Հ.Մ.Ա.Կ.-Ի ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
Հ.Մ.Ը.Մ.-ՖՐԱՆՍԻ 24-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱՆԱԿՈՒՄԻՆ

2008 թւականի ապրիլին Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութեան              (Հ.Մ.Ը.Մ.) Կենտրոնական վարչութեան նամակով տեղեկացանք, որ կազմակերպութեանս  Սկաուտական Միութիւնը հրաւիրւել է՝ մասնակցելու Հ.Մ.Ը.Մ.-ի Ֆրանսիայի մասնաճիւղի սկաուտական 24-րդ ընդհանուր բանակումին, որը տեղի  ունեցաւ 2008 թւականի յուլիսի 7-ից 15-ը, Փարիզի մօտակայքում գտնւող Ժամպվիլի (Jambville) սկաուտական բանակավայրում: Հարկ է նշել որ այս տարի Հ.Մ.Ը.Մ.-Ֆրանսի Մեկուսի Վարչութիւնը նկատի էր առել յիշեալ բանակումին հրաւիրել Հ.Մ.Ը.Մ.-ի 4 այլ մասնաճիւղերի՝ Հայաստան, Հոլանդիա, Շւեդիա, Անգլիա և Իրանի Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական Միութեանը:

Նկատի առնելով հրաւէրի մանրամասութիւնները՝ կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան հովանաւորութեամբ Սկաուտական միութիւնը անցաւ նախապատրաստական աշխատանքների, որպէսզի կազմակերպւած մասնակցութիւն ունենայ բանակումին:

Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութիւնը վերջին անգամ 1980 թւականի օգոստոսին էր մասնակցել Հ.Մ.Ը.Մ.-ի Ֆրանսիայի մասնաճիւղի սկաուտական     2-րդ ընդհանուր բանակումին, որը տեղի է ունեցել Ֆրանսիայի Քլամար (Clamart) բանակավայրում ու հիմա նշւած թւականից 28 տարի անց կրկին անգամ առիթ ստեղծւեց ներկայ լինելու Հ.Մ.Ը.Մ.-ի Եւրոպայի մասնաճիւղերից մէկի սկաուտական բանակումին, ուր մէկ անգամ ևս հոլովեց Հ.Մ.Ա.Կ.-ի անունը:

Սոյն բանակումին Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութիւնը մասնակցեց 9 հոգանոց կազմով, որոնք յուլիսի 6-ին համախմբւեցին Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում, ուր ներկայ էին Կենտրոնական վարչութեան փոխ նախագահ՝ Հրաչ Զարիֆեանն ու Ժանետ Թարվերդեանը և Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանի օրհնանքի ու բարեմաղթանքի խօսքից յետոյ սկաուտները բարձր տրամադրութեամբ մեկնեցին Էմամ Խոմէյնի օդանաւակայան:

ՅՈՒԼԻՍ 7, 2008

Սկաուտները յուլիսի 7-ի առաւօտեան ժամը՝ 7:30-ին հասան Փարիզի             Շառլ Դօ Գոլ օդանաւակայնը, որոնց դիմաւորեց Հ.Մ.Ը.Մ.-ի Ֆրանսիայի մասնաճիւղի Վարչութեան անդամ՝ Եղբայր Անդրէ Մարգարեանը: Այնուհետ սկաուտները ուղւեցին Ժամպվիլի կանաչապատած բանակավայրը: Բանակավայրում նրանց դիմաւորեց  բանակումի ընդհանուր պատասխանատու եղբայր՝ Պօղոս Մահպուպեանը: Ապա սկաուտները տեղաւորւեցին իրենց պատկան վրաններում, այնուհետև առիթը ունեցան ծանօթանալու բանակավայրի միւս պատւիրակութիւնների սկաուտների հետ:

Նոյն օրը երեկոյեան բացատրութիւններ տրւեց բանակումի կանոնագրութեան մասին:

Նաև դասախօսութիւն եղաւ բանակումի ամենակարևոր բաժիններից՝ պահակութեան մասին: Պահակութիւն՝ այն աշխատանքը, որ սկաուտները գիշերը հերթաբար արթուն մնալով ապահովում են բանակավայրի խաղաղութիւնը:

ՅՈՒԼԻՍ 8, 2008

Բանակումի պաշտօնական բացումը կատարւեց յուլիսի 8-ի առաւօտեան դրօշակի արարողութեամբ, ուր ծածանւեց մասնակցող երկրների, Հ.Մ.Ը.Մ.-ի և Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան դրօշները: Ապա բանակումը անցաւ իր նախապէս ծրագրւած աշխատանքների գործադրմանը, որում պիտի սկաուտները իրենց սովորած և քաղած գիտելիքները կիրառէին բանակումի գործնական աշխատանքներում, ազգային և հայկական մթնոլորտի մէջ, որի համար նախատեսւած էր հետևեալ նպատակները՝

