|
Հայ Մշակութային Արարատ Կազմակերպութեան
Սկաուտական Միութեան
Մասնակցութիւնը` Հ.Մ.Ը.Մ.-ի Ֆրանսի
մասնաճիւղի բանակումին
2008
թւականի ապրիլին Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութեան
(Հ.Մ.Ը.Մ.) Կենտրոնական Վարչութեան նամակով տեղեկացանք թէ,
Կազմակերպութեանս Սկաուտական Միութիւնը հրաւիրւել է
մասնակցելու Հ.Մ.Ը.Մ.-ի Ֆրանսի մասնաճիւղի սկաուտական
ընդհանուր բանակումին, որը տեղի է ունենալու 2008 թւականի
յուլիսի 7-ից 15-ը, Փարիզի մօտակայքում գտնւող Ժամպվիլի
սկաուտական բանակավայրում:
Նկատի
առնելով հրաւէրի մանրամասնութիւնները և Կազմակերպութեան
Կենտրոնական Վարչութեան հովանաւորութեամբ՝ Սկաուտական
Միութիւնը անցաւ նախապատրաստական աշխատանքների, որպէսզի
կազմակերպւած մասնակցութիւն ունենայ բանակումին:
Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական Միութիւնը 1980 թւականի օգոստոսին
էր մասնակցել Հ.Մ.Ը.Մ.–ի երկրորդ ընդհանուր բանակումին,
որը տեղի է ունեցել Ֆրանսիա – Փարիզ, Քլամառ (Clamart)
բանակավայրում ու հիմա 28 տարի անց նշւած թւականից, կրկին
անգամ առիթ է եղել ներկայ լինել Հ.Մ.Ը.Մ.– ի Եւրոպայի
մասնաճիւղերից մէկի բանակումին, ուր մէկ անգամ ևս կը
հոլովւի Հ.Մ.Ա.Կ.–ի անունը:
Սոյն
բանակումին, Սկաուտական Միութիւնը մասնակցել է 9 հոգանոց
խմբակով, որոնք յուլիսի 6-ին համախմբւեցին Թեհրանի Ս.
Սարգիս եկեղեցում, ուր ներկայ էին Կենտրոնական Վարչութեան
փոխ նախագահ՝ ընկեր Հրաչ Զարիֆեանը և ընկեր Ժանետ
Թարվերդեանը և Տէր Մաշտոցի օրհնանքի և բարեմաղթանքի
խօսքից յետոյ սկաուտները բարձր տրամադրութեամբ մեկնեցին
օդանաւակայան: |