած մեր բնօրրանով մէկ ցրիւ
նախնեաց հարիւր հազարաւոր յիշատակները գոնէ թղթի վրայ
անմահացնելու համազգային նշանակութեան պարտականութիւնը
պետութիւն, ազգային կառոյցներ՝ եկեղեցիներ,
կուսակցութիւններ, եւ բազում մասնագէտներ ունեցող ազգի
պարագայում մէկ անձի անձնական կարողութիւններին եւ
հնարաւորութիւնների թողած լինելը, մեղմ ասած, եղել է ոչ
բարոյ, ինչպէս նոյնքան անբարոյ է այդ ոլորտում ահռելի
աւանդ ունեցող, բայց ցարդ բնաւ ոչ ըստ արժանւոյն գնահատւած
բազմավաստակ Ժան Միշել Թիէրիի դէրքում, ով, անմահացնելով
Հայ մշակոյթի բազում արժէքներ, հայ ազգի համար ապահովել է
յարատեւութեան պայմանը՝ մշակութային հենքը»։
Սամուէլ Կարապետեանի պատգամի ընթերցումից
յետոյ ցուցադրւեց ՀՈՒՍԿ–ի միջոցով պատրաստւած
փաստավաւերագրական մի տեսժապաւէն, որը պարսկերէն լեզւով
անդրադառնալով 1915 թւականի ցեղասպանութեանը, ակնարկներ էր
արւում թուրքիայի քաղաքական ու մշակութային սադրանքերին
ու խափանարար աշխատանքներին, որի արդիւնքում ի շարս
քաղաքական խանգարումների, ակտիւ գործունէութիւն է
ծաւալւում ոչ միայն Արեւմտահայաստանում, այլ նաեւ
Ադրբեջանի զինեալների հսկողութեամբ Նախիջաւանում գոյութիւն
ունեցած Հայկական յուշակոթողների, վանքերի, եկեղեցիների
ու խաչքարերի ոչնչացման ուղղութեամբ։
Նոյն տեսաժապաւէնում նկարագրւում է նաեւ
հանգուցեալ դոկտ. Հախնազարեանի ու Սամուէլ Կարապետեանի
համագործակցութեանը՝ հայկական պատմական կոթողները
գրանցելու, վերահսկելու եւ պահպանման արժէքաւոր ու
միաժամանակ վտանգաւոր գործում։
Տեսաժապաւէնի ցուցադրումից յետոյ օր. Քիանա
Շաֆիին դաշնամուրային երկու կատարումներ ունեցեւ
Ռախմանինովի եւ Մենդելսոնի ստեղծագործութիւններից։
Այնուհետեւ բեմ հրաւիրւեց դոկտ.
Հախնազարեանի ժամանակի գործակից եւ հարազատ՝ Թեհրանի Հայոց
Թեմական Խորհրդի ատենապետ՝ դոկտ. Այիդա Յովհաննիսեանը, որն
իր հերթին յուշեր պատմելով, կարեւորութեամբ ակնարկեց
հանգուցեալ յուշարձանագէտի առաքելութեանը։
Նա անդրադառնալով Հայոց Ցեղասպանութեանն ու
այդ ցաւալի աղէտի իրաւական ու մշակութային հետեւանքներին,
կարեւորութեամբ ակնարկեց Հայ ժողովրդի ինքնութեան
յիշողութիւնը նշանառած թուրքիայի վանդալիստական
քաղաքականութեանը, որը դրսեւորւում է հայկական պատմական
արժէքների ու յուշակոթողների ոչնչացումով։
ՀՈՒՍԿ հաստատութեան ու ՀՄԱԿ–ի համատեղ
միջոցառման վերջին բաժնում արտայայտւեց թեհրանի Հայոց Թեմի
առաջնորդ՝ Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը։
Սրբազան Հայրն իր խօսքի սկզբում նախ
գնահատեց «Հուսկ» հաստատութեանը նման ազդեցիկ ու օգտաշատ
ձեռնարկներ կազմակերպելու համար։, եւ որը վերջին օրերի
ընթաքում յատուկ աշխուժացում է առաջացրել համայնքի մէջ։ Նա
ապա անդրադարձաւ հանգուցեալ դոկտ. Հախնազարեան Արմէնի
ազգանւէր գործունէութեանը։ Սրբազան Հայրը նոյնպէս ակնարկեց
Ադանայի ջարդերին, որի հարիւրամեակը նշւեց մի առա ժամանակ
առաջ։
Սրբազան հայրը նոյնպէս իր շնորհակալութիւնն
յայտնեց Իրանի իսլամական Հանրապետութեանը, որ Հակառակ
Թուրքիայի կիրառած քանդիչ ու վանդալիստական
գործունէութեանը, վերանորոգւում են Իրանի տարածքում
գտնւող Հայկական վանքերն ու յուշակոթողները, եւ որոնք
արժանանում են կառավարութեան յատուկ խնամակալութեան։
Միջոցառման պաշտօնական բաժնի աւարտին,
ներկաները հիւրասիրւելով, այցելեցին նաեւ հայկական
բազմաթիւ վանքերի ու յուշակոթողների լուսանկարներից
պատրաստւած ցուցահանդէսը։ Յուշակոթողներ՝ որոնք լեզու
առնելով պատմեցին այն արհաւիրքներից, որոնք անցել են իրենց
վրայից։
Այդ ընթացքում նախապէս եւս «Արարատ»
մարզաւան այցելած յուշարձանագէտ Սամուէլ Կարապետեանը
պատասխանելով «ՀՄԱԿ»ի հանրային կապի հարցումին Արարատի եկ
ընդհանրապէս Սփիւռքի դերակատարութեանը՝ իրենց աշխատանքների
արդիւնքները արտացոլելու գործում ասաց.– «Անշուշտ Արարատը
առանցքային դերակատարութիւն ունի։ Այսինքն հիմնասիւնի դեր
է կատարում համայնքային կեանքում, եւ անշուշտ
տարիների ընթացքում բազմաթիւ մշակութային ձեռնարկներ են
իրականացւել այստեղ, եւ դեռ շատ էլ կիրականացւեն եւ հէնց
սրանց շնորհիւ է, որ համայնքը կարողանում է պահպանել իր
մշակութային պատւանդանը»։
|