«Արարատ
73» ֆուտբոլի վետերանները «Արարատ» Մարզաւանում
Հայաստանի «Արարատ 73» ֆուտբոլի վետերանները, որը Իրանի
Ֆուտբոլի Ֆեդերացիայի հրաւէրով Թեհրան էին ժամանել,
դեկտ. 16-ին, կ.յ. ժամը 3-ին, «Արարատ» Մարզաւանում
ընկերական մրցութիւն ունեցան Հ.Մ.Ա.Կ.-ի ֆուտբոլի երէցների
խմբի հետ:
Այնուհետեւ ժամը 7:30-ին «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում
սոյն խմբի այցելութեան առիթով տեղի ունեցաւ շուրջ մէկուկէս
ժամ տեւողութեամբ ձեռնարկ:
Ծրագրին ներկայ էին՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ
Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Իրանում Հայաստանի Հանրապետութեան
արտակարգ եւ լիազօր դեսպան՝ պրն. Կարէն Նազարեանը եւ
դեսպանատան անձնակազմը, «Արարատ 73» ֆուտբոլի խմբի վետերանները,
Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական եւ Մարզական վարչութիւնների
ներկայացուցիչները, մի շարք մարզիկներ եւ այլ հիւրեր:
Ծրագրի բացումը կատարեց Անահիտ Նազարեանը, որից յետոյ
Հ.Մ.Ա.Կ.-ի խօսքն ընթերցեց Մարզական վարչութեան նախագահ՝
Ռազմիկ Ազիզեանը:
Այնուհետեւ ցուցադրւեց տեսաֆիլմ՝ «Արարատ 73» ֆուտբոլի
խմբի մասին:
Ֆիլմից յետոյ Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան
խօսքն ընթերցեց սպորտի, մշակոյթի ու կրթութեան բնագաւառի
հարցերը համակարգող՝ Սուրէն Գասպարեանը: Ապա ցուցադրւեց
ֆիլմ՝ Հ.Մ.Ա.Կ.-ի տարբեր աշխատանքներից:
Այնուհետեւ ելոյթ ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի «Արարատ» երգչախումբը՝
ղեկավարութեամբ օր. Արաքս Խաչատրեանի:
Ծրագրի միւս բաժնում օրւայ առիթով արտայայտւեց եւ Հ.Մ.Ա.Կ.-ին
իր շնորհակալական խօսքն ուղղեց Հայաստանի Հանրապետութեան
ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր յանձնախմբի անդամ՝ Էդիկ
Մարգարեանը: Ապա սոյն խմբի 1973-ի նւաճումների առիթով
իր յուշերը ներկայացրեց Իսլ. խորհրդարանի հարաւային
իրանահայութեան նախկին պատգամաւոր դոկտ. Հրաչ Խաչատրեանը:
Ապա տեղի ունեցաւ յուշանւէրների բաշխում: Հ.Մ.Ա.Կ.-ի
կողմից յուշանւէրներ յանձնւեցին «Արարատ 73» ֆուտբոլի
խմբի վետերան մարզիկներին: Պատրաստւած գլխաւոր յուշանւէրը
յանձնւեց «Արարատ 73» ֆուտբոլի ակումբի նախագահ՝ Սերգէյ
Պօղոսեանին: Յուշանւէրները յանձնւեցին՝ Սրբազան Հօր,
դեսպանի եւ Հ.Մ.Ա.Կ.-ի վարչական անդամների ձեռամբ, ապա
«Արարատ 73» ֆուտբոլի ակումբի կողմից եւս Հ.Մ.Ա.Կ.-ին
յանձնւեց մէկ յուշանւէր:
Յուշանւէրներ յանձնւեցին նաեւ Իրանի Ֆուտբոլի հաւաքականի
կազմի նախկին եւ ներկայ ախոյեան ֆուտբոլիստներին: Ծրագրի
աւարտին Սրբազան Հայրը օրհնելով եւ ողջունելով մարզիկներին՝
իր պատգամը յղեց ներկաներին: Վերջում տեղի ունեցաւ ընդունելութիւն:
Հարկ է նշել սոյն խումբը դեկտեմբերի 17-ին, ընկերական
մրցութիւն ունեցաւ նաեւ Իրանի Ֆուտբոլի Երէցների խմբի
հետ եւ պարտւեց 1-0 հաշւով:
|