Արարատը չի մօռանում իր նւիրեալներին

Երեւանում մեծարւեց ճարտարապետ Ռոստոմ Ոսկանեանը

Սոյն թւականի սեպտեմբերի 14-ին Թեհրան համալսարանի շրջանաւարտ ճարտարապետների կենտրոնի համագործակցութեամբ մեծարւեց իրանահայ ճանաչւած եւ վաստակաւոր ճարտարապետ Ռոստոմ Ոսկանեանը:

Սոյն միջոցառմանը մասնակցելու նպատակով ճարտարապետ Առլէն Ստեփանեանի ղեկավարութեամբ Իրանից Հայաստան էին ժամանել նշեալ կենտրոնի պատասխանատուներն ու ճարտարապետ Ոսկանեանի համակուրսեցիներն ու աշակերտները:

Իրանցի ճարտարապետները Հայաստանի ճարտարապետների միութեան դահլիճում ի մի էին եկել Հայաստանի անւանի ճարտարապետների հետ, որպէսզի մեծարեն իրենց գործընկերոջն, որը Ամերիկայի միացեալ նահանգներից այցի էր եկել Հայաստան: 

Այս գողտրիկ եւ իր տեսակի մէջ նախադէպը չունեցող ծրագրի սկզբում ողջոյնի ու բարեմաղթանքների արտայայտութիւններից յետոյ, Իրանական ճարտարապետական կենտրոնի կողմից նոյն կենտրոնի կառոյցի եւ գործունէութեան մասին տեղեկութիւններ փոխանցւեց ներկաներին եւ ապա, անցնելով բուն ծրագրին, ճարտարապետ Ոսկանեանի համալսարանական շրջանում ունեցած ձեռք բերումների եւ նրան յաջորդած աշխատանքների մասին արտայայտւեց ճարտարապետ դոկտ. Թէյմուրին:

Ստեղծւած ջերմ մթնոլորտում արտայայտւեցին նաեւ Հայաստանի վաստակաւոր ճարտարապետներ Վարազդատ Յարութիւնեանն ու Ջիմ Թորոսեանը:

Նշելի է, որ ծրագրի վերջին բաժնում, թէ կազմակերպիչների եւ թէ մանաւանդ ճարտարապետ Ոսկանեանի համար, նախատեսւած էր մի գեղեցիկ անակնկալ եւ դա Հ.Մ.Ա.Կ.-ի կողմից Երեւան առաքւած յուշանւէրներն ու երախտիքի ջերմ գրութիւնն էր՝ ուղղւած ճարտարապետ Ոսկանեանին:

Եղելութիւնն այն էր, որ Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական Վարչութիւնը, տեղեկանալով Թեհրան համալսարանի շրջանաւարտ ճարտարապետների որոշման մասին, ցանկացել էր, որ Արարատ Կազմակերպութիւնը նոյնպէս իր երախտիքն յայտնի Ռոստոմ Ոսկանեանին, նրան՝ ում ստեղծագործ մտքի արգասիքն է Արարատ Մարզաւանը եւ Սուրբ Խաչ Մատուռը:

Այդ գեղեցիկ քայլը եւ մանաւանդ ուղերձում յղւած ջերմ ու հարազատ խօսքերը, իրօք որ, բերկրանք առաջացրին բոլորի եւ մանաւանդ յոբելեարի մօտ, որը հակիրճ բառերով արտայայտեց իր գոհունակութիւնն ու յուզմունքը:

Նղելի է, որ սոյն ծրագիրը վարում էր ճարտարապետ Արմէն Մինասեանը, որը նոյնպէս ամբողջ ծրագրի ընթացքում թարգմանում էր բոլոր ելոյթները:

Աւելացնենք նաեւ, որ նոյն հանդիսութեան ընթացքում ստորագրւեց համագործակցութեան մի յուշագիր Իրանի եւ Հայաստանի ճարտարապետների կենտրոնների միջեւ:

Համար՝ 11-2006-2026

Թւական՝     7.09.2006

ՈՒՂԵՐՁ

Յարգելի Ճարտարապետ՝ Ռոստոմ Ոսկանեան

Սրտի անհուն բերկրանքով տեղեկացանք, որ իրանցի մի շարք ճարտարապետների, համալսարանի դասախօսների ու մտաւորականների նախաձեռնութեամբ՝ Երեւանում պիտի տեղի ունենայ Ձեր մեծարանքի հանդիսութիւնը:

Երախտագիտութեան խոր զգացումներով շնորհաւորում ենք Ձեզ՝ այս առիթով ու Կենտրոնական Վարչութեան ու Կազմակերպութեանս բոլոր անդամների ողջոյնները յղում Ձեզ:

Մեծ է եղել Ձեր դերը Սփիւռքում իրաւացիօրէն եզակի երեւոյթ համարւող, Արարատ Մարզաւանի նախագծման ու կառուցման գործում: Արարատ Մարզաւանը մի բացառիկ երեւոյթ է ամբողջ Սփիւռքում, ուր տարբեր առիթներով համախմբւում ու ի մի են գալիս իրանահայեր՝ ի մասնաւորի պատանի-երիտասարդներ՝ ստանալով հայեցի դաստիարակութիւն: Նոյնպէս բացառիկ կառոյց է համարւում Արարատ Մարզաւանի Ս. Խաչ մատուռի Ձեր ստեղծագործումը, որը Իրանի Իսլամական յեղափոխութիւնից յետոյ եղաւ կարեւոր մի կառոյց ու ամբողջացրեց մեր մարզահամալիրը, որը մինչ այսօր եւս դեռ մեծ հետաքրքրութիւն է առաջացնում, եւ ուսումնասիրութեան արժանանում յատկապէս ճարտարապետ ուսանողների միջոցով:

Արարատ Կազմակերպութիւնը այսօր իր 4 մասնաճիւղերով եւ աւելի քան 1800 անդամներով իրականացնում է մարզամշակութային բովանդակալից ու այլազան իրագործումներ եւ իր դաստիարակչական ծրագիրներով, միութենականների նւիրական զոհաբերութեամբ ու Կազմակերպութեան կողքին կանգնած բարեկամների անսակարկ օժանդակութեամբ կարողացել է արձանագրել շօշափելի վերելք: Չէր լինի այս վերելքը, եթէ պակսէին հնարաւորութիւնները եւ չլինէր Արարատի յարկի տակ ստեղծւած այնքան հարազատ մթնոլորտը, որի գոյացման մէջ անժխտելի ու անվերապահ ներդրում ունեցաք նաեւ Դուք:

Երկար կեանք ու նորանոր ստեղծագործութիւնների անսպառ ուժ ու կորով ենք մաղթում Ձեզ՝ ուր էլ որ լինէք:

 

Յարգանօք՝

Հ.Մ.Ա.Կ.-ի

Կենտրոնական Վարչութիւն

Հախագահ՝

Հենրիկ Խալոյեան

Քարտուղարութեան պատ,՝

Կարինէ Ղարախանեան    



 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Home  |   History  |  About Us |   News  |   Culture  |   Member Ship  |  Facilities
Senior Members   |   Scouts  |  Sport   |  Branches  |   Ararat News  |   Photo Gallery

All Right Reserved By Ararat Organization. Design And Developed by Global Micro Center 2006
Site Requrement Macromedia Flash MX Plugin And IE 5+ .