1.      Սկաուտական գիտելիքների իւրացում:

2.      Պարտաճանաչութեան և ճշտապահութեան ընդունակութիւնների զարգացում:

3.      Սկաուտական աշխատանքների արդիականացում:

4.      Գեղարւեստական ընդունակութիւնների զարգացում:

5.      Ազգային առողջ դաստիարակութեան փոխանցում հայկական շնչով մթնոլորտի մէջ:

6.      Կարգապահութեան գիտակցութեան ամրապնդում:

7.      Վարժեցում հաւաքական աշխատանքի:

Նոյն օրը իւրաքանչիւր շրջան ներկայացրեց դասախօսութիւն իր երկրի տեսարժան վայրերի, հայկական գաղթօջախի և միութեան մասին և տեղեկութիւնները պատի թերթերով և նկարներով տեղադրւեց բանակումի թանգարանում:

 

ՅՈՒԼԻՍ 9, 2008

Այս օրը սկաուտները բանակումի առօրեայ աշխատանքների կողքին ունեցան 4 ժամեայ հետախուզական աշխատանք բանակավայրից դուրս, որտեղ առիթը ունեցան վայելելու Ժամպվիլի գունագեղ բնութիւնը: Յիշեալ աշխատանքը աշխուժութիւն ստեղծելով նաև զարգացրեց առողջ մրցակցութեան եռանդը սկաուտների մէջ: 

Հետախուզական աշխատանքների նպատակն է՝

1.      Սկաուտի մօտ զարգացնել արկածախնդրութեան ոգին:

2.      Զարգացնել բնութեան սէրը և գեղեցկութեան գիտակցութիւնը:

3.      Զարգացնել սկաուտի իմաստութիւնը, ուշադիր լինելը և եզրակացութեան հասնելու կարողութիւնը:

4.      Մարզել մարմինը և հոգին՝ դիմադրելու համար դժւարութիւնները:

5.      Ծանօթանալ հետախուզական վայրի աշխարհագրութեան և բնութեան, ինչպէս նաև ժողովրդի ապրելակերպին:

ՅՈՒԼԻՍ 10, 2008

            Այսօրւայ իւրայատուկ աշխատանքներից էր՝ ճաշի մրցութիւնը, իւրաքանչիւր շրջան պէտք է պատրաստէր իր երկրի ճաշատեսակներից մէկը: Մրցութիւնը բաւականին հետաքրքրութիւն ստեղծեց սկաուտների մօտ, քանի որ առիթը ունեցան ճաշակելու տարբեր շրջանների ճաշատեսակները:

            Ընդհանրապէս ճաշի ժամերը սկաուտների համար սպասւած պահ է, քանի որ պատեհ առիթ է սեղանի շուրջը բոլորւել, ճաշել, հանգստանալ և միմիեանց հետ զրուցել:

Իսկ գիշերւայ խարոյկին յաջորդեց ռադիօ-բանակումը, որ հայկական ուրախ երգերով, սկաուտները զւարճալի և ուրախ ժամանց ունեցան բանակավայրում:

ՅՈՒԼԻՍ 11, 2008

Այս օրը սպասւած օր էր սկաուտների մօտ, քանի որ առիթ ունեցան այցելելու Փարիզը և քաղաքի տեսարժան վայրերից մի քանիսը:

Բանակավայրից Փարիզ հասնելուց անմիջապէս յետոյ, սկաուտները այցելեցին Հ.Մ.Ը.Մ.-ի հիմնադիր անդամներից՝ Գրիգոր Յակոբեանի շիրիմը և իրենց յարգանքի տուրքը մատուցեցին հանգուցեալի յիշատակին:

Ապա սկաուտները ուղւեցին դէպի աշխարհի ամենայայտի տեսարժան վայրերից մէկը՝ Էյֆէլեան աշտարակը, որ կառուցւել է 1889 թւականին քիմիկոս Ալէքսանդր Գիւստաւ Էյֆէլի միջոցով:

Նրանք նաև այցելեցին վերջին տարիներում Հայոց Ցեղասպանութեան յիշատակին կառուցւած Կոմիտաս վարդապետի յուշարձանը:

