Մարկօ Գրիգորեանի մահւան քառասնօրեակի առիթով՝ յուշերեկոյ

Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից Միութեան նախաձեռնութեամբ սփիւռքահայ մեծանուն նկարիչ Մարկօ Գրիգորեանի մահւան քառասնօրեակի առիթով ուրբաթ, հոկտեմբերի 12-ին Վանաքի Ս. Մինաս եկեղեցում, ս. պատարագից յետոյ, տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն, որից յետոյ «Արարատ» մարզաւանի «Շահբազեան» սրահում կազմակերպւեց յուշերեկոյ:

Ֆիլմի ցուցադրումից յետոյ, որում ներկայացւում էին Մարկօ Գրիգորեանի գործերը, օրւայ խօսքն արտայայտւեց Կարինէ Ղարախանեանը: Ապա բեմ հրաւիրւեց իրանահայ անւանի գեղանկարիչ Սիրաք Մելքոնեանը արտայայտւելու իր մտերիմ ընկերոջ Մ. Գրիգորեանի մասին:

Ծրագրի սկզբում տեղի ունեցաւ ընդունելութիւն:  

Մարկօ Գրիգորեանի կենսագրականը

Ծնողները կարսեցի էին, որոնք Մեծ Եղեռնի արհաւիրքից փրկւած՝ հասել էին հարաւային Ռուսաստանի Կրոպոտկին քաղաքը, որտեղ էլ 1925 թւականին ծնւեց ընտանիքի երրորդ զաւակ՝ Մարկօ Գրիգորեանը:

Գրիգորեան ընտանիքը կրկին բռնեց գաղթի ճամբան եւ հաստատւեց Թաւրիզում, ուր հայրը դերձակութեամբ հոգում էր ընտանիքի կարիքները. Հէնց այդտեղ էլ փոքրիկ Մարկօն կորցրեց իր մօրը: Երեք տարի անց, ընտանիքը տեղափոխւեց Թեհրան, ապա Աբադան յետոյ Նոր Ջուղա, կրկին Թեհրան:

1940 թւականից 15-անեայ Մարկօն իր ուսումը շարունակեց Ամերիկեան կոլէջում: Դպրոցն աւարտելուց յետոյ զբաղւում էր մարզանքով միաժամանակ նկարչութեան դասեր էր պարապում Քամալօլմոլքի հիմնած գեղարւեստի ուսումնարանում: Հէնց այստեղից էլ սկսւեց արւեստագէտի ձեւաւորումը՝ նրա մէջ: Ապա ուսումը շարունկելու համար մեկնեց Իտալիա եւ որպէս գեղանկարիչ՝ վկայագրւեց Հռոմի գեղարւեստական Ֆակուլտետից եւ ուսումը աւարտելուց յետոյ վերադարձաւ Թեհրան եւ հիմնադրեց Իրանի առաջին գալերին՝ «Էսթետիկ» անունով, ուր ինքը դասաւանդում էր նկարչութիւն:

1958 թւականին հիմնադրեց Իրանի առաջին բիենալը եւ նոյն թւականին արժանացաւ Հռոմի երիտասարդների օլիմպիական առաջին մրցանակներին: Ապա 1960 թւականին նա արժանացաւ Նիւ Եօրքի միջազգային «Լէոնարդօ Դաւինչի» ցուցահանդէսի արծաթէ մեդալին:

1964 թւականին Նիւ Եօրքում հիմնեց իր ստուդիօն, ուր եւ իր գործերից ցուցահանդէսներ էր կազմակեպւում:

Ապա Թեհրան համալսարանի կողմից հրաւիրւեց՝ որպէս հիւր դասախօս եւ մաս կազմեց համալսարանի դասախօսական կազմին եւ 1979 թւականին մաս կազմեց Իրանի «Նկարիչների եւ Արձանագործների Ազատ Խումբ»-ի: Իրանի Իսլամական յեղափոխութիւնից յետոյ, Մարկօ Գրիգորեանը մեկնեց ԱՄՆ եւ այլեւս չվերադարձաւ:

Նիւ Եօրքում հիմնադրեց Արշիլ Գորկու անւան ցուցասրահը՝ հռչակելով Արշիլ Գորկու արւեստն ու հայկական ծագումը:

Հայաստանի անկախացումից յետոյ՝ Մարկօ Գրիգորեանը բնակւում էր Գառնիի իր բնակարանում: Նկարիչը Հայաստանին նւիրաբերեց մշակոյթի արժէք ներկայացնող իւ հազւագիւտ հաւաքածոն, որի հիման վրայ՝ Երեւանում բացւեց Միջին Արեւելքի թանգարանը՝ Եղիշէ Չարենցի անւան գրականութեան եւ արւեստի թանգարանի տարածքում:

Մարկօ Գրիգորեանը Իրանի նկարչութեան մէջ հիմքը դրեց մի նոր շարժումի: Նրա աշակերտ եւ այժմ յայտնի նկարիչ՝ Այդին Աղդաշլուն այդ մասին ասում է՝ «Անկարելի է Իրանի արդի արւեստի մասին գրելիս չընդգծել Մարկոյի իւրայատուկ դերը. Իրանի արդի արւեստը խիստ պարտական է նրան»:

Վերադառնալով Հայաստան վերջապէս իր կեանքի վերջալոյսին գտել էր իր անդորրը՝ հայրենի հողում: Սակայն, ճիշտ վերջից առաջ ինչ-որ նենգ ու փոքրոգի աւազակներ գողութեամ միտումով՝ դաժանաբար չարչարեցին 83-ամեայ ծերունի արւեստագէտին: Թւում էր, թէ ապաքինւել էին վէրքերը, սակայն այս անգամ էլ սիտրը չդիմացաւ եւ 2007 թ.-ի օգոստոսի 27-ին բօթը ցնցեց համայն արւեստասէր հասարակութեանը՝ Հայաստանից Իրան ու Ամերիկա:

Յաւերժ փառք՝ նրա վաստակին եւ բիւր յարգանք՝ իր անմոռաց յիշատակին:

 

Home  |   History  |  About Us |   News  |   Culture  |   Member Ship  |  Facilities
Senior Members   |   Scouts  |  Sport   |  Branches  |   Ararat News  |   Photo Gallery

All Right Reserved By Ararat Organization. Design And Developed by Global Micro Center 2006
Site Requrement Macromedia Flash MX Plugin And IE 5+ .