Յետոյ այցելեցին Հայաստանեաց Առաքելական Ս. Յովհաննէս Մկրտիչ մայր եկեղեցին, որտեղ հոգևոր հովիւը իր օրհնանքի խօսքը ուղեց սկաուտներին:

Ապա սկաուտները անցնելով Փարիզի ամենայայտնի պողոտայ՝              Champs-Elysées-ից, այցելեցին նաև Փարիզի սպիտակ կառուցւածքով յայտնի          Sacre Coeur եկեղեցին, որը գտնւում է քաղաքի ամենաբարձր կէտում և հնարաւոր է ամբողջ Փարիզը դիտել այնտեղից:

ՅՈՒԼԻՍ 12, 2008

            Սկաուտները այս օրը անցկացրին բանակավայրում, մասնակցեցին սկաուտական մրցումների և տողանցքի փորձեր ունեցան, կատարւեց խարուկահանդէսի նախապատրաստական աշխատանքը, որպէսզի բանակումի յաջորդ օրը պատրաստւած և կազմակերպւած ներկայացումներ ունենային այցելուների համար:

            ՅՈՒԼԻՍ 13, 2008

Սոյն օրը նախատեսւած էր այցելութեան օր, որպէսզի ծնողները առիթը ունենային այցելելու սկաուտների բանակավայրը, ծանօթանալու աշխատանքներին և ականատես լինելու սկաուտական կեանքին:

Այս օրը բանակավայր այցելեցին՝ Ֆրանսահայ Թեմի Հոգևոր Առաջնորդը, Հ.Մ.Ը.Մ.-Ֆրանսի վարչութեան անդամները և սկաուտների ծնողները:

Նոյն օրը տեղի ունեցաւ տողանցք, երկրների ներկայացում, գեղարւեստական ձեռնարկ, գնահատագրերի բաշխում և յուշանւէրների փոխանակում:

ՅՈՒԼԻՍ 14, 2008

            Բանակումի նախավերջին օրը, որ իւրայտուկ եռ ու զեռ էր տիրում բանակավայրում, սկաուտները առիթը ունեցան միմեանց յուշանւէրներ փոխանակելու և յիշատակի նկարներ նկարահանելու, որոնք պէտք է թարմացնեն բանակումում միասին ապրած անմոռանալի յուշերը:

            Գիշերը վառւեց բանակումի վերջին յատկանշական խարոյկը: Սկաուտները խարոյկի շուրջ կազմեցին աննկուն շղթան և միասնաբար երգեցին «Հրաժեշտ»-ի երգը:

ՅՈՒԼԻՍ 15, 2008

            Ահա բանակումի վերջին և յուզիչ օրը, որ սկաուտները պէտք է հաւաքէին վրանները, սարքաւորումները և ամբողջ բանակավայրը:

            Նրանք թողեցին բանակավայրը իրենց հետ տանելով բանակումի անմոռանալի յուշերը, ձեռք բերելով նոր ընկերական կապեր և իրենց մէջ թարմացնելով աշխատանքային նոր եռանդներ:

Հարկ է նշել, որ Հ.Մ.Ա.Կ.-ի սկաուտները արժանացել են ԼԱՒԱԳՈՅՆ ՊԱՏՒԻՐԱԿՈՒԹԵԱՆ կոչումին, որ յայտարարւեց և գնահատագիր տրւեց Յուլիսի 13-ին  բանակումի այցելութեան օրը, որտեղ ներկայ էին՝ Ֆրանսահայ Թեմի  Հոգևոր Առաջնորդը, Վարչութեան ներկայացուցիչները և ֆրանսահայ համայնքը, որ իրենց բուռն ծափահարութիւններով և քաջալերանքներով խրախուսեցին Հ.Մ.Ա.Կ.-ի սկաուտներին:

ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ԽՕՍՔ

Վերջում պարտք ենք համարում մեր խորին շնորհակալութիւնները յայտնել Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական Վարչութեանը, Թեհրանի Հայոց Թեմի Ազգային Առաջնորդարանին և բոլոր նրանց, որ  իրենց աջակցութիւնը մեր կողքին ունենալով, իրականացաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական Միութեան ներկայութիւնը Հ.Մ.Ը.Մ.-Ֆրանսի 24-րդ ընդհանուր բանակումին:

 



 

Home  |   History  |  About Us |   News  |   Culture  |   Member Ship  |  Facilities
Senior Members   |   Scouts  |  Sport   |  Branches  |   Ararat News  |   Photo Gallery

All Right Reserved By Ararat Organization. Design And Developed by Global Micro Center 2006
Site Requrement Macromedia Flash MX Plugin And IE 5+ .